Մարտի 1-ից Ազատության հրապարակում ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի հացադուլ սկսած Մանե Թանդիլյանի ինքնազգացողությունը, երեկվանից սկսած, վատ է։ ArmLur.am-ի թղթակիցը, ով երեկ Ազատության հրապարակում այցելել էր Թանդիլյանին հայտնել է, որ բժիշկները փորձում են Թանդիլյանի առողջական վիճակը բարելավել (3.03.2025), և թույլ չեն տալիս նրա հետ զրուցել։ ArmLur.am-ը այս ընդվզման վերաբերյալ զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մեսրոպ Առաքելյանի հետ։
-Պարո՛ն Առաքելյան, Մանե Թանդիլյանը հացադուլ է սկսել Ազատության հրապարակում։ Նա խնդրում, հորդորում է Ռուբեն Վարդանյանին, որպեսզի վերջինս Բաքվում եւս դադարեցնի իր հացադուլը։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ է սա տալու։
-Տիկին Թանդիլյանը եւ մեր երկու ընկերները՝ Վարդանը եւ Արտավազդը, արդեն 3-րդ օրն է (3.03.2025 դրությամբ) հացադուլ են անում։ Դա որպես խնդրանք ենք ներկայացնում Ռուբեն Վարդանյանին, որը արդեն տեւական ժամանակ է հացադուլ է անում։ Մի քանի օր առաջ առկա լուսանկարներից պարզ դարձավ, որ նրա ինքնազգացողությունը դատական նիստի ընթացքում վատացել է, եւ ամեն օրն իր կյանքի համար կարող է անդառնալի հետեւաքներ ունենալ։ Մենք հրավիրում ենք միջազգային հանրության ուշադրությունը, որ կոնկրետ արագ քայլեր ձեռնարկեն, որովհետեւ ակնհայտ է, որ մեր հայրենակիցները Բաքվում բացառապես ալիեւյան ռեժիմի գերին են։ Այս կեղծ դատավարությունը որեւէ գործընթաց չի կարելի համարել եւ բավականին զարմանալի է, որոշ միջազգային գործընկերներ դատավարության պրոցեսից են խոսում կամ այս հարցի լուծումը դիտարկում հայ-ադրբեջանական հարաբերությունների համատեքստում, քանի որ ակնհայտ է, որ սա միակողմանի խնդիր է՝ Հայաստանում որեւէ ադրբեջանցի գերի չկա։ Սա նաեւ պետք է դիտարկել մարդու իրավունքների բոլոր կոնվենցիաների համատեքստում՝ անկախ եկու երկրների միջեւ հակամարտություններից։ Մեր նպատակ-խնդրանքն է ուղղված Ռուբեն Վարդանյանին, որպեսզի իր կյանքին սպառնացող վտանգից հետ կանգնի՝ շարունակելով պայքարը։ Սա պայքարի գործիքներից մեկն է, այս միջոցով մենք ցույց ենք տալիս միջազգային հանրությանը, որ ժողովուրդն անտարբեր չէ՝ ի տարբերություն իշխանությունների։ Ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների նկատմամբ, աջակցում է նրանց։
-Պարո՛ն Առաքելյան, արդեն 4-րդ օրն է ինչ Դուք գտնվում եք «Ազատության» հրապարակում, հասարակության արձագանքն ինչպիսի՞ն է։ Հետաքրքիր է՝ ինչպե՞ս են վերաբերվում, մոտենում, աջակցություն հայտնո՞ւմ են։ Հասարակությունն ինչպե՞ս է վերաբերվում Ձեր այս մոտեցմանը։
-Բավականին շատ մարդիկ են գալիս, քաղաքացիներ, հասարակական, քաղաքական գործիչներ, ակնհայտ է, որ բոլորն էլ մտահոգված են այն ամենով, ինչ հիմա տեղի է ունենում։ Եթե թվում է, թե հասարակությանը չի հետաքրքրում, ակնհայտ է, որ անհատական իմաստով հարյուր հազարավոր քաղաքացիներ մտահոգված են այս հարցով։ Նման ակցիաները շատ կարեւոր են, որպեսզի հասարակությունը համախմբված ներկայացնի իր դիրքորոշումը։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնում, մեր այս քայլն էլ է աջակցություն՝ ուղղված Բաքվի մեր հայրենակիցներին։ Նրանք աջակցության խնդիր ունեն, որովհետեւ բանտում գտնվելու փաստն արդեն իսկ շատ ավելի մտահոգիչ է, քան Երեւանում անցկացվող որեւէ հացադուլ։
-Դուք նշեցիք, որ սրա հիմնական նպատակը նաեւ միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է. եթե մեր իշխանությունը չի բարձրաձայնում այս խնդիրները, կամ բավարար չափով չի խոսում, այս դեպքում ի՞նչ ակնկալիքներ պետք է ունենալ միջազգային հանրությունից։
-Իշխանության անգործությունը չի նշանակում, որ ժողովուրդն էլ պետք է նրա վարքագիծը որդեգրի։ Բավականին բարդ է անտարբեր իշխանության պարագայում գործողություններ կատարելը։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿԱՊԱՆՈՒՄ ԿՐՔԵՐԸ ՉԵՆ ՀԱՆԴԱՐՏՎՈՒՄ
Փետրվարի 17-ին տեղի է ունեցել Կապանի տարածքային խորհրդի ընտրությունը, որի արդյունքները, ինչպես «Հրապարակ»-ն էր գրել, կեղծվել են։
Ընտրությունների արդյունքում ՔՊ-ական Նարեկ Ղահրամանյանն ու Մարինա Ղազարյանը դուրս են մնացել Կապանի խորհրդի կազմից, նրանցից ավելի շատ ձայն է հավաքել ՔՊ գրասենյակի քարտուղարուհի Սարվարդ Թումանյանը։
Տարածքային կառույցի ընտրություններին քվեարկած 77 կուսակցականներից 63 կողմ ձայն է ստացել Սարվարդը եւ զիջում է միայն ԶՊՄԿ-ում կառավարության ներկայացուցիչ ՔՊ-ական Նարեկ Բաբայանին, որն առաջատարն է 69 ձայնով։
ՔՊ-ում ընտրությունների այս կեղծման պատասխանատու եւ հիմնական դերակատար համարում են Նարեկ Բաբայանին։
ArmLur.am-ը այս ամենի վերաբերյալ մի քանի հարց է ուղղել Նարեկ Բաբայանին։
-Պարո՛ն Բաբայան, ի՞նչ է տեղի ունեցել Կապանի ՔՊ խորհրդի ընտրություններում. ըստ տեղեկությունների՝ դրանք կեղծվել են, ինչի համար պատգամավորներ Նարեկ Ղահրամանյանն ու Մարինե Ղազարյանը չեն ընտրվել խորհրդի անդամ:
-Կապանի ՏԿ-ում ընտրությունները կայացել են ազատ եւ արդար միջավայրում: Նախընտրական քարոզարշավը նույնպես անցել է ջերմ եւ դրական մթնոլորտում՝ զերծ ցանկացած միջադեպերից:
-ՔՊ-ում Ձեզ համարում են ընտրակեղծարար, քանի որ խորհրդում հիմնականում անցել են ձեր մտերիմները: Որքանո՞վ են իրական այս տեղեկությունները:
-Կապանի ՏԿ-ում օտարներ չկան, բոլորը մտերիմներ են։ Մենք բոլորս նույն քաղաքական թիմից ենք, եւ բոլորս հարգում ենք իրար։ Անկախ նրանից, թե ովքեր են ընտրվել խորհրդում, մեր վերաբերմունքը եւ հարգանքը մեր չընտրված գործընկերների հանդեպ չի փոխվում։ Բացի այդ, մեր չընտրված բոլոր գործընկերները շնորհավորել են ընտրված խորհրդին եւ պատրաստակամություն հայտնել համատեղ աշխատելու ու խնդիրները միասին լուծելու:
-Ըստ մեր տեղեկությունների՝ հնարավոր է, որ նորից ընտրություններ անցկացվեն՝ վերը նշվածի պատճառով, կա՞ն նման խոսակցություններ։
-Ես նման տեղեկություն չունեմ:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
























