Կառավարության առաջարկությամբ ընդունված որոշումով Հայաստանի Հանրապետությունում նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը արգելվում է: Սա արվում է, քանի որ, ըստ ՏԿԵՆ նախարար Դավիթ Խուդաթյանի պարզաբանմամբ, «երկրում ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնք մեծամասամբ հետևանք են վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելու»։
Հիշեցնենք, որ այս կարգավորումը ուժի մեջ է մտել 2024թ դեկտեմբերի 10-ից:
Թե որքանով են վարորդները հետևում այս որոշմանը, և թե որքանով են ճանապարհատրանսպորտային ոստիկանության և պարեկային ծառայության համապատասխան մարմինները վերահսկում իրավիճակին, ավելի արդիական դարձավ վերջին շրջանի ձյունառատ եղանակով պայմանավորված:
ArmLur.am-ը փորձեց պարզել, թե վերջին շրջանում քանի վարորդների կողմից է խախտվել ոչ ձմեռային անվադողերով երթևեկելու պահանջը:
ՆԳ նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Գրիգորյանը ArmLur.am-ի հարցին ի պատասխան նշել է.
«2025թ-ի փետրվարի 1-ից մինչև փետրվարի 17-ը տրանսպորտային միջոցները չտեղադրված ձմեռային անվադողերով վարելու կանոնները խախտելու համար կազմվել են թվով 43 վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ և կայացվել են համապատասխան որոշումներ»:
Արմեն Խեչումյան
























