Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացված խնդիրներն անփոփոխ են. ՄԻՊ-ը՝ դատապարտյալների հիվանդանոցում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 4-ին այց է իրականացրել Արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկ:

Հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար Ռոբերտ Թամարյանի և ՄԻՊ աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Լաուրա Գասպարյանի ուղեկցությամբ Անահիտ Մանասյանը շրջայց է կատարել տարածքով, այցելել հիվանդասենյակներ, ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց պահման պայմաններն ու առողջության պահպանման իրավունքի իրացման հետ կապված և այլ հարցեր:

Այնուհետև Մարդու իրավունքների պաշտպանն ու ՄԻՊ ներկայացուցիչներն առանձին հանդիպումներ են ունեցել ազատությունից զրկված անձանց, այդ թվում՝ օտարերկրացիների հետ, որի ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց խնդիրները:

Հիմնարկում պահվող անձինք, ի թիվս այլնի, բարձրաձայնել են խնդիրներ կապված տրանսպորտային միջոցների սակավության կամ ընդհանրապես չլինելու պատճառով դատական նիստերի տևական ժամանակ ձգձգման, պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատման, արտաքին աշխարհի հետ կապի, հանրային պաշտպանի գրասենյակի կողմից տրամադրվող իրավաբանական օգնության, օտարերկրացիների կրոնական առանձնահատկությամբ պայմանավորված սննդի չտրամադրման հետ: Բարձրացվել են նաև ֆունկցիոնալության գնահատման գործընթացի և հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատման վերաբերելի հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանը վերոնշյալ խնդիրներին բազմիցս է անդրադարձել, մասնավորապես՝ հրապարակային մտահոգություն է հայտնել ազատությունից զրկված անձանց՝ քրեակատարողական հիմնարկից դատական նիստերին չտեղափոխելու պրակտիկայի, բժշկական օգնության պատշաճ ապահովման վերաբերյալ:

Խիստ մտահոգիչ է, որ տարիներ շարունակ բարձրացրած խնդիրները մնում են անփոփոխ և արդիական՝ այդ թվում՝ ՀՀ ներպետական օրենսդրությամբ տրանսպորտային միջոցների անբավարարության հարցը։

Այցի արդյունքները կամփոփվեն, Պաշտպանի լիազորությունների շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ արձանագրված խնդիրների լուծման ուղղությամբ:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է նաև քրեակատարողական ծառայողների աշխատանքային պատշաճ պայմանների ապահովման հետ կապված հարցերը, որոնք ևս հատուկ քննարկման առարկա կդառնան իրավասու մարմինների հետ հաղորդակցության շրջանակներում:

Ազատությունից զրկման վայրերում իրավունքների ապահովման հարցերը մշտապես գտնվում են Պաշտպանի անմիջական ուշադրության ներքո:




Լրահոս