Երևանի սրտում կկառուցվի խոշոր համալիր. կոռուպցիան և պաշտոնական կապերը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 24-ին կայացած Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ Երևանի քաղաքապետի խորհրդական Սոնա Թևանյանը հայտարարել էր «Կասկադի վերակառուցման» ծրագրի հաղթող կազմակերպության մասին (մրցույթը հայտարարվել էր հունվարի 17-ին, իսկ արդյունքներն ամփոփվել էին փետրվարի 17-ին), սակայն ավագանու որոշում այս մասով չկայացվեց: Միայն հայտնի է, որ կոռուպցիոն շղթաների ակնհայտ դրսևորումներով Երեւանի սրտից մեծ տարածք տրվել է Փաշինյանի «սրտի» գործարարին:

Մինչ մանրամասներին անդրադառնալը նշենք, որ «Կասկադ» համալիրը հանդիսանում է Երևանի ճարտարապետական ժառանգության բացառիկ նմուշներից մեկը, և ՀՀ օրենսդրությամբ մշակութային ժառանգության պահպանվող օբյեկտ է, իսկ 2018 թվականից ստացել է նորահայտ հուշարձանի կարգավիճակ: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց նաեւ, որ Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության և հեղինակային իրավունքը պաշտպանող օրենսդրության համաձայն՝ «Կասկադ» համալիրի կառուցված մասի ճարտարապետական նախագծում արգելված է կատարել փոփոխություններ առանց լիազոր մարմնի՝ ԿԳՄՍ նախարարության համաձայնության:

Պաշտոնական հայտարարություններում որեւէ տեղեկություն չկա այն մասին, թե ԿԳՄՍՆ-ն ինչ դիրքորոշում է տվել Երեւանի մշակութային ժառանգություն համարվող տարածքի վերաբերյալ: Միայն հայտնի է, որ Տիգրան Ավինյանը միանձնյա կամ նեղ շրջանակով որոշել է մրցույթի ելքը. «Կասկադի» հարակից տարածքները պետք է տա 2018-ից հետո շեշտակի հարստացած գործարար Գրիգոր Տեր-Ղազարյանին:

Իսկ ով է Գրիգոր Տեր-Ղազարյանը: Նա «Ջի Թի Բի դիվելոփմենթ» ՍՊԸ-ի հիմնական բաժնետերն է: Այդ կոնսորցիումը հիմնադրվել է 2024թ․ հոկտեմբերի 24-ին, որի 97.5% ը պատկանում է Գրիգոր Տեր-Ղազարյանին, 1,5%-ը՝ ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգին, իսկ 1% մասնակցություն ունի Հնդկաստանի մի քաղաքացի՝ Սուլախան Սինղը։ Գրիգոր Տեր-Ղազարյանը «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի փեսան է։ Իսկ Արամ Սարգսյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի եզակի աջակիցներից է, ով ավանագու ընտրություններից հետո ավագանու իր անդամների հետ համագործակցության հուշագրով Տիգրան Ավինյանին քաղաքապետ ընտրեց, կիսեց քաղաքային կառավարումը ՔՊ-ի հետ և հիմա ունի Երեւանի փոխքաղաքապետի, երեք վարչական շրջանների ղեկավարների պաշտոններ: Այսինքն՝ ակնհայտորեն քաղաքային իշխանության մաս է «Հանրապետություն» կուսակցությունը, որի ընտանիքի բարեկամը Երեւանի ամենամեծ շինարարություններն է իրականացնում:

Ըստ ծրագրի՝ «Կասկադ մշակութային հանգույց» ճարտարապետական նախագծի իրականացման համար 20 մլրդ 46 մլն դրամի ներդրում կարվի, որի արդյունքում «Կասկադ» համալիրի անավարտ հատվածում կլինի մշակութային կոթողի ամբողջական, ավարտուն տեսքը և համալիրի կապը «Հաղթանակի 50-ամյակի հուշարձան»-ի հետ: Կստեղծվեն շուրջ 1000 հոգու համար նախատեսված համերգասրահ, ժամանակակից արվեստի նոր թանգարան, արվեստանոցներ, ժամանցի և հանգստի գոտիներ: Կառուցված բոլոր շինությունները, որոնք հագեցած են լինելու տեխնիկական անհրաժեշտ միջոցներով ու ենթակառուցվածքներով, ծրագրի ավարտին փոխանցվելու են համայնքին՝ որպես համայնքային սեփականություն:

«Կասկադ» համալիրի վերակառուցման աշխատանքներին զուգահեռ ներդրող ընկերությանը հնարավորություն է տրվելու «Կասկադի» աջակողմյան հատվածում կառուցել բազմագործառութային համալիր: Նախագիծն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել հինգ տարում:

Թե ինչեր տեղ կգտնեն նոր կառույցներում, վաղ է երեւակայել, բայց համեմատության համար նշենք, որ Հայաստանի Պատմության և Կերպարվեստի թանգարանները միասին վերցված մոտ 15.000 հա են, իսկ նոր արվեստի թանգարանին, արվեստանոցներին ժամանցի և հանգստի գոտիներին տրվում է 50 000 քմ:

Հիշեցնենք, որ նույն Գրիգոր Տեր-Ղազարյանն է Կոմիտասի շուկան քանդելու և տեղում մեծ համալիր կառուցելու ծրագրի հեղինակը, և մինչ օրս շուկայի առևտրականները բողոքում են, որ իրենց զրկում են օրվա հացը վաստակելու հնարավորությունից: Բայց նրանց խոսքը չի լսվում:

Ի դեպ, Գրիգոր Տեր-Ղազարյանը Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի սեփականատերերից է, որը Ադրբեջանի պահանջով տեղափոխվեց Արարատի մարզի Արարատ գյուղ: Գործարանը կառուցող «Ջի Թի Բի» ՍՊԸ-ում Տեր-Ղազարյանը 50% մասնակցություն ունի, մյուս 50%-ը նույն ԱՄՆ քաղաքացի Բոբբի Սինգ Կանգինն է։

Իսկ Նիկոլ Փաշինյանը ծանոթով մրցույթ շահելը, իշխանական կապերով առաջ գնալը ընդդիմադիր ժամանակ համարում էր կոռուպցիա: Իսկ ի՞նչ է այս ողջ գործընթացը:

 

 

 

 

 

 

 

Փետրվարի 27-ին Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը տեսաուղերձի ժամանակ մի ուշագրավ ելույթով հանդես եկավ՝ ասելով. «Եթե ինձ, իմ ընտանիքին, իմ հարազատներին խփեն, դա կանի Սերժ Սարգսյանը, ուրիշ ոչ ոք»: «Ժողովուրդ» օրաթերթը կապ հաստատեց Վարդան Ղուկասյանի հետ՝ հասկանալու, թե ինչու է նման մերկապարանոց պնդում անում: Վերջինս արձագանքեց. «Ինչ ասել եմ՝ ասել եմ, էլ չեմ անդրադառնում: Թող մնա իմ մեջ, ու մեկ էլ Աստված գիտի: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ վե՛րջ։ Մեր հարցին, թե ինչու է տալիս հենց Սերժ Սարգսյանի անունը, Նիկոլ Փաշինյանից արդյոք չի տեսնում վտանգ, քաղաքապետի թեկնածու Ղուկասյանն արձագանքեց՝ «Ինչո՞ւ եք խորացել, հետաքրքրվում եք: Դրան չեմ անդրադառնում, ինչ ասել եմ՝ ասել եմ: Վե՛րջ»:

 

 

 

 

 

«Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրները փոխանցում են, որ Անդրանիկ Քոչարյանի փաստացի շանտաժները թիմի ներսում շարունակվում են: Պարզվում է, որ ամիսներ շարունակ Քոչարյանից տարբեր «խողովակներով» պահանջում են ներկայացնել 44-օրյա պատերազմի դեպքերն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը, սակայն նա չի տալիս: Հիշեցնենք, որ այդ զեկույցի հանրայնացման համար օրենքով նախատեսված բոլոր ժամկետները կրկնակի անգամ խախտվել են: Անդրանիկ Քոչարյանը պարզապես չի ներկայացնում այն ՀՀ Ազգային ժողով: «Ժողովուրդ» օրաթերթը Ազգային ժողովից տեղեկացավ, որ նախագահի անունով Անդրանիկ Քոչարյանը դիմում չի ներկայացնում: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ անգամ ՔՊ վարչության նիստի ժամանակ, երբ քննարկվել է հարցը, Նիկոլ Փաշինյանը հորդորել է իր անունից պահանջել զեկույցը, բայց Անդրանիկ Քոչարյանն անդրդվելի է: Տեղեկացանք, որ վերջերս ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն է գնացել Քոչարյանի մոտ՝ պահանջելով  տրամադրել զեկույցը, որ տեղեկանա, թե ինչ է գրված, եւ ՔՊ վարչություն գնա ներկայացնելու փաստաթղթի մասին: Սակայն Անդրանիկ Քոչարյանը նրան տվել է մի թուղթ՝ պահանջելով, որ ստորագրի այն մինչ փաստաթղթին ծանոթանալը, որպեսզի զեկույցի նախագծին ծանոթանալուց հետո տեղեկությունները չկիսի որեւէ մեկի հետ: Գաբրիելյանը հրաժարվել է ստորագրել Քոչարյանի առաջարկած փաստաթուղթը՝ ասելով, որ իր ծանոթանալու նպատակը կուսակցական ընկերներին ներկայացնելն է, այլ ոչ թե գաղտնի ծանոթանալն ու տուն գնալը: Այսպիսով, Անդրանիկ Քոչարյանը խորհրդավորության շղարշով է պատել զեկույցը եւ հրաժարվում է դրա նախագիծը տրամադրել որեւէ ՔՊ-ականի: Անգամ Նիկոլ Փաշինյանի միջամտությունը որեւէ արդյունք չի տվել. նա զեկույցը պինդ պահում է, քանի որ գիտի՝ հենց ներկայացրեց, կարճ ժամանակ անց իրեն կհեռացնեն ԱԺ-ից: Մենք փորձեցինք կապ հաստատել Քոչարյանի հետ, սակայն պատգամավորը մեր զանգերին չպատասխանեց:

 

 

 

 

 

 

 

Արմեն Սարգսյանը, որ Եռաբլուր պանթեոնի հողերի սեփականաշնորհման հիմնական «դերակատարն» է, Նիկոլ Փաշինյանի սիրելին ու վստահելին է վաղուց: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2018-ի սեպտեմբերի 22-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է նրան պատկանող «Արարատի» գինու գործարան: Հիշեցնենք, որ Եռաբլուրի հողերի վաճառքի գործով է անցնում ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության երկարամյա պետ Արմեն Սարգսյանը: Նրան հիմա դատախազությունը 19 դրվագով մեղադրում է Եռաբլուրի հողերը սեփականաշնորհման միջոցով օտարելու համար: Բայց Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բղավում էր ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի վրա, թե «Եռաբլուրի հողերը ծախել եք»: «Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ հեղափոխության տարում Նիկոլ Փաշինյանն այցելել է «Արարատի» գինու գործարան, շրջայց կատարել կոնյակի հնացման, տեսակավորման, շշալցման, փաթեթավորման արտադրամասերում: Ընկերության ղեկավարությունը երկրի վարչապետին է ներկայացրել ընթացիկ եւ նախատեսվող աշխատանքները, ինչպես նաեւ հետագա ներդրումային ծրագրերը: Այս այցը ինչու է կարեւոր, քանի որ երբ Փաշինյանը վարչապետ դարձավ, այցելում էր այն ձեռնարկություններ, որոնց սեփականատերերի հետ ուներ ջերմ հարաբերություններ: Եվ ահա Արմեն Սարգսյանը այդ շարքից է: Շարունակելի…

 

 

 




Լրահոս