Armenian text to speach

ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻՆ ՏՐՎՈՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՍԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը մասնակցում է «Հայ Հեղափոխական Դաշնակցության» 35-րդ գլխավոր ժողովին, որի ժամանակ ArmLur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ալեն Սիմոնյանի՝ արցախցիների մասին հայտարարություններին։

 

-Պարո՛ն Ստեփանյան, այս օրերին պարբերաբար տեղեկություններ եւ ահազանգեր են հնչում, որ արցախցիներին տրամադրվող աջակցությունն այլեւս չի գործում, որոշ ծրագրեր ավարտվել են։ Սրա վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ ունեք։

-Ունեմ այն տեղեկությունը, որը պաշտոնապես կոմունիկացվել է: Այսինքն՝ սկսած ապրիլ ամսվանից կեցության ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը միայն տրամադրվելու է անչափահասներին, տարեցներից՝ 63 եւ ավելի տարիք ունեցողներին եւ 1-ին ու 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող անձանց։ Սրա վերաբերյալ մենք բազմիցս մեր դիրքորոշումը արտահայտել ենք եւ բավականին հիմնավորված. այդ հիմնավորումը  հետեւյալն է, որ եթե փախստականների ինտեգրման մյուս բաղադրիչները՝ բնակարանային, զբաղվածության կամ այլ, եթե հավուր պատշաճի կարգավորված չեն, ապա ֆինանսասկան աջակցության դադարեցումը բերելու է սոցիալ-կենցաղային շատ ավելի ծանր պայմանների, եւ  հենց դրանով է պայմանավորված, որ արցախցիները այս հարցի կապակցությամբ բողոքի ձայն են բարձրացնում։ Պահանջը շատ տրամաբանական է. մինչեւ դրանով չապահովեք՝ չդադարեցնեք ֆինանսական աջակցությունը։ 20,000-ից ավելի արցախցի զբաղված է, այսինքն՝ գրանցված աշխատանք ունի, որոնցից մինչեւ 200,000 դր. աշխատավարձ ստացողների թիվը մեծամասնություն է։ Սա նշանակում է, որ անգամ աշխատավարձ ստանալով հանդերձ՝ մարդիկ չեն կարողանում բնակվարձի հարց լուծել։ Հետեւաբար, անհրաժեշտ է պետության աջակցությունը։

-Իսկ, ըստ Ձեզ, այս ծրագրերի կասեցումը, դադարեցումը, ինչ-որ հատուկ միտո՞ւմ ունի։

-Ես  այդ առումով ուղիղ հարց եմ տվել պատասխանատուներին, թե ինչն է պատճառը, ֆինանսակա՞ն խնդիրները, թե՞ այլ հարցեր կան։ Շատ լղոզված պատասխան եմ ստացել, թե դադարեցնում են, որ մարդիկ օգտվեն բնակարանային ապահովման աջակցության պետական ծագրից։ Բայց չի կարելի մարդուն ստիպելով տանել այդ դաշտ, հատկապես, երբ խոսքը խոցելի խմբի մասին է. հակառակը, պետք է խթանիչ գործողություններ կիրառել, որպեսզի ժողովուրդը կարողանա օգտվել այդ ծրագրից։ Ասվում է՝ այդպես են անում, որ մարդիկ սկսեն աշխատել, բայց ես նորից եմ կրկնում՝ այնպես չէ, թե մարդիկ չեն աշխատում: Ո՛չ, նրանք աշխատում են, բայց ստացած գումարը բավարար չէ ե՛ւ կենսաապահովման միջոցներ ձեռք բերելու՝ սնունդ եւ այլ, ե՛ւ բնակարանային հարցին լուծում տալու համար։ Կա որոշակի ինֆորմացիա, որ անգամ «40+10» աջակցությունը դադարեցնելուց հետո քննարկվում է, որ սոցիալապես անապահով, տեղահանված ընտանիքներին բնակվարձի փոխհատուցման ինչ-որ ծրագրեր կարող են գործարկվել։ Իհարկե, սա շատ նախնական փուլում է, չեմ կարող ասել, թե դա ինչ է ենթադրում, բայց լսել եմ նմանատիպ խոսակցություններ:

-Պարո՛ն Ստեփանյան, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասում է՝ իրենց բնակարանները լքելու փոխարեն՝ արցախցիները պետք է մնային եւ մինչեւ վերջ կռվեին։ Ապա խմբագրեց, որ ընդհանրական է սա ասել, ու, կարծեք, Նիկոլ Փաշինյանն էլ կիսում էր ԱԺ նախագահի տեսակետը։

-Ես նշել եմ, որ կարելի է բերել բազմաթիվ դրվագներ, բայց դրանք իրապես անիմաստ են, որովհետեւ այդ հայտարարությունները ցինիզմի եւ անբարոյականության գագաթնակետն են։ Ինչ վերաբերում է խմբագրումներին, ապա անկեղծորեն ասեմ, որ դրանք լեզվական աճպարարություններ են,  եւ սա առաջին դեպքը չէ, երբ ասում են մի բան, հետո սկսում արդարանալ, խմբագրել, եւ ասվածի ուղղությունը փոխել։ Խոսքը խոր արմատներ ունեցող ատելության մասին է, որը նաեւ արտահայտվում էր Ալեն Սիմոնյանի միմիկաներում, երբ ինքը պատասխանում էր արցախցի լրագրողի հարցին։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՈՐՔԱՆՈՎ ՀԵՏԵՎԵՑԻՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀԱՆՋԻՆ

Կառավարության առաջարկությամբ ընդունված որոշումով Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 15-ից մինչեւ մարտի 31-ը ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելը արգելվում է:

 

Սա արվում է, քանի որ ըստ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի պարզաբանման՝ «երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված՝ գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծա մասամբ հետեւանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթեւեկելու»։

Հիշեցնենք, որ այս կարգավորումը ուժի մեջ է մտել 2024 թվականի դեկտեմբերի 10-ից: Թե որքանով են վարորդները հետեւում այս որոշմանը, եւ թե որքանով են ճանապարհատրանսպորտային ոստիկանության եւ պարեկային ծառայության համապատասխան մարմինները վերահսկում իրավիճակը, ավելի արդիական դարձավ վերջին շրջանի ձյունառատ եղանակով պայմանավորված: Armlur.am-ը փորձեց պարզել, թե վերջին շրջանում քանի վարորդների կողմից է խախտվել ոչ ձմեռային անվադողերով երթեւեկելու պահանջը:  ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Գրիգորյանը Armlur.am-ի հարցին ի  պատասխան նշել է, որ «2025 թվականի փետրվարի 1-ից մինչեւ փետրվարի 17-ը տրանսպորտային միջոցները չտեղադրված ձմեռային դողերով վարելու կանոնները խախտելու համար կազմվել են թվով 43 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ եւ կայացվել են համապատասխան որոշումներ»:

ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ




Լրահոս