
2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ կանցկացվեն 25-օրյա վարժական հավաքներ։ Նախագիծը ներառված է Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի ցանկում։
Նախատեսվում է հայտարարել պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ` 2025 թվականի ապրիլի 1-ից մինչև հունիսի 13-ը ներառյալ։ Եվ սահմանվում է, որ վարժական հավաքները հայտարարվում են պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման, մարտական հերթապահության ներգրավման նպատակով։
Նախագծի հիմնավորման մեջ նշված է, որ որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է պահեստազորի առաջին խմբում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների ռազմական հմտությունների կատարելագործման, վերապատրաստման և պատրաստման, ըստ անհրաժեշտության պահեստազորայիններին մարտական հերթապահության ներգրավելու անհրաժեշտությամբ: