Վերջին շրջանում շատ քաղաքացիներ ահազանգում են կիբեռհանցագործությունների վերաբերյալ, այն է՝ երբ առանց քաղաքացիների իմացության, քաղաքացիների անուններով գործարք է կատարվում բանկերում կամ վարկային կազմակերպություններում:
Armlur.am-ը զրուցեց «Հանրային վերահսկողություն» ՀԿ-ի նախագահ Մհեր Կարագոզյանի հետ, ով այս օրերին փորձում է պաշտպանել կիբեռհանցագործության զոհ դարձած քաղաքացիների շահերը:
Կարագոզյանը տեղեկացրեց մեզ, որ արդեն 200-ից ավելի քաղաքացիներ դիմել են իր նախագահած հասարակական կազմակերպությանը այն մասին, որ իրենք հայտնվել են կիբեռհանցագործների ծուղակում: Մեզ հետ զրույցում Կարագոզյանը չբացառեց, որ կիբեռհանցագործության զոհերը իրականում կարող են լինել ավելին, սակայն ոչ բոլոր քաղաքացիներն են դրա մասին բարձրաձայնում: Իսկ կիբեռհանցագործությունը հետեւյալն է. քաղաքացիների անունով բանկերից վերցվում են վարկեր, որոնց մասին քաղաքացիները անգամ տեղյակ չեն լինում: ՀԿ-ի նախագահը մանրամասնեց, որ կան դեպքեր, երբ դեռ 2021 թվականից վերցվել է վարկ, սակայն քաղաքացին դրա մասին իմացել է, երբ դատական ակտերի հարկադիր կատարողականից այցելել են՝ բնակարանը բռնագանձելու նպատակով:
Փաստորեն, կիբեռհանցագործները խաբել են բանկերին, սակայն ֆինանսական ամբողջ բեռը կրում են անտեղյակ քաղաքացիները, որոնց մի մասն անգամ տեխնիկապես չէր կարող տալ համաձայնություն, որ իր անունով վարկ վերցնեն, քանի որ այդ քաղաքացիները չունեն իրենց անունով վարկ ձեւակերպելու համար անհրաժեշտ սմարթֆոններ: Կարագոզյանի համար անհասկանալի է, թե տվյալ դեպքում ինչո՞ւ է քաղաքացին կրում ֆինանսական բեռը:
«Այս հանցագործությունները երկրում արդեն զանգվածային բնույթ են կրում, քաղաքացիների իրավունքները չեն վերականգնվում՝ իբրեւ տուժողների»- ահազանգում է Կարագոզյանը՝ շեշտելով, որ իրենց նպատակն է պահանջել պատկան մարմիններից, որպեսզի վերականգնվեն տուժած քաղաքացիների իրավունքները:
Կարագոզյանը այս ամենի մեջ չի բացառում նաեւ բանկերի մասնակցությունը կամ շահագրգռվածությունը: Ըստ նրա՝ կան հիմնավոր կասկածներ դրա վերաբերյալ: Օրինակ, դրա մասին են խոսում դեպքերը, երբ քաղաքացին նախկինում ցանկացել է բանկից վարկ վերցնել, սակայն ինչ-ինչ պատճառներով նրան վարկ չեն տրամադրել, բայց երբ նույն քաղաքացու անունից վարկ են վերցնում կիբեռհանցագործները, այդ դեպքում «բարեհաջող» գործարք է կատարվում:
Կան դեպքեր նաեւ, երբ վարկ են տրամադրել այն սեւ ցուցակում գտնվող քաղաքացիներին, ովքեր եթե փորձեին վարկ վերցնել, ամենայն հավանականությամբ նրանց չէին տրամադրի, սակայն երբ վարկ են վերցրել կիբեռհանցագործները՝ սեւ ցուցակում լինելը խոչընդոտ չի հանդիսացել: «Առնվազն այս պատմությունների վրա հիմնվելով՝ ունենք լրջագույն կասկածներ»- ասում է Մհեր Կարագոզյանը:
Կարագոզյանի համոզմամբ՝ այս ամենին պետական մարմինների արձագանքը բավարար չէ: «Իրենք իբրեւ թե ի վիճակի չեն, իբրեւ թե իրենց գործունեության տիրույթը չէ այդ իրավահարաբերությունները կարգավորել»: Բայց սա, հանրային գործչի գնահատմամբ, անընդունելի պատասխան է, քանի որ կիբեռհանցագործությունները սկսում են կրել զանգվածային բնույթ, եւ պատկան մարմինները պատասխանատու են կատարելու քայլեր՝ հանցագործությունները կանխելու նպատակով:
Իսկ առաջիկա ուրբաթ օրը՝ մարտի 7-ին, պատրաստվում են իրականացնել քաղաքացիական ակցիա Կենտրոնական բանկի դիմաց:
Մեր զրուցակիցը նաեւ կոչ արեց կիբեռհանցագործություններից տուժած քաղաքացիներին միանալ իրենց ակցիային:
ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
ՀՐԱԺԱՐԱԿԱՆԻ ԴԻՄՈՒՄ
Իրանի նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, որը նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի հրամանագրով անցյալ տարվա օգոստոսի սկզբին նշանակվել էր հանրապետության ռազմավարական հարցերով փոխնախագահի պաշտոնում, հրաժարական է տվել: Զարիֆի հնարավոր հեռանալու պատճառ կարող են լինել տարաձայնությունները՝ կապված երկրի կառավարության նոր կաբինետի կազմի հետ։
ՆՇԱՆԱԿՈՒՄ
Աշոտ Ժամկոչյանը նշանակվել է ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչության պետի տեղակալ։
ՍՊԱՍՈՒՄ ԵՆ ՊՈՒՏԻՆԻՆ
Թուրքիան ամենաբարձր մակարդակով հայտարարել է, որ սպասում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցին, սակայն կոնկրետ ժամկետներ առայժմ չկան: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է Անկարայում բարձրաստիճան դիվանագիտական մի աղբյուր։ «Մենք ամենաբարձր մակարդակով հայտարարել ենք, որ սպասում ենք հարգարժան Վլադիմիր Պուտինին», – ասել է գործակալության զրուցակիցը: Հարցին, թե երբ կարող է տեղի ունենալ ՌԴ ղեկավարի այցը Թուրքիա, աղբյուրը հաղորդել է, որ «կոնկրետ ժամկետներ չկան»։ Ավելի վաղ Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն, որը գտնվում էր Թուրքիայում, հայտարարել էր, որ այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խնդրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին փոխանցել, որ Անկարայում սպասում են նրա այցին։
ՍՐԲԱԶԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է Մ. ԹԱՆԴԻԼՅԱՆԻՆ
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այցելել է Ազատության հրապարակում հացադուլի մեջ գտնվող «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանին։ Այս մասին հայտնում է «Սրբազան պայքար» թելեգրամյան ալիքը։ Նշենք, որ Մանե Թանդիլյանը հացադուլ է հայտարարել՝ խնդրելով Բաքվի բանտում պատանդառված Ռուբեն Վարդանյանին դադարեցնել հացադուլը։
ՉԵԶՈՔ ԶՆՆՈՒՄ
ԿԽՄԿ-ի աշխատանքի ձեւաչափը չի ենթադրում հանրային քննարկում իր տեսածի վերաբերյալ։ Այս մասին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի դիմաց ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի եւ մյուս գերիների իրականացվող ակցիայի մասնակիցներին ասաց ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ «ԿԽՄԿ-ն փետրվարին տեսակցություն է ունեցել հայերի հետ, ովքեր պահվում են Ադրբեջանում։ Ռուբեն Վարդանյանին տեսակցությունը եղել է իր հացադուլի ընթացքում։ Տեսակցության շրջանակներում մեր պատվիրակի հետ եղել է բժիշկ։ Անազատության մեջ գտնվող հացադուլ հայտարարած անձանց ԿԽՄԿ-ն հնարավորություն ունի տեսակցելու բժշկի հետ, իսկ բժիշկը եւս պատվիրակ է եւ չի հանդիսանում տվյալ երկրի անձնակազմ։ Բժիշկը հնարավորություն է ունեցել ապահովելու անձի չեզոք զննումը»,-ասել է նա։























