
Freedom House միջազգային հեղինակավոր կազմակերպությունն հրապարակել է «Ազատությունն աշխարհում – 2025» զեկույցը՝ «Դժվարին պայքար իրավունքների համար» վերտառությամբ: Այն գնահատում է աշխարհում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների վիճակը:
Այս տարվա զեկույցում արձանագրվել է, որ 60 երկրում քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների առումով անկում է գրանցվել, իսկ բարելավումներ արձանագրվել են միայն 34 երկրներում։
Իրավապաշտպան կազմակերպության տարեկան զեկույցի համաձայն՝ համաշխարհային ազատությունը 19-րդ տարին անընդմեջ անկում է ապրում, իսկ այնտեղ, որտեղ արձանագրվել է ժողովրդավարության հետընթաց, իրավունքների եւ ազատությունների դեգրադացման հիմնական գործոններն են բռնությունը եւ քաղաքական հակառակորդների հանդեպ ճնշումներն ընտրությունների ժամանակ, շարունակվող զինված հակամարտություններն ու ավտորիտար գործելակերպի տարածումը:
«Ադրբեջանից եւ Ալժիրից մինչեւ Ռուսաստան ու Ռուանդա ավտորիտար իշխանություններն իրենց քաղաքական հակառակորդներին ձերբակալում, բանտարկում կամ հեղինակազրկում են՝ [իրենց] պարտության նույնիսկ նվազագույն հավանականությունը բացառելու համար»,- գրել է Freedom House-ը:
Ոչ ազատ համարվող 67 երկրներից եւ տարածքներից 17-ն ունեն քաղաքական իրավունքների եւ քաղաքացիական ազատությունների ամենավատ միավորները: Դրանց թվում են Աֆղանստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Սիրիան, Թուրքմենստանը եւ այլ երկրներ, ինչպես նաեւ տարածքներ, ներառյալ Արեւմտյան Սահարան, Գազայի հատվածը, Տիբեթը եւ Ռուսաստանի օկուպացիայի ներքո գտնվող Ուկրաինայի տարածքները:
Freedom House-ի համաձայն՝ նախորդ 19 տարիների ընթացքում միավորների ամենամեծ անկումը գրանցվել է Սալվադորում, Սերբիայում եւ Վենեսուելայում, որտեղ ղեկավարների կողմից ժողովրդավարական ինստիտուտների վերացումը արմատավորել է ավտորիտար կառավարման ձեւ:
2005 թվականից ի վեր մեծ անկումներ ունեցած այլ երկրներից են ԿենտրոնաԱֆրիկյան Հանրապետությունը, Հայիթին եւ Մալին, «որտեղ բռնությունն ու անապահովությունը երկար ժամանակ խոչընդոտել են մարդկանց՝ խաղաղ ապրելուն եւ իրենց հիմնարար իրավունքներին տեր կամնգնելուն»:
Միջազգային կազմակերպության պնդմամբ՝ չնայած ազատության շարունակական գլոբալ անկմանը, մի շարք երկրներում արձանագրվել են դրական փոփոխություններ եւ բարեփոխումներ իրականացնելու միտում՝ ժողովրդավարության ու ազատության զարգացման նպատակով:
Որպես «լուսավոր կետեր» Freedom House-ն առանձնացրել է քաղաքական փոփոխությունները Բանգլադեշում, որոնք երեւան եկան, սակայն, ոչ թե ընտրությունների, այլ բողոքի զանգվածային ցույցերի արդյունքում, Շրի Լանկայում՝ նորընտիր նախագահ Անուրա Կումարա Դիսանայակենի նախաձեռնած բարեփոխումները, սահմանադրական փոփոխություները Սենեգալում եւ Բոտսվանայում:
Ըստ զեկույցի՝ «միայն կայուն եւ համակարգված գործողությունները կարող են հակադարձել գլոբալ ազատության գրեթե երկու տասնամյակ տեւող անկումը ու ապահովել, որ ավելի շատ երկրներ վայելեն անվտանգություն, բարգավաճում եւ ժողովրդավարական կառավարման առավելությունները»:
Շարունակությունը՝ ArmLur.am կայքում
ԻՆՉՈՒ ԷՐ ՀԱՅՏԱՐԱՐՎԵԼ «ԶԳՈՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄ»
Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղում խառնաշփոթ իրավիճակ է եղել եւ իրավապահները ուշագրավ բացահայտում են արել:
ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Գոռ Նիկոյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2025 թվականի փետրվարի 19-ին՝ ժամը 17:10-ի սահմաններում, «Լեքսուս» մակնիշի 67 VL 777 համարանիշի ավտոմեքենայով Դավիթ Հովսեփյանի եւ Նորիկ Մանուկյանի հետ Վրաստանի Հանրապետությունից Երեւան քաղաք վերադառնալու ճանապարհին՝ Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեպար ավտոմայրուղու միջնամասում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի Հանրապետությունների սահմանապահ զորքերի կողմից վերահսկվող բաժանարար գծից մոտ 270 մետր հեռավորության վրա, Նորիկ Մանուկյանի կողմից, վերջինիս պատկանող 9 մմ տրամաչափի ազդանշանային ատրճանակից երկու կրակոց է արձակել՝ թույլ տալով անհարկի խախտել պետական սահմանին տիրող լռությունը եւ պետական սահմանի պահպանություն իրականացնող անձանց անդորրը, ինչպես նաեւ խոչընդոտելով ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի «Տավուշ» առանձին սահմանապահ պարետատան բնականոն գործունեությունը, այն է՝ անձնակազմին հայտարարվել է «զգոնության բարձրացում», որի հետեւանքով նույն պարետատան «Ոսկեպար» ուղեկալում ծառայություն իրականացնող սահմանապահ վերակարգը շեղվել է բուն ծառայությունից, պահպանության ներքո գտնվող սահմանային տեղամասի պահպանությունը թուլացել է եւ նշված հատվածի պահպանության համար նախատեսված ուժերն ու միջոցները ծառայեցվել են այլ ուղղությամբ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԿՏՐԱՄԱԴՐԵՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ
Եվրամիությունը դիտարկում է Հայաստանին եւս 10 միլիոն եվրոյի ոչ հարձակողական օժանդակության տրամադրումը Եվրոպական խաղաղության հիմնադրամից, որի նպատակն է աջակցել դաշնակիցների պաշտպանությանը։ Ինչպես հաղորդում են «Ազատության» Բրյուսելի աղբյուրները, Եվրամիության արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասն այդ մասին առաջարկը ներկայացրել է ԵՄ խորհրդին, որն էլ պետք է այն քննարկի առաջիկա շաբաթներին։ Քննարկման կոնկրետ օրը, սակայն, դեռ հստակ չէ։
Առաջարկն ուժի մեջ կմտնի, եթե հավանություն տան Միության անդամ բոլոր 27 երկրերը։ Անցած տարի, օրինակ, Հունգարիան արգելափակել էր այս օգնության տրամադրումը՝ պահանջելով, որ ծրագրում նաեւ Ադրբեջանը ներառվի։ Շաբաթներ շարունակված դռնփակ բանակցություններից հետո եվրոպացի դիվանագետներին այն ժամանակ հաջողվել էր հաղթահարել Բուդապեշտի դիմակայությունը:
Թե ինչ դիրքորոշում ունեն այս հարցի վերաբերյալ Բուդապեշտն ու մյուս անդամ երկրները հիմա, հստակ չէ։
Հայաստանն անցած տարի առաջին անգամ 10 միլիոն եվրո ստացավ Եվրամիության Խաղաղության հիմնադրամից:
Եվրամիության Խաղաղության հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին՝ աշխարհում հակամարտությունները կանխելու եւ կարիքավոր երկրներին ոչ մահաբեր զինատեսակներ մատակարարելու համար: