
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուրբաթ օրը Սպիտակ տանը Թրամփի հետ վիճաբանությունից հետո ելույթ է ունեցել ամերիկյան հեռուստատեսությամբ՝ փորձելով մեղմել առճակատման հետեւանքով առաջացած քաղաքական վնասը։
«Ես շատ շնորհակալ եմ Ամերիկայի ժողովրդին ձեր աջակցության համար»,- ասել է նա Fox News-ի հարցազրույցում։ «Դուք մեզ շատ օգնեցիք հենց սկզբից… դուք օգնեցիք մեզ գոյատեւել»:
Նա նաեւ խոստովանել է, որ Թրամփի հետ հանրային վեճը «լավ չէր», բայց թվում էր, թե վստահ է, որ իր հարաբերությունները ԱՄՆ նախագահի հետ կարող են վերականգնվել։
«Ես ուղղակի ուզում եմ լինել ազնիվ, եւ ես պարզապես ցանկանում եմ, որ մեր գործընկերները կարգավորեն իրավիճակը, եւ ես ուզում եմ այն ճիշտ կարգավորել: Մեզ համար սա է գլխավորը՝ չկորցնել մեր բարեկամությունը»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ երեկ բանակցությունների ընթացքում ԱՄՆ եւ Ուկրաինայի նախագահները սկսել են բարձրաձայն խոսել։ Թրամփը Զելենսկուն մեղադրել է երախտամոռության մեջ։ Վեճին միացել է նաեւ ԱՄՆ փոխնախագահը։
Ավելի ուշ Թրամփը հայտնել է, որ Զելենսկին պատրաստ չէ խաղաղության։
Որոշ ժամանակ անց Թրամփ-Զելենսկի մամուլի ասուլիսը չեղարկվել է, իսկ հանքանյութերի գործարքը՝ հետաձգվել։
Ավելի ուշ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հարցազրույց է տվել CNN-ին, որի ժամանակ հայտնել է, որ Ուկրաինայի նախագահը պետք է ներողություն խնդրի ԱՄՆ նախագահից։ Միաժամանակ, Ուկրաինայի նախագահը Fox News-ի հարցազրույցում ասել է, որ հարկ չի համարում ներողություն խնդրել Դոնալդ Թրամփից։