Սպիտակ տունը պատրաստվում է կրիպտոարժույթի իր առաջին գագաթնաժողովին. ի՞նչ սպասել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2025 թվականի մարտի 7-ին Սպիտակ տանը տեղի կունենա կրիպտոարժույթի պատմության մեջ առաջին գագաթնաժողովը, որը նախաձեռնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։ Այս իրադարձությունը կարող է շրջադարձային լինել ԱՄՆ-ում թվային ակտիվների կարգավորման համար և ազդարարել կրիպտոարժույթների ոլորտի նկատմամբ նոր կուրսի մասին։

Հանդիպմանը կմասնակցեն կրիպտո շուկայի առաջնորդները, ներդրողները, կարգավորող մարմինների ներկայացուցիչներ և նախագահի հիմնական խորհրդականները: Քննարկման հիմնական թեմաները ներառում են բիթքոյնի, Սթեյբլքոյնի ապագան, և ապակենտրոնացված ֆինանսները: Ակնկալվում է, որ գագաթնաժողովը կդառնա ներդրողների պաշտպանության միջոցառումների, հարկային քաղաքականության քննարկման և կրիպտո ոլորտում նորարարությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծման հարթակ:

Ինչո՞ւ է Թրամփը որոշել կրիպտո գագաթնաժողով անցկացնել

Գագաթնաժողովի անցկացման նախաձեռնությունը ինքնաբուխ չի առաջացել։ Թրամփը հայտնի է իր բիզնեսամետ դիրքորոշմամբ, սակայն իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա քննադատել է բիթքոյնը և թվային ակտիվները: 2019 թվականին նա հայտարարեց, որ կրիպտոարժույթները փող չեն և խիստ անկայուն են։ Այդ ժամանակ նրա վարչակազմը կոշտ քաղաքականություն էր վարում կրիպտո շուկայի նկատմամբ։

Սակայն 2024 թվականին՝ իր նոր նախընտրական արշավի ժամանակ, Թրամփի հռետորաբանությունը փոխվեց։ Նա սկսեց իր կողմը գրավել կրիպտոինդուստրիայի կողմնակիցներին՝ քննադատելով Բայդենի վարչակազմի քաղաքականությունը: Հարցազրույցներից մեկում նա նշել է. «Եթե Ամերիկան ցանկանում է մնալ աշխարհի ֆինանսական առաջատարը, մենք պետք է ոչ թե արգելենք ապագայի տեխնոլոգիաները, այլ պայմաններ ստեղծենք դրանց համար»։

Բացի այդ, ԱՄՆ-ն բախվել է կրիպտո-կանոնակարգեր ակտիվորեն մշակող երկրների մրցակցությանը, ինչպիսիք են ԱՄԷ-ն, Սինգապուրը և Հոնկոնգը: Այս օրենսդրությունները գրավում են կրիպտո ընկերություններին՝ ստեղծելով նրանց համար բարենպաստ պայմաններ, մինչդեռ ԱՄՆ-ը մինչ այժմ պահպանում էր խիստ կարգավորման քաղաքականությունը: Այս համատեքստում Թրամփը հնարավորություն է տեսնում ամրապնդելու ԱՄՆ ֆինանսական դերը՝ ստեղծելով ավելի կրիպտո-բարեկամական միջավայր։

Մեկ այլ կարևոր կողմ է սթեյբլքոյնների հանրաճանաչությունը: Բայդենի վարչակազմը դիտարկում էր թվային ակտիվների կոշտ կարգավորումը, ինչը մտահոգություններ առաջացրեց շուկայում: Ի հակադրություն, Թրամփը պատրաստակամություն է դրսևորում երկխոսության մեջ մտնելու սթեյբլքոյններ թողարկողների հետ՝ դիտարկելով դրանք որպես համաշխարհային տնտեսության մեջ դոլարի դիրքերի ամրապնդման գործիք։

Ի՞նչ սպասել գագաթնաժողովից

Թրամփի վերջին ամիսների հայտարարությունները հուշում են, որ գագաթնաժողովը կլինի ոչ միայն պաշտոնական հանդիպում, այլ իրական քայլ՝ ուղղված ԱՄՆ կրիպտոարժույթի քաղաքականության վերանայմանը: Ակնկալվում է, որ կքննարկվեն մի շարք առանցքային թեմաներ՝ կրիպտոարժույթների հարկային քաղաքականությունը, սթեյբլքոյնների կարգավորումը, Էթերեումում սփոթ ETF-ների հաստատումը։

Թրամփը նախկինում քննադատել է Բայդենի քաղաքականությունը չափազանց մեծ հարկերի և ոլորտի սահմանափակումների համար, ուստի հնարավոր է, որ գագաթնաժողովում առաջարկվի հարկային արտոնություն կրիպտո ներդրողների և բիզնեսի համար: Հավանական է նաև, որ վարչակազմը կառաջարկի ավելի հստակ կանոններ սթեյբլքոյնների թողարկման և աշխատանքի համար, աջակցություն մասնավոր սթեյբլքոյններին, ինչպիսիք են USDT-ն և USDC-ն: SEC-ի բիթքոյն ETF-ի հաջողությունից հետո շուկան ակնկալում է նմանատիպ որոշումներ Էթերեումի վերաբերյալ, ուստի գագաթնաժողովը կարող է հարթակ դառնալ այս հարցի քննարկման համար:

Ինչպե՞ս են կապված կրիպտո գագաթնաժողովը և ԱՄՆ ռազմավարական կրիպտո պահուստը

Բացի գագաթնաժողովից, Թրամփի վարչակազմը վերջերս հայտարարեց ԱՄՆ ռազմավարական կրիպտոարժույթի պահուստի ստեղծման մասին: Այն ներառում է թվային ակտիվներ, ինչպիսիք են XRP (Ripple), Solana (SOL) և Cardano (ADA): Հայտարարությունը առաջացրել է այս ակտիվների արժեքի կտրուկ աճ՝ XRP-ն աճել է 29,3%-ով, SOL-ը՝ 18,6%-ով, ADA-ը՝ 55,7%-ով։

Կրիպտոարժույթների պետական պահուստի ձեւավորումը կարող է դառնալ գագաթնաժողովի թեմաներից մեկը։ Եթե այս նախաձեռնությունն ավելի մեծ թափ ստանա, ԱՄՆ-ը կարող է ստեղծել նոր նախադեպ՝ կրիպտո ակտիվները որպես ռազմավարական ֆինանսական գործիք ճանաչելու հարցում: Սակայն դեռ պարզ չէ, թե կոնկրետ ինչպես է ձևավորվելու և կառավարվելու այս պահուստը և ինչ դեր է ունենալու երկրի երկարաժամկետ ֆինանսական ռազմավարության մեջ։

Կրիպտոարժույթների շուկան արդեն արձագանքել է Թրամփի վարչակազմի նախաձեռնություններին որոշակի ակտիվների գների աճով: Սակայն, երկարաժամկետ հեռանկարները կախված կլինեն գագաթնաժողովի արդյունքներից։ Եթե ժողովը հայտարարի կոնկրետ քայլեր հարկային արտոնությունների և կանոնակարգման ազատականացման ուղղությամբ, դա կարող է ավելի շատ կրիպտո ներդրողների և ընկերությունների ներգրավել ԱՄՆ:

Այսպիսով, կրիպտոարժույթի առաջին գագաթնաժողովը Սպիտակ տանը կդառնա կարևոր իրադարձություն, որը կարող է նոր ուղղություն սահմանել ԱՄՆ-ում կրիպտո արդյունաբերության զարգացման համար: Եթե, իհարկե, կազմակերպիչներն այն չվերածեն հերթական շոուի՝ առանց գործնական հետևանքների ու քայլերի և առանց հստակ պատկերացնելու, թե ինչպես կարելի է առկա պայքարի պայմաններում հասնել դրված նպատակներին՝ թե՛ արտաքին, թե՛ ներքին ճակատներում։




Լրահոս