
ArmLur.am-ի խմբագրություն էր դիմել 2023թ. Արցախից բռնի տեղահանված, ներկայումս Գորիսում հաստատված Ժորա Հայրապետյանը: Նա ներկայումս սովորում է Գորիսի պետական համալսարանում: Ստեփանակերտում աշխատել է փաստաբանական գրասենյակում որպես՝ գործավար, փաստաբանի օգնական: Ներկայումս չի աշխատում, ասում է՝ Գորիսում բարդ է աշխատանք գտնելը:
Ընտանիքում երեք հոգի են՝ ինքը, մայրը եւ թոշակառու տատիկը: Ընտանիքում այս պահին միակ եկամուտը իր տատիկի ստացած թոշակն է եւ Կառավարության կողմից տրամադրվող 40 հազար դրամ աջակցությունը՝ որն էլ ապրիլին կնվազի, իսկ մյուս տարի հունվարից այլեւս չի լինի: Ընտանիքի դրությունը ավելի է բարդանում, քանի որ Հայաստանում դեռ չունեն ձեռք բերած գույք եւ Գորիսում ապրում են վարձով: Ընտանիքի ստացած եկամուտը չի բավարարում բնակարանի վարձի, սննդի, դեղորայքի եւ կոմունալ ծախսերի համար:
Շատ արցախցիների պես իրենց ընտանիքն էլ դժգոհ է Կառավարության որոշումից՝ որով կնվազեցվի տեղահանվածներին տրամադրվող աջակցությունը:
Խնդիր է նաեւ որ իրենք չեն համարվում ՀՀ քաղաքացիներ, սակայն երկար տարիներ բոլոր միջազգային կառույցները իրենց համարել են Հայաստանի քաղաքացի:
Երիտասարդ արցախցու համար անհասկանալի է շարունակում մնալ, թե ինչու պետք է հիմա դառնան ՀՀ քաղաքացիներ, եթե իրենց անձնագրերում գրված է, որ իրենք ՀՀ քաղաքացի են: Այս ընթացքում շատ բարդություններ են առաջանում փաստաթղթերի վերաբերյալ, կես կատակ, կես լուրջ նշում է, որ դարձել է իրենց բնակարանի իրավաբանը եւ փաստաբանը:
Ընտանիքի համար լուրջ խնդիր է նաեւ դեղորայքի հարցը, քանի որ մայրն ունի շաքարային դիաբեդ, Արցախում իրենց անհրաժեշտ դեղամիջոցը տրամադրում էին, սակայն Գորիսի պոլիկլինիկայից ասում են, որ իրենք տվյալ դեղից չունեն:
Ժորայենց ընտանիքը դեռ չի դիմել բնակարանների փոխհատուցման ծրագրի համար, ըստ այդ փոխհատուցման՝ ամենայն հավանականությամբ կտրամադրեն 10-15 միլիոն դրամ: Սա, ըստ մեզ հետ զրուցած արցախցու, բավարար չէ, այդ գումարով իրենք չեն կարող բնակարան գնել, քանի որ շուկայական հարաբերություններում բնակարանները ավելի թանկ են: Նա համարում է, որ ավելի արդարացի կլինի, եթե իրենց փոխհատուցեն Արցախում թողած իրենց ունեցվածքին համապատասխան:
ԱՐՄԵՆ ԽԵՉՈՒՄՅԱՆ
ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ
ՀՀ Կառավարությունը կվերադարձնի տարեկան հայտարարագիր լրացրած քաղաքացիների եկամտային հարկը՝ որպես առողջապահության եւ/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի փոխհատուցում։ Կառավարությունը պատրաստել եւ հրապարակել է ուղեցույց, որտեղ քաղաքացիները կարող են ծանոթանալ որոշման բոլոր պայմաններին։
Եկամտային հարկ վճարող եւ տարեկան հայտարարագիրը լրացրած քաղաքացիները կարող են Կառավարության կողմից ստանալ փոխհատուցում իրենց կամ իրենց ընտանիքի անդամների կրթության, ատամնաբուժական ծառայությունների կամ առողջապահական ապահովագրության փաթեթների ձեռքբերման դիմաց։ Փոխհատուցումը յուրաքանչյուր հաշվետու տարվա համար չի կարող գերազանցել 100 հազար դրամը, ինչպես նաեւ պարտադիր պայման է վճարումներն իրականացնել անկանխիկ եղանակով (բացառություն է միայն դպրոցական դասագրքերի համար վճարվող գումարը):
ՈՐ ՄԹԵՐՔՆԵՐՆ ԵՆ ԴՐՈՇՄԱՎՈՐՎԵԼՈՒ
ՊԵԿ-ից հաղորդագրություն են տարածել, որտեղ հիշեցվում է. «ՀՀ կառավարության կողմից հաստատվել է Հայաստանում նույնականացման միջոցներով դրոշմավորման ենթակա մի շարք ապրանքների ցանկը եւ դրոշմավորման ներդրման ժամկետները։ Մասնավորապես.
2025 թվականի մարտի 1-ից նույնականացման միջոցներով դրոշմավորվում են թեյը եւ սուրճը, կենդանական եւ բուսական յուղերը, ձեթը, պահածոյացված մթերքը, շոկոլադը եւ կակաո պարունակող սննդամթերքը, մակարոնեղենը, գազավորված եւ ոչ գազավորված ըմպելիքները, ոչ ալկոհոլային խմիչքները, գարեջուրը եւ քացախը (ԱՏԳ ԱԱ 0901, 0902, 0903 00 000 0, 2101, 1504, 1505 00, 1506 00 000 0, 1507, 1508, 1509, 1510, 1512 11 910, 1512 19 900, 1515, 1516 20 960 2, 1517, 1602, 1604, 1605, 2001, 2002, 2003, 2004, 2005, 2006 00, 2007, 2008, 1806, 1902, 1903 00 000 0, 1904, 2009, 2202, 2203 00, 2209 00):
2025 թվականի հունիսի 1-ից դրոշմավորվելու են` մսամթերքը, կաթնամթերքը, պաղպաղակը, երշիկեղենը եւ կենդանիների կերը (ԱՏԳ ԱԱ 0207, 0209, 0210, 0401, 0402, 0403, 0404, 0405, 0406, 2105, 1601 00, 1603 00, 2309):
2025 թվականի սեպտեմբերի 1-ից նաեւ դրոշմավորվելու են` նավթավերամշակման արտադրանքը, ներկանյութերը, լաքերը եւ չորարարները (ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0, 2710 19 750 0, 2710 19 820 0, 2710 19 840 0, 2710 19 860 0, 2710 19 880 0, 2710 19 920 0, 2710 19 940 0, 2710 19 980 0, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0, 3203 00, 3204, 3206, 3207 10 000 0, 3208, 3209, 3210 00, 3212, 3205 00 000 0, 3211 00 000 0)։
2026 թվականի հունվարի 1-ից` դեղերը, վիտամինները օծանելիքը, կոսմետիկան հիգիենայի եւ խնամքի միջոցները (ԱՏԳ ԱԱ 2936, 3002 41 000 0, 3002 42 000 0, 3004, 3006 30 000 0, 3006 60 000, 3303 00, 3304, 3305, 3306, 3307, 3401, 3402)։