Ինչպե՞ս է «Մարտունի» ԲԿ-ի տնօրենի ԺՊ-ն ոչ ճշգրիտ փաստաթղթերով կրկին վերընտրվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջապահության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը սոցցանցի իր էջում հրապարակում էր կատարել Մարտունու ԲԿ-ի վերաբերյալ։

Իր հրապարակման մեջ Պողոսյանը նշել է, որ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով ազատվել էր տնօրենի պաշտոնից, 1-2 ժամ անց նշանակվել է Մարտունու ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

«Եվ ահա այսօր՝ 1 տավա մեջ 4-րդ անգամ, կայացավ Մարտունու ԲԿ-ի մրցույթը՝ առանց հաղթողի։

Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3  տարվա մասնագիտական ստաժ։ Սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար», – սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մարտունու ԲԿ-ի մրցույթին հետաքրքրության պակաս չի եղել։ Երբ ուսումնասիրվել են Անդրանիկ Հարությունյանի թղթերը, պարզվել է, որ վերջինիս աշխատանքային գրքույկում եղել է ռուսերեն գրառում աշխատանքային փորձի եւ տեղեկանքի մասին, եւ հետաքրքիրն այն է, որ ոչ մեկի ամսաթվերը իրար չեն համապատասխանել։

Ավելին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում էր արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը Անդրանիկ Հարությունյանի աշխատանքային փորձի վերաբերյալ, եւ ուշագրավն այն է, որ ստացված պատասխանը բացասական է եղել, ինչն էլ նշանակում է, որ վերջինիս փորձը չի համապատասխանում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մարզպետարանը կողմ է քվեարկել եւ նշել, որ առկա փաստաթղթերը ճշգրիտ փաստաթղթեր են, մինչդեռ առողջապահության նախարարությունը նշել է, որ դրանք համապատասխան փաստաթղթեր չեն։

Մարտունու ԲԿ-ի ժ/պ հանդիսացող Անդրանիկ Հարությունյանը մրցույթը չի հաղթահարել, քանի որ մասնագիտական առումով, բնականաբար, չուներ այն հմտությունները, որոնք պետք էին, սակայն ամբողջ հարցն այն է, որ մարզպետարանն ընդունել էր այդ փաստաթղթերը եւ ոչ մի լիազորված գործիքով չէր ստուգել այդ փաստաթղթերի հավաստիությունը եւ, ենթադրաբար, չէր էլ ցանկացել ստուգել։

Նախարարության բոլոր փաստարկներին եւ սոցապ նախարարության հարցմանը նրանք դեմ են գնացել՝ պնդելով, որ այդ փաստաթղթերը իրավաչափ են, եւ պետք է Անդրանիկ Հարությունյանը մասնակցի մրցույթին։

Աննա Սրապիոնյան




Լրահոս