Հանրության շրջանում ցանկացած տոն առաջացնում է մեծ հետաքրքրություն, շատերն անգամ մեծ սիրով ու պատասխանատվությամբ պատրաստվում են, այդ թվում՝ եկեղեցական տոներին։ Առջեւում Սուրբ Հարության տոնն է, կամ ինչպես ընդունված է անվանել ժողովրդի շրջանում՝ Զատիկը, Հայ առաքելական Սուրբ եկեղեցու ամենագեղեցիկ ու սիրված տոներից մեկը։
«Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է տոնի նշանակությունը, խորհուրդն ու մինչեւ տոնն ընկած ժամանակահատվածի՝ Մեծ պահքի մասին։
Այսպիսով, Սուրբ Հարության տոնը քրիստոնյա աշխարհի մեծագույն իրադարձություններից մեկն է։ Հիսուս Քրիստոսի հարությունը քրիստոնեության հիմքն է եւ երկու հազար տարի Զատիկը տոնվում է որպես ազատագրում մեղքերից, ապաշխարություն եւ վերադարձ առ Աստված: Ինչպես նշեցինք վերեւում՝ տոնն անվանում են նաեւ Զատիկ, ինչը նշանակում է զատվել, ազատվել մեղքերից եւ վերադառնալ Աստծուն։ Տոնը սիրելի է հատկապես փոքրիկների կողմից, քանի որ տոնին հավկիթ են ներկում կարմիր գույնով։ Դեռ հնուց հայերի շրջանում տարածված է հավկիթների հայտնի խաղը, սակայն հավկիթները ներկելն էլ ունի իր իմաստը։ Հավկիթը համարվում է հարության եւ նոր կյանքի սկզբնավորման խորհրդանիշը, իսկ կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար Արյունը, որ թափվեց մեր փրկության համար:
Սուրբ Գրիգոր Տաթեւացին հավկիթը կարմիր ներկելու մասին ասել է. «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետեւ ձուն օրինակ է աշխարհի, եւ, ինչպես իմաստուններն են ասում, «դրսի կեղեւը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Մինչեւ բուն տոնը հավատացյալ քրիստոնյաները 40 օր պահք են պահում, ինչն իրենից ենթադրում է ոչ միայն կենդանական ուտեստներից հրաժարում, այլեւ հրաժարում շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյախոսություններից եւ այլ մեղքերից։ Եթե հրաժարվեք միայն կենդանական ծագում ունեցող ուտեստներ ճաշակելուց, սակայն շարունակեք գործել մեղքեր, ապա կարելի է ասել, որ ամեն բան անօգուտ է։
Հիսուս Քրիստոս «Լեռան Քարոզ»-ում ասել է. «Երբ ծոմ պահեք, տրտմերես մի լինեք կեղծավորների նման, որոնք իրենց երեսներն այլանդակում են, որպեսզի մարդկանց այնպես երեւան, թե ծոմ են պահում, ճշմարիտ եմ ասում ձեզ, այդ իսկ է նրանց վարձը, այսինքն` մարդկանց երեւալը եւ նրանցից գովվելը: Այլ երբ դու ծոմ պահես, օծիր քո գլուխը եւ լվա քո երեսը, որպեսզի չերեւաս մարդկանց ծոմ պահող, այլ քո Հորը, գաղտնաբար, եւ քո հայրը, որ տեսնում է, ինչ որ ծածուկ է, կհատուցի քեզ»։
Պահոց շրջանում կարեւոր է հավատացյալ քրիստոնյաների կանոնավոր մասնակցությունը Սուրբ Պատարագներին, առավոտյան եւ երեկոյան կատարվող ժամերգություններին։
Իսկ ի՞նչ է խորհրդանշում պահոց 40 օրը, ինչո՞ւ հենց 40 օր։
Պահքի 40 օրը խորհրդանշում է անապատում Քրիստոսի քառասնօրյա աղոթքի, ծոմապահության եւ ապաշխարության շրջանը: Եկեղեցին Քրիստոսի օրինակին հետեւելով` հաստատեց քառասնորդական պահքը, որը կոչվում է նաեւ Մեծ Պահք:
Նշենք, որ այս տարի՝ 2025-ին, Մեծ Պահքի շրջանը սկսվել է փետրվարի 28-ից եւ հավատացյալ քրիստոնյաները այդ օրվանից սկսած հրաժարվել են աշխարհիկ հաճույքներից։
Մեծ Պահքին հաջորդելու է մեծագույն եւ սպասված ավետիսը՝ Հիսուս Քրիստոսի Հարությունը։
Հավելենք, որ տոնը շարժական է եւ այս տարի Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, նշվելու է ապրիլի 20-ին։
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
ԵՐԲ ԿՎԱՃԱՌԵՆ iPhone 17-Ը
iPhone ապրանքանիշի շուրջ պտտվող նորությունները շատ կարճ ժամանակում են տարածվում: Սա բոլոր ժամանակների ամենանշանավոր եւ ազդեցիկ տեխնոլոգիական գաջեթներից մեկն է, եւ բոլորն ուզում են իմանալ, թե ինչ է սպասվում հաջորդիվ: Հենց այս հետաքրքրությունը ավելի ակտիվ պահելու նպատակով կազմակերպությունը գաղտնիություն է պահում եւ տեղեկատվության հարցում բավական ժլատ է, սակայն ապահովում է դրանց արտահոսքը:
Հետաքրքրական էր օրինակ այն, որ iPhone 16-ի շուկայում հայտնվելուց առաջ արդեն արտահոսք էր եղել iPhone 17-ի վերաբերյալ: Սակայն, քանի որ Apple-ը պաշտոնապես ոչինչ չի հայտարարել դժվար է գուշակել, թե երբ վաճառքի կհանվի iPhone 17-ը, սակայն կարելի է ենթադրել, որ այն շուկայում կհայտնվի սեպտեմբերի 9-ին. սովորության համաձայն՝ հենց սեպտեմբերի 2-րդ շաբաթվա երեքշաբթի օրն է կազմակերպությունը վաճառքի հանում նոր մոդելները:
ԷՐԻԿԸ ԴԻՄԵԼ Է ԴԱՏԱՐԱՆ
Երգիչ Էրիկ Կարապետյանի «Ոչ ավել, ոչ պակաս» երգը ռուսական ալիքով ներկայացրել են որպես ադրբեջանական երգ: ««Ոչ ավել, ոչ պակաս» երգը տարիներ շարունակ անօրինական կերպով ձեւափոխել, աղավաղել ու կատարել են աշխարհի տարբեր լեզուներով ու երկրներում՝ առանց որեւէ թույլտվության…
Ես լռել եմ: Բայց համբերությանս բաժակը լցվեց, երբ օրեր առաջ ռուսական ՀՏրրՌÿ 1 պետական ալիքով «ԹՏրՍՐպրվՏպ ՔՏց ԸվՊՐպÿ ԾՈսՈւՏՉՈ»-ի եթերում արդեն երկրորդ անգամ, առանց որեւէ թույլտվության, իմ երգը հնչեց աղավաղված տարբերակով՝ այս անգամ ադրբեջանցիների կատարմամբ: Ու ցավալին ու ամոթալին այն է, որ այն ներկայացվեց որպես ադրբեջանական երգ:
Երգը գրել եմ 2018 թվականին՝ Երեւանում: Երաժշտության հեղինակը ես եմ, խոսքերի հեղինակը՝ Գրիգոր Կյոկչյանը:
Հարցին տվել եմ իրավական ընթացք եւ օրենքի սահմաններում պայքարելու եմ մինչեւ վերջ իմ հեղինակային իրավունքների համար: Նշեմ, որ ստեղծագործությունն առանց հեղինակի թույլտվության օգտագործելը, փոփոխելը հեղինակային իրավունքի խախտում է եւ ստեղծագործության աղավաղում։ Ցավ եմ ապրում, որ մեր հայրենակիցների ստվար զանգված լսում է հենց այդ տարբերակները: Բայց նաեւ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն հայրենակիցներին, ովքեր տեսնելով այս ամենը՝ արձագանքում են եւ իրենց աջակցությունն են հայտնում ինձ»,- սոցիալական ցանց իր էջում գրել է երգիչը:























