
ArmLur.am-ը երեկ զրուցել է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ։ Հետաքրքրվեցինք, արդյոք տեսե՞լ է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի լուսանկարները։ Ի՞նչ քայլեր է ձեռնարկել Մարդու իրավունքների պաշտպանը Վարդանյանի խոշտանգման եւ կապտուկներով լուսանկարների ի հայտ գալուց հետո։ Նկատենք, որ Ռուբեն Վարդանյանը Բաքվում ընթացող դատավարություններին զուգահեռ խոշտանգվել եւ բռնության է ենթարկվել։ Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը պատասխանեց. «Հարցի հետ կապված մեկնաբանություններ տալ չեմ կարող։ Ձեր կարծիքով Ձեր սիրտն ավելի է ցավում, քան Կառավարության կազմում գտնվող անձա՞նց»։
ArmLur.am-ը նկատել էր, որ շինծու դատավարությանը զուգահեռ Ռուբեն Վարդանյանն ակնհայտ ծեծի է ենթարկվել։ Դատավարությունից հրապարակված լուսանկարներից ակնհայտ երեւում են Վարդանյանի մարմնի տարբեր մասերի կապտուկները։ Սրա մասին գեթ մեկ պաշտոնյա չի խոսել եւ գերիների խոսշանգման հարց չի բարձրացրել։
Ռուբեն Վարդանյանի որդին նախօրեին հանդես եկավ ուղերձով եւ կոչ արեց պայքարել Բաքվում տեղի ունեցող ցուցադրական դատավարությունների դեմ՝ ընդդեմ իր հոր եւ մնացած հայրենակիցների, ովքեր ամեն ինչ տվել են Արցախի ազատության համար։
Ավելի ուշ հարցին արձագաքեց ՀՀ ՄԻՊ-ը. «Ոլորտում մանդատ ունեցող բոլոր դերակատարները պետք է շուտափույթ եւ պատշաճ քայլեր ձեռնարկեն խնդրի հասցեավորման ուղղությամբ»։ Հայտնեցի Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից՝ անդրադառնալով Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացներին, մասնավորապես՝ Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացմանն ու խոշտանգմանը: «Սոցիալական մեդիայի մշտադիտարկումների արդյունքում մտահոգիչ տեղեկություններ են ստացվել Ռուբեն Վարդանյանի առողջական վիճակի վատթարացման եւ խոշտանգման մասին: Մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս է խոսել Ադրբեջանում ազատությունից ապօրինի զրկված հայերի նկատմամբ իրականացվող գործընթացների ոչ թե պարզապես խնդրահարույց լինելու, այլ մարդու իրավունքների համընդհանուր սկզբունքների ու արժեքների, միջազգային իրավական չափանիշների կոպտագույն խախտումներով իրականացվելու մասին: Իրավիճակի հետ կապված՝ Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ աշխատակազմում իրականացվել են եւ շարունակվում են իրականացվել համապատասխան քայլեր ՄԻՊ լիազորությունների շրջանակներում»,- հայտնեցին ՄԻՊ-ի գրասենյակից։
Ավելացնենք, որ համացանցում արշավ է սկսվել Ռուբեն Վարդանյանի տարածված լուսանկարների եւ որդու կոչից հետո։
Երեկ՝ ժամը 12:00-ին, բոլոր սրտացավ քաղաքացիները հավաքվել էին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության դիմաց՝ Հայաստանի արտաքին քաղաքականության պատասխանատու կառույցից պահանջելու հանդես գալ հրատապ հայտարարությամբ եւ Հայաստան հրավիրել հավատարմագրված դիվանագետների հավաք։ Հայաստանի Կառավարության եւ միջազգային հանրության լռությունն ուղղակի աջակցություն է Ադրբեջանի վայրագություններին։
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԾԱՅՐԱՀԵՂ ԾԱՆՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Օրեր առաջ արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնում տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի բնակիչ 2,5-ամյա Վ. Կ.-ն գտնվում է ծայրահեղ անխնամ վիճակում, տնային պայմանները խիստ անբավարար են, ինչը կարող է վտանգ սպառնալ երեխայի կյանքի եւ առողջության համար:
Արդեն փետրվարի 21-ին համայնքային ոստիկան Եղինյանը, սոցաշխատակից Ալվարդ Դավոյանի, տեղամասի մանկաբույժ Հասմիկ Մուրադյանի հետ կատարված համատեղ տնայցի ժամանակ պարզել են, որ անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ բոլոր նվազագույն պայմանները, տունը ընդհանրապես ջեռուցված չի եղել: Մանկաբույժը երեխաների ծնողներին, Լոռու մարզի բնակիչներ 33-ամյա Անի Կ.-ին եւ ամուսնուն՝ 59-ամյա Վաչագան Զ-ին տեղեկացրել է, որ երեխային անհրաժեշտ է բուժհետազոտություն եւ բուժում, սակայն նրանք հրաժարվել են երեխային բուժզննման նպատակով հիվանդանոց տանելուց, որից հետո մանկաբույժի ուղեկցությամբ երեխան առանց ծնողների շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Ստեփանավան» բժշկական կենտրոն, որտեղ անչափահաս երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների եւ զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»: Դեպքի փաստով ոստիկանության Ստեփանավանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին:
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 247-րդ հոդվածի առաջին մասի (Երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որը հանգեցրել է երեխայի առողջության վատթարացման) հատկանիշներով, որով կա մեկ տուժող, այս պահին կատարվում է նախաքննություն։
ՀԻՎԱՆԴԱՆՈՑՈՒՄ ՄԱՀԱՑԵԼ Է
«Առողջություն եւ իրավունք» ՀԿ համահիմնադիր, իրավապաշտպան Անուշ Պողոսյանը սոցցանցի իր էջում գրել է. «Հերթական մահվան դեպքը պլաստիկ վիրահատության հետեւանքով։ Ըստ հավաստի աղբյուրների՝ սույն տարվա փետրվարին «Ուիգմոր» բժշկական կենտրոնում արձանագրվել է պլաստիկ վիրահատության հետեւանքով ողբերգական մահվան դեպք: Մ.Մ.-ն ընդունվել է «Ուիգմոր» փետրվարի 18-ին՝ ակնկալիքներով, որ պլաստիկ վիրահատություններից հետո դուրս է գրվելու ավելի գեղեցիկ եւ կատարյալ ֆիզիկական վիճակում: Հավելենք, որ տիկինը քրոնիկական հիվանդություններով չի տառապել, առողջության հետ կապված խնդիրներ, բողոքներ չի ունեցել: Մ.Մ.-ին «Ուիգմորում» կատարել են սիմուլտան (համակցված) վիրահատություններ՝ որովայնի պլաստիկա եւ զուգահեռ եւս մեկ այլ տեղակայման պլաստիկ վիրահատական միջամտություն: Հիվանդի վիճակը հետվիրահատական 2-րդ օրը կտրուկ վատացել է, նրան տեղափոխել են վերակենդանացման բաժանմունք, որտեղ հիվանդի վիճակը էլ ավելի է վատացել, գնահատվել է ծայրահեղ ծանր, հաջորդիվ՝ փետրվարի 21-ին, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ նույն օրը երեկոյան՝ ժամը 23:30-ի սահմաններում, Մ.Մ.-ի մոտ արձանագրվել է կենսաբանական մահ: Այսպիսով, հերթական անգամ հայաստանյան առողջապահությունում կինը գեղեցիկ եւ ֆիզիկապես կատարյալ լինելու նպատակով դիմում է բժշկական կենտրոն եւ այլեւս տուն չի վերադառնում: Արձանագրվում է մահ», – ամփոփել է իրավապաշտպանը: