Ահազանգ․ Արցախցիներին տրամադրվող աջակցությունը կրճատելուց հետո ընտանիքը հայտնվել է անելանելի վիճակում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի խմբագրություն էր դիմել 2023թ Արցախից բռնի տեղահանված, ներկայումս Գորիսում հաստատված Ժորա Հայրապետյանը: Նա ներկայումս սովորում է Գորիսի Պետական Համալսարանում: Ստեփանակերտում աշխատել է փաստաբանական գրասենյակում՝ որպես գործավար, փաստաբանի օգնական: Ներկայումս չի աշխատում, ասում է՝ Գորիսում բարդ է աշխատանք գտնելը:

Ընտանիքում երեք հոգի են՝ ինքը, մայրը և թոշակառու տատիկը: Ընտանիքում այս պահին միակ եկամուտը իր տատիկի ստացած թոշակն է, և կառավարության կողմից տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունը, որն ապրիլին կնվազի, իսկ մյուս տարի հունվարից այլևս չի լինի: Ընտանիքի դրությունը ավելի է բարդանում, քանի որ Հայաստանում դեռ չունեն ձեռք բերած գույք և Գորիսում ապրում են վարձով: Ընտանիքի ստացած եկամուտը չի բավարարում բնակարանի վարձի, սննդի, դեղորայքի և կոմունալ ծախսերի համար:

Շատ արցախցիների պես իրենց ընտանիքն էլ դժգոհ է կառավարության որոշումից, որով կնվազեցվի տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը:

Խնդիր է նաև, որ իրենք չեն համարվում ՀՀ քաղաքացիներ, սակայն երկար տարիներ բոլոր միջազգային կառույցները իրենց համարել են Հայաստանի քաղաքացի:

Երիտասարդ արցախցու համար անհասկանալի է շարունակում մնալ, թե ինչու պետք է հիմա դառնան ՀՀ քաղաքացիներ, եթե իրենց անձնագրերում գրված է, որ իրենք ՀՀ քաղաքացի են: Այս ընթացքում շատ բարդություններ են առաջանում փաստաթղթերի վերաբերյալ, կես կատակ, կես լուրջ նշում է, որ դարձել է իրենց բնակարանի իրավաբանը և փաստաբանը:

Ընտանիքի համար լուրջ խնդիր է նաև դեղորայքի հարցը, քանի որ մայրն ունի շաքարային դիաբեդ, Արցախում իրենց անհրաժեշտ դեղամիջոցը տրամադրում էին, սակայն Գորիսի պոլիկլինիկայից ասում են, որ իրենք տվյալ դեղից չունեն:

Ժորաենց ընտանիքը դեռ չի դիմել բնակարանների փոխհատուցման ծրագրի համար, ըստ այդ փոխհատուցման, ամենայն հավանականությամբ, կտրամադրեն 10-15 միլիոն դրամ: Սա, ըստ ArmLur.am-ի հետ զրուցած արցախցու, բավարար չէ, այդ գումարով իրենք չեն կարող բնակարան գնել, քանի որ շուկայական հարաբերություններում բնակարանները ավելի թանկ են: Նա ավելի արդարացի է համարում, եթե իրենց փոխհատուցեն Արցախում թողած իրենց ունեցվածքին համապատասխան:




Լրահոս