Քառյակի նիստը ընդմիջվել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ոչ իշխանական քառյակի հերթական դռնփակ նիստից հետո ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն ասաց, որ գրեթե 3 ժամ տևած նիստը ընդմիջվել է, քանի որ «Ժառանգության» ներկայացուցիչները պետք է քիչ հետո մասնակցեն Ազատության հրապարակում հրավիրված Րաֆֆի Հովհաննիսյանի հավաքին:

Լ. Զուրաբյանը տեղեկացրեց, որ նիստն այսօր դեռ շարունակվելու է: Նրա խոսքով՝ քառյակի նիստին մասնակցող կուսակցություններից յուրաքանչյուրը նիստում ներկայացրել է իրավիճակի իր գնահատականը, որոնց մեջ, ըստ նրա՝ էական տարաձայնություններ կային:

«Փաստորեն քառյակի նպատակն է՝ քննարկումների արդյունքում հասնել նոր ընդհանուր մարտավարության ձևավորմանը»,- ասաց նա:

Պատասխանելով այն հարցին, թե արդյոք տարբերություն կա նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի և վարչապետի ամենահավանական թեկնածու Հովիկ Աբրահամյանի միջև, վերջինս ասաց. «Բացարձակապես, որովհետև նրանք ներկայացնում են նույն չընտրված քաղաքական մեծամասնությունը: Ի՞նչ է՝ Տ. Սարգսյանի ղեկավարած կառավարության որոշումներն այս քաղաքական մեծամասնությունը չէ՞ր, որ ընդունում էր»:

Լ. Զուրաբյանը նշեց նաև, որ իրենք մերժում են ներկայիս քաղաքական մեծամասնության կողմից որևէ կառավարության ձևավորման իրավունքը:

Հ.Գ. Armlur.am -ի թղթակիցը հայտնում է, որ քառյակի մյուս երեք կուսակցություններից որևէ մեկը այդ հանդիպմանը չկար:




Լրահոս