«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արտավազդ Ալավերդյանի հետ: Նա միացել է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի հացադուլին:
-Պարո՛ն Ալավերդյան, Դուք նույնպես միացել եք Մանե Թանդիլյանի հացադուլին: Ձեր կարծիքով՝ այս գործողությունները ի՞նչ արդյունք կտան: Ի՞նչ սպասելիքներ ունեք:
-Սա մեր զորակցությունն ու աջակցությունն է Ռուբեն Վարդանյանին եւ մեր բոլոր գերիներին` Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին եւ մյուսներին: Նախ` պայքարի այս ձեւով մենք աջակցում ենք իրեն եւ հորդորում ու խնդրում, ինչու չէ նաեւ ակնկալում, որ տեսնելով կատարվողը` գոնե դուրս կգա հացադուլից, որովհետեւ իր կյանքին վտանգ է սպառնում, իր առողջական վիճակը ծանր է: Մեր ակնկալիքը մեր գերիների հարցը բարձրաձայնելն է եւ հարցին լուծում տալը։
-Որքա՞ն է շարունակվելու հացադուլը:
-Ես չեմ կարող հիմա ասել, թե որքան կշարունակվի, որոշված ժամկետ չկա: Դա կախված է նրանից, թե ինչ գործողություններ, արձագանքներ կլինեն ժողովրդի, հանրության կողմից: Մենք նաեւ միջազգային հանրությանն ենք նամակներ ուղարկում:
-Իսկ Ձեզ համար հասկանալի՞ է միջազգային հանրության լռության պատճառը: Ինչու՞ են լռում միջազգային կառույցները: Նրանք մշտապես խոսում են մարդասիրությունից, մարդու իրավունքների պաշտպանությունից, իսկ երբ լուսանկարներ են տարածվում, որ Բաքվում խոշտանգվում են մարդիկ, ինչո՞ւ են այդ կառույցները լռում:
-Ի սկզբանե արցախահայության հայաթափման մասին անդրադարձը ու Արցախի հետ կապված դիրքորոշումը միջազգային կառույցների կողմից, անհասկանալի չասեմ, բայց անընդունելի էր ինձ համար: Երբ արդեն հայաթափումը տեղի ունեցավ, ու հայերը դուրս էին գալիս Արցախից, մեր առաջնորդների կալանավորումն արդեն իսկ աղաղակում էր այն մասին, որ մարդասիրական ոչ մի սկզբունք էլ չի պահպանվում, եւ միջազգային ոչ մի նորմ չի պաշտպանվում: Էլ ուր մնաց՝ խոսենք դատավարության մասին, այն կտտանքների, որոնց ենթարկվում են մեր տղաները Բաքվում: Ամբողջ հայ ազգն է ենթարկվում այդ խոշտանգումներին, որովհետեւ այդ դատավարությունը տեսնելով, դրան հետեւելով՝ բոլորիս համար պարզ է դառնում, որ այստեղ անձերի հարց չէ, այլ քննարկվում, քննադատվում եւ դատվում է Հայաստանն ու հայը առհասարակ: Ես` որպես հայ, ինձ անվտանգ չեմ զգում, առավել եւս անվտանգ չեմ զգալու, երբ Հայաստանից ոտքս դնեմ դուրս: Սա կարող է կատարվել ցանկացածի հետ: Ալիեւյան ռեժիմը կարող է ինչ-որ շինծու մեղադրանքներով գործ հարուցած լինել ցանկացած հայի նկատմամբ, ով սատարել է Արցախին: Նրանք կարող են նույն կերպ ցանկացածին առեւանգել, տանել:
Հիշեցնենք, որ «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը արդեն 5 օր է հացադուլ է սկսել Ազատության հրապարակում: Նա այս քայլով իր աջակցությունն է հայտնում Ռուբեն Վարդանյանին եւ միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում նրա նկատմամբ արված խոշտանգումներին: Նշենք, որ Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը, որը կտտանքների է ենթարկվում ադրբեջանական բանտում, արդեն 16 օր է հացադուլի մեջ է։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
«ՏԱՐԵԼԻՑԸ ԽԱՅՏԱՌԱԿ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆՔ ԴԻՄԱՎՈՐՈՒՄ». ԴԵՄՈՅԱՆ
ԳԱԱ Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմաբան Հայկ Դեմոյանը գրում է.
«Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը դիմավորում ենք ամենախայտառակ ու անկումային իրավիճակում. Հայոց ցեղասպանության պատմական փաստի ժխտում ՀՀ իշխանությունների կողմից, սրբադասված նահատակների հիշատակի պղծում, եկեղեցու լիակատար լռություն, մտավորականության մեծամասնության ու հատկապես պատմաբանների համագործակցություն ազգային հիշողությունն ու ժառանգությունը արժեզրկող ու կեղծող ապիկարների հետ:
Ակնհայտ է նաեւ սփյուռքյան որոշ ինտելեկտուալ շրջանակների բացահայտ հովանավորչությունը ՀՀ-ում անօրինական ճանապարհով իշխանությունը զավթած օտարահաճ գործակալների խմբի հանդեպ: Մի խոսքով, ազգային ողբերգության մի նոր արար, որին մասնակցում են բոլորը` իրենց ունակությունների ու կարողությունների ներածին չափով: Ու բոլորը հույս են տածում, որ իրենց լռությունն ու հակապետական, հակազգային գործերն ու վարքը շատ արագ մոռացվելու են ու չեն հիշվելու…. Սին հույսեր ու պատրանքներ. ամեն ինչ արձանագրվում է` հաջորդ սերունդներին փոխանցելու համար:
Մոտ օրերս կհրապարակեմ մինչ օրս չհանրայնացված փաստեր` Հայոց ցեղասպանության թանգարանում տեղ գտած քստմնելի մի շարք դրվագներով ու կտեսնեք, թե հանրության շրջանում նկատելի ու ճանաչելի դառնալու անհույս ճիգեր գործադրող որոշ անձանց ու իրենց հովանավորների իրական ինքնությունները: Սա պարտադիր է, համբերեք մի քանի օր:
Հայոց ցեղասպանության հիշողությունն առաջին հերթին անվտանգության ու ինքնապահպանության հարց է, այլ ոչ թե սահմանային առեւտրի ու այլընտրանքային արտահանում ապահովելու խնդիր: Մոռանում ես դա, կամ գիտակցաբար մոռացության ես տալիս այդ հիշողությունը, ուրեմն դատապարտված ես վերապրելու նույնը: Սա է պարզ բանաձեւումը: Համատարած ապատիան ու ինքնապահպանության կոլեկտիվ բնազդի բթացումը, որը հովանավորվում է իշխանությունների ու նրանցից սնվող ու վճարվող քարոզիչների կողմից, թիրախավորում են հենց այդ ինքնապահպանության բնազդը:
Սկսելու եմ Հայոց ցեղասպանության թեմայի վերաբերյալ կարճ պատմությունների հրապարակումը, որոնք հանրային հասանելի ձեւաչափով կօգնեն հասկանալ տեղի ունեցած ողբերգության իրական ծավալներն ու հետեւանքները: Միաժամանակ հորդորում եմ բոլորիդ միանալ հիշողության ու ոգեկոչման մի կարեւոր արարողության. մինչ ապրիլի 24-ը որպես հարգանքի ու հիշատակի տուրք, կարդացեք վերապրողի հինգ հուշագրություն: Ընդամենը հինգ ճակատագիր, որը կօգնի մեզ հասկանալ ու վերարժեւորել մարդկային կյանքն ու մաքառումի սխրանքը, կօգնի մեզ հասկանալու իրական արժեքներն ու դուրս գալ նոր աղետ նախանշող համազգային թմբիրից:
Վստահեցնում եմ Ձեզ, որ նման հուշագրությունների ընթերցումից հետո կփոխվի Ձեր աշխարհընկալումն ու արժեքային համակարգը: Իմ նպատակը սոսկ ընթերցանությունը չէ: Այսպիսի գրքերի ընթերցումը կնպաստի այն ընկալման ամրապնդմանը, որ լինելով լիակատար ոչնչացման դատապարտված տեսակ, իրավունք չունենք անհանդուրժողականություն ու ատելություն տածել միմյանց նկատմամբ… Ուղղակի իրավունք չունենք…
Իսկ դա, հիշե՛ք, այս պահին տարվող պետական քաղաքականության կարեւոր մասն է, քանզի ատելության ու անհանդուրժողականության սերմանումը իշխանություն պահելու լավագույն մեթոդներից է…»։























