
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ՀՀ Ազգային ժողովում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանից հետաքրքրվեց, թե ինչ է անում ՀՀ Կառավարությունը հայ ռազմագերիների եւ պատանդ պահվող քաղաքացիական այլ անձանց խոշտանգման մասով` հիշատակելով, որ Ռուբեն Վարդանյանի դեմքին կապտուկներ կան, Բակո Սահակյանի ատամնաշարի առջեւի մասը չկա: Այսինքն՝ հայ գերիները Բաքվի բանտերում խոշտանգվում են:
ՀՀ Կառավարության միջազգային հարցերով ներկայացուցիչը ԱԺ ամբիոնից հայտարարեց, թե «Ունենք առանձին ամբողջական գանգատը, որի գրավոր փուլը ավարտվել է նախորդ տարվա ավարտին` դեկտեմբերին: Ունենք կիրառված միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ, որի շրջանակներում պարբերաբար ստանում ենք տեղեկություն պահվող անձանց վիճակի մասին, նրանց առողջականի, պահման պայմանների մասին: Վերջին տվյալները ստացել ենք փետրվարի սկզբին: Դրանից հետո, բնականաբար, մենք հետեւում ենք մամուլում շրջանառվող որոշ տեսանյութերի, նկարների, ինչը Դուք նշեցիք. դրանք ուշադրությամբ ուսումնասիրվում են, ուշադրության կենտրոնում են: Եվ դրանք էլ ներկայացնում ենք Եվրադատարանի ուշադրությանը` պահանջելով, որ պարտավորեցնի, լրացուցիչ տեղեկություններ տրամադրի ոչ միայն Ռուբեն Վարդանյանի, ԼՂ նախկին ղեկավարության, այլեւ Բաքվում պահվող բոլոր անձանց մասին: Մենք էլ ունենք որոշակի անհանգստություններ` պահվող այլ անձանց իրավունքների հետ կապված, եւ այդ մասով աշխատանքները շարունակվում են»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: