
Երեկ ավարտվեց մարտի 30-ին կայանալիք Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների առաջադրման գործընթացը։ Ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենում հինգօրյա ժամկետում։
Նախընտրական քարոզչությունը համայանքում պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ից մինչև մարտի 28-ի ժամը 24։00-ն։ Քվեարկությունը սկսվելու է մարտի 30-ին՝ ժամը 08։00-ին, ավարտվելու՝ նույն օրը՝ 20։00-ին։
Գյումրի համայնքում առաջադրվել են հետևյալ կուսակցություններն ու դաշինքները «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Սարիկ Մինասյանը, հաջորդ համարը Աննա Հակոբյանի ազգականն է՝ Վահագն Մկրտչյանը, իսկ 3-րդ համարը Շիրակի մարզպետարանի աշխատակից Էմմա Բարսեղյանն է։
Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը առաջադրվել է «Հայաստանի կոմունիստական կուսակցության» ցուցակով, իսկ նրան հաջորդում են Ավետիս Առաքելյանը և Լուսինե Անանյանը:
«Իմ հզոր համայնք» կուսակցության առաջին համարը պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանն է, նրան հաջորդում են Վահե Կիրակոսյանը և Սուսաննա Մկրտչյանը:
Գյումրիում սիրահարված աչքերով ֆայտոնով շրջող Արտյոմ Թումանյանը գլխավորում է «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցության» ցուցակը, նրան հաջորդում են Բարսեղ Տիլեվերյանը և Աիդա Ղազարյանը:
«Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորում է Գյումրու ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Կարեն Մալխասյան Կարեն Մալխասյանը, ցուցակի 2-րդ համարը Հայկ Պողոսյանն է, ում հաջորդում է Կալիպսե Ասատրյանը:
«Մեր քաղաքը դաշինք»-ը գլխավորում է ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ում հաջորդում են Սվետլանա Ադամյանը և Հովհաննես Գևորգյան:
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության համայնքապետի թեկնածուն Արտյոմ Ղարաղազարյանն է, հաջորդ համարները Գագիկ Ադամյանը և Սեդա Խաչատրյանն են։
«Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակը գլխավորում է գործարար Կարեն Սիմոնյանը, նրան հաջորդում են Դերենիկ Մալխասյանը և Աննա Մուրադյանը:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը ևս մասկացում է Գյումրու համայնքապետի ընտրություններին՝ «Եվրադաշինիքի» միասնական թեկնածուն է, ցուցակում նրան հաջորդում են Գայանե Գևորգյանը և Անուշ Կարապետյանը։
Քրիստինա Մուշեղյան