«Ես չեմ հիշում, որ ժպիտով արած մեր որեւէ ծրագիր իր նպատակին ծառայի». Փաշինյանի խոստովանությունը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Լույս» հիմնադրամով դրսում սովորելու գնացածների 80 տոկոսը հետ չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացածների 40 տոկոսը հետ չի եկել, եկեք գնանք գույքագրենք լավ կանխավարկածով արած մեր ծրագրերը, մենք ուզեցել ենք մարդկանց լավություն անենք, որ լավ պայմաններում աշխատեն եւ պետությանը ներդրում անեն, մարդիկ իրենց բիզնեսը կտրտել են 20 կտորի, որ դառնան միկրոբիզնես: Այս մասին, այսօր՝ մարտի 6-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես չեմ հիշում, որ ժպիտով արած մեր որեւէ ծրագիր իր նպատակին ծառայի: Հենց այս դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում ու սկսում են քրքրել»,-ասաց նա:

Փաշինյանն առաջարկեց, որ օտարերկրյա բուհերում սովորելուն աջակցելու ծրագրում կետ ավելացվի, որ պետությունը կֆինանսավորի միայն այն դեպքում, եթե շահառուն առնվազն երկու տարի տվյալ կազմակերպությունում կամ գործարանում աշխատած լինի:

«Ես ասում եմ՝ 18 տարեկանը թող մի քիչ աշխատանքային փորձ ձեռք բերի, նոր գնա բարձր որակավորում ստանալու: Թող այդ ընկերությունը երկու տարի աշխատավարձ վճարի, որ տեսնենք, որ ռեալ իրականության հետ գործ ունենք: ֆեյքերի բան կստեղենք ու պրոբլեմ կունենանք: Երկու տարվա աշխատանքը պետք է պարտադիր լինի»,-ասաց վարչապետը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ նշեց, որ այստեղ խնդիրն այն է, որ ՀՀ տնտեսությունը չի արտադրում այնպիսի աշխատատեղեր, որոնք այդ կրթության կարիքն ապահովում են. «Աշխատատեղը պետք է զարգացնի գիտելիքը, ոչ թե դեգրադացնի: Մեր ամենամեծ խնդիրն այն է, որ մեր տնտեսությունը չի ձեւավորում այն աշխատատեղերը, որոնք այն կրթությունը, որի մասին խոսում ենք, զարգացնում է:

Դրսում կրթություն ստացած երիտասարդը չի գա ժամանակ անցկացնելու օֆիսում, որտեղ իր աշխատանքը նշանակում է մեր ստանդարտ անարդյունավետ ժամանցը աշխատավայրում»,-ասաց փոխվարչապետը:




Լրահոս