Armenian text to speach

Կրեմլում մեկնաբանել են Զելենսկիի, Թրամփի և Վենսի միջև վիճաբանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեղյակ է այն մասին, թե ինչ է տեղի ունեցել փետրվարի 28-ին Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հանդիպման ժամանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։

«Այո, իհարկե, նախագահը ծանոթ է տեղի ունեցածի էությանը, մանավանդ, որ դա հասանելի էր ողջ համաշխարհային հանրությանը՝ իր նրբերանգներով, ուստի, իհարկե, նախագահը գիտի բոլոր նրբերանգները», – մեջբերում է նրա խոսքերն «Ինտերֆաքս»-ը։

Պուտինի արձագանքի մասին հարցին Պեսկովը պատասխանել է, որ ՌԴ նախագահը «նկատի է առել տեղի ունեցածը»։

Ըստ Պեսկովի՝ այդ վիճաբանությունը ցույց է տալիս, որ ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հասնել դժվար կլինի։

«Այն, ինչ տեղի ունեցավ ուրբաթ օրը Սպիտակ տանը, անշուշտ, ցույց տվեց, թե որքան դժվար կլինի հասնել Ուկրաինայի շուրջ կարգավորման: Կիևի վարչակարգը և Զելենսկին խաղաղություն չեն ուզում, նրանք պատերազմի շարունակություն են ուզում», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

«Սա, կարելի է ասել, բավականին աննախադեպ իրադարձություն է։ Եվ իհարկե, Զելենսկին շատ հարցերում ցույց տվեց, հավանաբար, դիվանագիտական հմտությունների լիակատար բացակայություն», – հավելել է Կրեմլի ներկայացուցիչը։

Պեսկովը նաև նշել է, որ հավաքական Արևմուտքը սկսել է «կորցնել իր հավաքականությունը», սկսվել է մասնատման գործընթաց։

«Այժմ անհրաժեշտ կլինի ցանկացած կառուցողական աջակցություն այս գործընթացին, ցանկացած կառուցողական նախաձեռնություն։ Ակնհայտ է, որ ինչ-որ մեկը պետք է մեծ ջանքեր գործադրի Վաշինգտոնի հետ երկխոսության առումով, որպեսզի ինչ-որ կերպ չեզոքացնի այն տհաճ նստվածքը, որը, հավանաբար, մնացել է Սպիտակ տանը Զելենսկիի հետ շփվելուց հետո», – հավելել է Պեսկովը։

Նա նշել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը շարունակում են բանակցությունները երկկողմ հարաբերությունների կարգավորման շուրջ, և դրա հետ մեկտեղ Ռուսաստանը շարունակում է ռազմական գործողություններն Ուկրաինայում, որպեսզի «հասնի բոլոր նպատակներին, որոնք դրված են եղել հենց սկզբից»։




Լրահոս