Հայաստանը մասամբ ազատ երկիր է. «Ֆրիդոմ հաուս»-ի 2025 թվականի զեկույց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ: Այն գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների վիճակը:

Այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ 60 երկրում քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների առումով անկում է գրանցվել, իսկ բարելավումներ արձանագրվել են միայն 34 երկրներում։

Իրավապաշտպան կազմակերպոթյան տարեկան զեկույցի համաձայն՝ համաշխարհային ազատությունը 19-րդ տարին անընդմեջ անկում է ապրում, իսկ այնտեղ, որտեղ արձանագրվել է ժողովրդավարության հետընթաց, իրավունքների և ազատությունների դեգրադացման հիմնական գործոններն են բռնությունը և քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներն ընտրությունների ժամանակ, շարունակվող զինված հակամարտություններն ու ավտորիտար գործելակերպի տարածումը:

«Ադրբեջանից և Ալժիրից մինչև Ռուսաստան ու Ռուանդա ավտորիտար իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալում, բանտարկում կամ հեղինակազրկում են՝ [իրենց] պարտության նույնիսկ նվազագույն հավանականությունը բացառելու համար»,- գրել է Freedom House-ը:

Ոչ ազատ համարվող 67 երկրներից և տարածքներից 17-ն ունեն քաղաքական իրավունքների և քաղաքացիական ազատությունների ամենավատ միավորները: Դրանց թվում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Սիրիան, Թուրքմենստանը և այլ երկրներ, ինչպես նաև տարածքներ, ներառյալ Արևմտյան Սահարան, Գազայի հատվածը, Տիբեթը և Ռուսաստանի օկուպացիայի ներքո գտնվող Ուկրաինայի տարածքները:

Freedom House-ի համաձայն՝ նախորդ 19 տարիների ընթացքում միավորների ամենամեծ անկումը գրանցվել է Սալվադորում, Սերբիայում և Վենեսուելայում, որտեղ ղեկավարների կողմից ժողովրդավարական ինստիտուտների վերացումը արմատավորել է ավտորիտար կառավարման ձև:

2005 թվականից ի վեր մեծ անկումներ ունեցած այլ երկրներից են Կենտրոնաաֆրիկյան Հանրապետությունը, Հայիթին և Մալին, «որտեղ բռնությունն ու անապահովությունը երկար ժամանակ խոչընդոտել են մարդկանց՝ խաղաղ ապրելուն և իրենց հիմնարար իրավունքներին տեր կամնգնելուն»:

Միջազգային կազմակերպության պնդմամբ՝ չնայած ազատության շարունակական գլոբալ անկմանը, մի շարք երկրներում արձանագրվել են դրական փոփոխություններ և բարեփոխումներ իրականացնելու միտում՝ ժողովրդավարության ու ազատության զարգացման նպատակով:

Որպես «լուսավոր կետեր» Freedom House-ն առանձնացրել է քաղաքական փոփոխությնները Բանգլադեշում, որոնք երևան եկան, սակայն, ոչ թե ընտրությունների, այլ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում, Շրի Լանկայում՝ նորընտիր նախագահ Անուրա Կումարա Դիսանայակենի նախաձեռնած բարեփոխումները, սահմանադրական փոփոխություները Սենեգալում և Բոտսվանայում:

Ըստ զեկույցի՝ «միայն կայուն և համակարգված գործողությունները կարող են հակադարձել գլոբալ ազատության գրեթե երկու տասնամյակ տևող անկումը ու ապահովել, որ ավելի շատ երկրներ վայելեն անվտանգություն, բարգավաճում և ժողովրդավարական կառավարման առավելությունները»:

Ընտրություններ` Միացյալ Նահանգներում

Զեկույցում առանձին անդրադարձ կա նաև Միացյալ Նահանգներին, մասնավորապես անցած տարի ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրապայքարին: Ըստ Freedom House-ի՝ ընտրություններն ազատ և արդար էին, իսկ արդյունքները՝ վստահելի ու բարելավված՝ հաշվի առնելով նախորդ ընտրությունների շուրջ արձանագրված զարգացումները:

Դրա հետ մեկտեղ, Հանրապետական կուսակցության թեկնածու և քվեարկության արդյունքում հաղթող, ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի դեմ երկու մահափորձերը, որի ժամանակ եղան նաև զոհեր հանրահավաքի մասնակիցների շրջանում, մթագնեցին ամերիկյան արդար նախընտրական քարոզարշավը: Բացի այդ, նախընտրական քարոզարշավը Միացյալ Նահանգներում արատավորվեց երկու խոշոր կուսակցությունների թեկնածուների, ինչպես նաև որոշ ընտրողների դեմ ուղղված սպառնալիքներով:

Freedom House-ը կարևորում է զարգացումները Միացյալ Նահանգներում, քանի որ, ըստ զեկույցի, ինչպես դեմոկրատ, այնպես էլ ավտորիտար երկրները «նայում են Միացյալ Նահանգներին, որպեսզի արդարացնեն իրենց սեփական գործողությունները: Հաջորդ չորս տարիների ընթացքում նախագահ Թրամփի որդեգրած քաղաքականությունը կունենա գլոբալ արձագանք», նշված է Freedom House-ի զեկույցում:

Հայաստանի ընդհանուր միավորների քանակը չի փոխվել

Ըստ Freedom House-ի՝ տարածաշրջանում մինայն Հայաստանն ու Վրաստանն են դասվում մասամբ ազատ երկրների շարքին։ Թուրքիան, Ռուսասատնը, Ադրբեջանն ու Իրանը ընդգրկված են «ոչ ազատ» երկրների խմբում:

Հայաստանի պարագայում ընդհանուր միավորների հանրագումարը՝ նախորդ տարվա համեմատ չի փոխվել՝ 54: Վրաստանի պարագայում՝ երկիրը երեք կետով վատացրել է իր դիրքերը և այժմ ունի 55 միավոր՝ նախորդ տարվա զեկույցում արձանագրված 58-ի փոխարեն։ Հայաստանի ու հարևան երկրների շարքում Վրաստանը միակ պետությունն է, որի միավորները պակասել են՝ նախորդ տարվա համեմատ։ Թուրքիան ունի 33 միավոր, Ռուսաստանը` 12, Իրանը՝ 11, իսկ Ադրբեջանը՝ 7։ Բացի Ռոսաստանից, որի գնահատականը իջել է մեկ միավորով նախորդ զեկույցի համեմատ, մնացած երեք երկրների՝ Թուրքիայի, Իրանի ու Ադրբեջանի միավորներն անփոփոխ են մնացել։

Հետխորհրդային երկրներից, բացառությամբ «ազատ» գնահատական վայելող մերձբալթյան երեք հանրապետությունների, «մասամբ ազատ» երկրներից են նաև Ուկրաինան ու Մոլդովան: Մնացած հետխորհրդային երկրները «ոչ ազատ» են:

Կազմակերպությունը տեղեկացրել է, որ երկրներին վերաբերող առանձին զեկույցները կհրապարակվեն առաջիկայում:




Լրահոս