
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունը ուղարկել է մրցութային հանձնաժողով։ Ասել է թե՝ առաջիկայում կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության օրը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն արդեն ավարտական փուլին է հասել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների բարեվարքության եզրակացությունների հարցում։ Այս պահին հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուները հինգն են՝ փաստաբան Կարեն Բատիկյանը, Սերժ Սարգսյանի դեմ հարուցված քրեական գործով քննիչ Արտաշես Մաիլյանը, քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Նահապետյանը, Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը եւ Գեւորգ Քոչարյանը, որը Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատախազ է եւ ներգրավված է ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ մի շարք աղմկահարույց գործերով։
Նկատենք, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ընտրության համար երկրորդ անգամ է անցկացվում մրցույթ, քանի որ առաջին մրցույթում միակ թեկնածու Ռաֆայել Երիցյանը չհաղթահարեց մրցույթի պահանջված միավորները: Նշենք, որ մինչեւ Կառավարության կողմից նշանակվելուն հասնելը, Կոմիտեի նախագահի թեկնածուն պետք է նախ մրցութային հանձնաժողովում հավաքի անցողիկ միավորներ, ապա դրանից հետո վարչապետը նրան կնշանակի նախագահ:
Նախ թեկնածուների փաստաթղթերն են ուսումնասիրվում՝ արդյոք թեկնածուները համապատասխանում են չափանիշներին, եւ դրական կարծիքի դեպքում արդեն մրցութային խորհուրդը քննության օր է նշանակում եւ ուղիղ եթերում քննում թեկնածուներին, որից հետո բարեվարքությունն են քննում, ապա թեկնածուները մասնագիտական հարցերին են պատասխանում։ Առավելագույն միավորներ հավաքած թեկնածուներից մեկն էլ ընտրվում է նախագահ:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԿԱՆԽՎԵԼ Է ԹՄՐԱՄԻՋՈՑԻ ԻՐԱՑՄԱՆ ԴԵՊՔ
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան:
Տեղեկությունները փոխանցվել են Քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 եւ 42-ամյա երկու տղամարդ՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։
Կատարվում է նախաքննություն:
ՀԵՏԱՊՆԴՈՒՄ՝ 9 ԵՐԿՐՊԱԳՈՒԻ ՆԿԱՏՄԱՄԲ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» մարտի 1-ի հանդիպման ընթացքում բողոքի ակցիայի մասնակից 9 երկրպագուի նկատմամբ խուլիգանության հոդվածով հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
Նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Արդեն մի քանի ամիս Ֆեդերացիայի ղեկավարության հրաժարականը պահանջող երկրպագուները շաբաթ օրը «Փյունիկ»-«Արարատ Արմենիա» հանդիպման 6-րդ րոպեին հերթական ակցիան սկսեցին՝ ճայթուկներ վառեցին ու մտան խաղադաշտ: Խաղը ժամանակավորապես հետաձգվեց, ֆուտբոլիստներին ուղարկեցին հանդերձարան:
Պաշտոնական հեռարձակումը շարունակվեց չեզոք կադրով։ Քիչ անց սոցցանցերը հեղեղվեցին տեղից արված տեսանյութերով, որոնցում երեւում էր, թե ինչպես են կարմիր բերետավորները ուժ գործադրում ակցիայի մասնակիցների նկատմամբ։ Ավելի ուշ տեղեկություն տարածվեց, որ 9 երկրպագու է ձերբակալվել։
Տեղի ունեցածից մեկ օր առաջ երկրպագուները նմանատիպ ակցիա էին իրականացրել նաեւ «Գանձասար»-«Արարատ» հանդիպման ընթացքում: Ֆուտբոլի ֆեդերացիան այդ օրը հայտարարություն էր տարածել, թե այս անգամ զերծ է մնում համապատասխան միջոցառումներ ձեռնարկելուց։ Շաբաթ օրվանից ձերբակալված երկրպագուները երեկ ազատ են արձակվել։
Ք. Մ.
ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է
ArmLur.am-ի տեղեկություններով՝ Երեւանի քաղաքապետարանի կոմունալ վարչության պետ Արսեն Կարոյանը Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում երեկ ձերբակալվել է։ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը։ Հիշեցնենք, որ փետրվարի սկզբին եւս 4 անձ էր ձերբակալվել, այդ թվում՝ Երեւանի Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության նախկին պետ Ռոբերտ Դարբինյանը, քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության տարածքային 2-րդ բաժնի պետ Միքայել Ղիմոյանը, Հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արամ Գյուլզադյանը։ Բոլորն էլ կալանավորվել են։ Արսեն Կարոյանը ձերբակալվել է այս գործի շրջանակում։
Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը գրել է նաեւ, որ դեռեւս նախորդ ամիս՝ Երեւանի քաղաքապետարանի պաշտոնյաների ձերբակալությունից հետո, նշված գործի շրջանակում երեկ ձերբակալվել է Երեւանի քաղաքապետարանի եւս մեկ պաշտոնյա։
Ք. Մ.