ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ՀԱՎԱՍՏԻ ՉԵՆ ԵՂԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առողջապահության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանը սոցցանցի իր էջում հրապարակում էր կատարել Մարտունու ԲԿ-ի վերաբերյալ։

 

Իր հրապարակման մեջ Պողոսյանը նշել է, որ Մարտունու ԲԿ-ի տնօրեն Անդրանիկ Հարությունյանը, ով ազատվել էր տնօրենի պաշտոնից, 1-2 ժամ անց նշանակվել է Մարտունու ԲԿ-ի ժամանակավոր պաշտոնակատար։

«Եվ ահա այսօր՝ 1 տավա մեջ 4-րդ անգամ, կայացավ Մարտունու ԲԿ-ի մրցույթը՝ առանց հաղթողի։

Եվ այսպես, 2024 թվականի դեկտեմբերի 2-ին Անդրանիկ Հարությունյանին հանձնաժողովը քվեարկությամբ 7 կողմ ձայնով թույլ չտվեց մասնակցել մրցույթին, քանի որ նա չուներ 3  տարվա մասնագիտական ստաժ։ Սակայն դա չխանգարեց Գեղարքունիքի մարզպետին Անդրանիկ Հարությունյանին նշանակել ժամանակավոր պաշտոնակատար», – սոցցանցի իր էջում գրել է Պողոսյանը։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Մարտունու ԲԿ-ի մրցույթին հետաքրքրության պակաս չի եղել։ Երբ ուսումնասիրվել են Անդրանիկ Հարությունյանի թղթերը, պարզվել է, որ վերջինիս աշխատանքային գրքույկում եղել է ռուսերեն գրառում աշխատանքային փորձի եւ տեղեկանքի մասին, եւ հետաքրքիրն այն է, որ ոչ մեկի ամսաթվերը իրար չեն համապատասխանել։

Ավելին՝ ՀՀ առողջապահության նախարարությունը հարցում էր արել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությանը Անդրանիկ Հարությունյանի աշխատանքային փորձի վերաբերյալ, եւ ուշագրավն այն է, որ ստացված պատասխանը բացասական է եղել, ինչն էլ նշանակում է, որ վերջինիս փորձը չի համապատասխանում։

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ մարզպետարանը կողմ է քվեարկել եւ նշել, որ առկա փաստաթղթերը ճշգրիտ փաստաթղթեր են, մինչդեռ առողջապահության նախարարությունը նշել է, որ դրանք համապատասխան փաստաթղթեր չեն։

Մարտունու ԲԿ-ի ժ/պ հանդիսացող Անդրանիկ Հարությունյանը մրցույթը չի հաղթահարել, քանի որ մասնագիտական առումով, բնականաբար, չուներ այն հմտությունները, որոնք պետք էին, սակայն ամբողջ հարցն այն է, որ մարզպետարանն ընդունել էր այդ փաստաթղթերը եւ ոչ մի լիազորված գործիքով չէր ստուգել այդ փաստաթղթերի հավաստիությունը եւ, ենթադրաբար, չէր էլ ցանկացել ստուգել։

Նախարարության բոլոր փաստարկներին եւ սոցապ նախարարության հարցմանը նրանք դեմ են գնացել՝ պնդելով, որ այդ փաստաթղթերը իրավաչափ են, եւ պետք է Անդրանիկ Հարությունյանը մասնակցի մրցույթին։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ԴԻՊԼՈՄ ՉՈՒՆԵՆ, ԲԱՅՑ ՊԱՇՏՈՆ ԵՆ ԶԲԱՂԵՑՆՈՒՄ

Տավուշի մարզում բարձրագույն կրթությամբ հազարավոր անձինք կան, որոնք աշխատանք չունեն։ Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից ազատվել են բարձրագույն կրթություն չունեցող 55 անձինք, որոնցից շատերը, ունենալով միջին մասնագիտական մանկավարժական կրթություն, երկար տարիներ հաջողությամբ դասավանդում էին։ Տավուշի մարզի համայնքներում օրենքի ուժով աշխատանքից ազատվել են 1000-ից ավելի բնակիչ ունեցող բնակավայրերի այն վարչական ղեկավարները, որոնք չունեն բարձրագույն կրթություն։ Իսկ Տավուշի մարզպետարանում աշխատում են բարձրագույն կրթություն չունեցող 2 պաշտոնյաներ։ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցրել ենք՝ Տավուշի մարզպետի աշխատակազմի 2 պաշտոնյաները, ովքեր բարձրագույն կրթություն չունեն, աշխատակազում ի՞նչ պաշտոններ են զբաղեցնում։ Մարզպետարանից պատասխանել են. «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի բարձրագույն կրթություն չունեցող երկու քաղաքացիական ծառայողներից մեկը գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության վարչության, իսկ մյուսը ֆինանսական վարչության մասնագետներ են:

Քաղաքացիական ծառայության մասնագիտական պաշտոնների 6-րդ, 7-րդ եւ 8-րդ ենթախմբերի պաշտոնները զբաղեցնելու համար Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է ունենա առնվազն միջնակարգ կրթություն»։

 

 

 

ՎԱՃԱՌՈՂՆԵՐԸ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆՈՒՄ

Ներկայումս Նոյեմբերյան համայնքի բնակավայրերում կարտոֆիլի կիլոգրամը, կախված դրա որակից, չափերից, վաճառվում է 100-150 դրամով, իսկ Երեւանում՝ 250-300 դրամով։ Նոյեմբերյան համայնքում գյուղի կովերի 1 լիտր անարատ կաթը վաճառվում է 250-300 դրամով, երբ Երեւանի սուպերմարկետներում կասկածելի բաղադրության կաթի լիտրի գինը 520 դրամ է, իսկ Դիլիջան համայնքում թողարկվող «Դիլի» ապրանքանիշի անարատ, 0,75 լիտր տարողությամբ շշով կաթի գինը՝ 900 դրամ։ Նոյեմբերյան համայնքի Բագրատաշեն գյուղի բնակիչ Մուշեղ Մամուլյանը բողոքում է. «Այգուց միրգը` արքայանարինջը, 100-150 դրամով մի կերպ ենք վաճառում, մի կերպ են տանում, իսկ Երեւան քաղաքի սուպերմարկետներում դրա գինը 700-1000 դրամ է»։  Գյուղմթերքներ վերավաճառողներն ավելի շատ շահույթ են ստանում, քան դրանք արտադրողները, ուստի հեռավոր մարզերի գյուղերում նվազում են մշակվող հողատարածքները, պահվող անասունների քանակը։

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ 

Տավուշ




Լրահոս