Armenian text to speach

ՏՆՏԵՍՎԱՐՈՂՆԵՐԻ ՀԱՐՑԸ ՉԻ ԼՈՒԾՎՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հարյուրավոր տնտեսվարողներ երեկ շարունակել են բողոքի ակցիան Կառավարության շենքի մոտ՝ պահանջելով օրենքի վերանայում, շրջանառության հարկի նվազեցում։ Նրանք նշել են, որ հակառակ դեպքում բիզնեսներ կփակվեն, իրենք էլ գործազուրկների շարքերը կհամալրեն։ Տնտեսվարողները մտադիր են ակցիան շարունակել նաեւ Ազգային ժողովի շենքի մոտ։

 

Հիշեցնենք, որ հունվարի 1-ից ուժի մեջ էին մտել հարկային օրենսգրքում փոփոխությունները: Ըստ այդմ, ձեռքբերման փաստաթղթեր չներկայացրած առեւտրականների համար կրկնապատկվում էր շրջանառության հարկը՝ 5-ից դառնալով 10 տոկոս, իսկ փաստաթղթեր ներկայացնողների համար հակառակը՝ 1,5 տոկոսից իջնում էր 1 տոկոսի: Բացի այդ, դրվում էր ապրանքը գույքագրելու պահանջ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում հայտարարել էր, որ վիճակագրական տվյալներ ունեն՝ շրջանառության հարկ վճարողների 60 տոկոսից ավելին միայն 10 միլիոնի շրջանառություն է ցույց տալիս, իսկ սա նշանակում է օրական միայն 27 հազար դրամի առեւտուր, ինչը իրատեսական չէ:

Փաշինյանի խոսքով՝ պատրաստ են գնալ բոլոր փաստաթուղթ չտվողների հետեւից։ Փետրվարիի վերջին, սակայն, Կառավարությունը ժամանակավոր հետքայլ արեց շրջանառության հարկի բարձրացման հարցում։ Փետրվարի 27-ին՝ Կառավարության նիստի ժամանակ, ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարեց, որ այս տարվա առաջին կեսին 5 տոկոսից ավելի վճարվելիք հարկը կվերադարձնեն բիզնեսներին:

«Շրջանառության հարկ վճարողները կկարողանան ցածր հարկային բեռի միջավայրում իրացնել նախկինում առանց փաստաթղթերի ձեռք բերված ապրանքները, եւ շրջանառության հարկ վճարողները 25 թվականի հունվարի 1-ի դրությամբ առկա փաստաթղթերով հիմնավորված ապրանքային մնացորդի մասով հարկից լրացուցիչ նվազեցում կատարելու հնարավորություն կստանան», – հայտարարեց Հովհաննիսյանը: Մինդեռ ցուցարարները պնդում են, որ այս որոշումը խաբեություն է, բարեփոխում չէ, եւ օրենքի ամբողջական փոփոխություն են պահանջում։

Հիշեցնենք, որ տնտեսվարողները տարբեր հարթակներում իրենց դժգոհությունն են հայտնում իրենց խնդրի վերաբերյալ։ Փետրվարի 13-ին՝ Կառավարության հերթական նիստի օրը, Աբովյան քաղաքի ձեռներեցներից մեկը Կառավարության շենքի մոտ էր բերել չվաճառված սեզոնային հագուստի մի մասը՝ ի նշան բողոքի: Ցանկանում էր Կառավարությանը նվիրել, քանի որ վաճառելն իր համար հարկային փոփոխություններից հետո այլեւս ձեռնտու չէ: Երեկ ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը հանդիպել է տնտեսվարողների հետ եւ լսել նրանց պահանջը, որն է չեղարկել շրջանառության հարկի մասին նոր օրենքը։ Նախարարն առաջարկել է բոլորին ներս մտնել եւ ներսում խոսել։

«Այդ թեստից արդեն 10 անգամ անցել ենք, բոլորին տեսել ենք, բոլորի հետ զրուցել ենք»,-նշել են  ակցիայի մասնակիցները։

«Հիմա դուք գործարա՞ր եք, թե՞ ընդդիմադիր գործիչ. եկեք պայմանավորվենք՝ ընդդիմադիրները թող մնան այստեղ, ես հարգում եմ նրան, ով գործարար է, գնանք ներսում քննարկենք»,-ասել է նախարարը՝ նշելով. «Մեր երկրի ամենամեծ պրոբլեմը երբեմն որոշ խոշոր բիզնեսմենների մեջ է, որոնք հաճախ աշխատում են չփաստաթղթավորված ու իրենց հետեւից մյուսներին էլ տանում են չփաստաթղթավորման»։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

ԵՂԱՆԱԿԸ՝ ԱՌԱՋԻԿԱՅՈՒՄ

Երեւան քաղաքում մարտի 4-ի գիշերը եւ առավոտյան սպասվում է ձյուն։ Մարտի 4-ի ցերեկը, 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում են Հայհիդրոմետից։ Հանրապետության տարածքում մարտի 3-ի երեկոյան, 4-ցերեկն առանձին շրջաններում, 4-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն: Մարտի 5-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հյուսիսարեւմտյան հատվածում 2-5մ/վ է: Մարտի 3-ի ցերեկն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ, մարտի 4-ին եւ 6-ին՝ 12-15մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանը 3-8-ին ե՛ւ գիշերը, ե՛ւ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 10-13 աստիճանով։

 

 

 




Լրահոս