
Թշնամական ուժերը չպետք է փորձեն Հյուսիսային Կորեայի պատրաստվածությունը՝ պաշտպանելու իր ինքնիշխանությունը եւ անվտանգության շահերը: Այս մասին հայտնել է Կորեայի Աշխատավորական կուսակցության կենտրոնական կոմիտեի վարչության ղեկավարի տեղակալ Կիմ Յո Չժոնը, որը երկրի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրն է։
«Թշնամիները չպետք է փորձեն մեր կամքն ու կարողությունը՝ պաշտպանելու պետության ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը՝ օգտագործելով իրենց միջոցների ողջ զինանոցը։ Սա շատ վտանգավոր հարց է»,- նրա խոսքերը մեջբերել է Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը: Մեկնաբանության պատճառ է դարձել մարտի 2-ին Carl Vinson ամերիկյան ատոմային ավիակրի հայտնվելը հարավկորեական Փուսան քաղաքի նավահանգստում։
Կիմ Յո Չժոնը նաեւ ասել է, որ ԱՄՆ ներկա վարչակազմը շարունակում է նախորդների «թշնամական քաղաքականությունը»։ «Եթե Միացյալ Նահանգները շարունակի թարմացնել ռազմական ուժերի ցուցադրման ռեկորդը, ապա մենք ստիպված կլինենք գերազանցել ռազմավարական զսպման ուժերի կիրառման ռեկորդը»,- ընդգծել է Հյուսիսային Կորեայի ղեկավարի քույրը: Նրա խոսքով՝ Կորեական թերակղզում ամերիկյան ռազմավարական միջոցների հայտնվելը «վատ սովորություն» է դառնում։ «Մենք նախատեսում ենք լրջորեն քննարկել ռազմավարական մակարդակի գործողությունների ակտիվացման տարբերակները, որոնք կսպառնային թշնամու անվտանգությանը»,- ասել է Կիմ Յո Չժոնը։
Ինչպես տեղեկացրել է գործակալությունը, նա կրկնել է, որ Կորեական թերակղզում իրավիճակի սրման պատճառ են դարձել «ԱՄՆ եւ նրա արբանյակների մեքենայությունները»։ Փհենյանում դատապարտում են «ԱՄՆ եւ նրա արբանյակների ցուցադրական պահվածքը, որը սպառնում է խաղաղությանը տարածաշրջանում», նշվել է հաղորդագրությունում։