ԻՆՉՆ Է ԱՅԴՔԱՆ ԳՐԱՎԵԼ ԱՄԵՐԻԿՅԱՆ ԿԻՆՈԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարտի 3-ին ամբողջ համացանցը ցնցեց «Օսկար» մրցանակաբաշխությունը, որում «Անորա» ֆիլմը նվաճեց միանգամից 5 ոսկե արձանիկ՝ 6 անվանակարգերում նոմինացված լինելուց հետո արժանանալով 5 «Օսկարի»։

 

Իհարկե այս ամենը աժիոտաժ չէր առաջացնի, եթե ֆիլմում նկարահանված չլինեին հայազգի դերասաններ Վաչե Թովմասյանն ու Կարեն Կարագուլյանը։

Ի սկզբանե ֆիլմը «Օսկարի» մրցանակաբաշխությանը նոմինացված է եղել 6 անվանակարգում, սակայն ինչպես արդեն հայտնեցինք, արժանացել է 5-ին։

Ֆիլմը նոմինացվել է «Լավագույն ֆիլմ» անվանակարգին եւ ստացել հայտնի ոսկեզօծ արձանիկը։ «Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել Շոն Բեյքերը դարձյալ «Անորա» ֆիլմի համար, իսկ լավագույն դերասանուհի՝ Մայքի Մեդիսոնը։ Ֆիլմն արժանացել է «Օսկարի» նաեւ «Լավագույն մոնտաժ» եւ «Լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգերում։

Էկրաններ բարձրանալուց ի վեր ֆիլմի քննադատները բաժանվել են երկու բեւեռների. մի մասը ֆիլմը համարում է ուսուցողական, խոր եւ բարոյախրատական, իսկ մի մասն էլ այն համարում է դասական հիմարություն, դեգրադացնող ֆիլմ։

Ըստ կինոքննադատների՝ մրցանակներից «Լավագույն օրիգինալ սցենար» եւ «Լավագույն մոնտաժ» անվանակարգերը անիմաստ են, քանի որ այս անվանակարգերով էլ ավելի է արժեւորվում ֆիլմը։ Իհարկե, ամեն ոք ունի իր կարծիքը, որը բնական է։

ArmLur.am-ը ներկայացնում է, թե ինչի մասին է ֆիլմը։

«Անորայի» պրեմիերան կայացել է 2021 թվականի մայիսի 21-ին՝ Կաննի կինոփառատոնում։ Ավելի ուշ Կաննի կինոփառատոնում ֆիլմն արժանացել է «Ոսկյա արմավենու ճյուղի»։

Ֆիլմի գործողությունները տեղի են ունենում Բրուքլինում։ Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ մերկապարուհի Էնին՝  նույն ինքը Անորան, ամուսնանում է ռուս օլիգարխի որդու՝ Իվան Զախարովի հետ։ Փեսայի ծնողները, իմանալով կատարվածի մասին, եւ թե ում է որպես կողակից ընտրել իրենց որդին, հապճեպ գալիս են Նյու Յորք՝ ամեն բան կարգավորելու։

Ֆիլմում Վաչե Թովմասյանը՝ Գառնիկի, իսկ Կարեն Կարագուլյանը Թորոսի դերում են։

Կան կարծիքներ, որ ֆիլմում հայերի կերպարը շատ թյուր եւ սխալ ձեւով է ներկայացված, եւ նման կերպ ներկայացնելուց հետո էլ հայ ազգի մասին առաջանում է հակասական կարծիք ու պատկերացում։

Ինչո՞ւ հայ հանդիսատեսի, կինոսերի կողմից ֆիլմը չարժանացավ այնպիսի հիացմունքի եւ մեծարումների այնպես, ինչպես, օրինակ, ամերիկյան հանդիսատեսի կողմից։

Կան շատ տարբերակներ, որոնցից առաջինը կարելի է նշել ազգային մտածելակերպը, երկրորդ հերթին, հավանաբար, բաց տեսարաններն ու հերոսուհու մասնագիտության հանգամանքը։

Այնուամենայնիվ, մինչ այս պահը ֆիլմն ակտիվորեն քննարկվում, քննադատվում քարկոծվում կամ մեծարվում է։

Հարկ է նշել, որ ֆիլմի յուրաքանչյուր հաղթանակ վայելել են դերասանները, իրենց տպավորություններով կիսվել «Սթորիներ» բաժնում։

Վաչե Թովմասյանն իր ինստագրամյան միկրոբլոգի էջում ստացած յուրաքանչյուր «Օսկար»-ից  լուսանկար է հրապարակել Կարեն Կարագուլյանի հետ, եւ, ստանալով 5-րդ արձանիկը, նշել է, որ տուն են տանում 5 օսկար։

Դերասանների ոգեւորությունն այնքան մեծ էր, որ անգամ լողավազան գնացել են մրցանակներով։

Նշենք, որ ֆիլմի ռեյտինգը տարբեր կինոդիտման հարթակներում  7 եւ ավելի է։

ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ՖՐԱՆԿՈՖՈՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆԵՐԻ ԳՈՐԾԵՐԸ՝ ՄԵԿ ՏԱՆԻՔԻ ՏԱԿ

«Ֆրանկոֆոնիայի օրերը Հայաստանում» ծրագրի մեկնարկին ընդառաջ երեկ՝ մարտի 4-ին Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում բացվեց Salut Francophonie ցուցահանդեսը։ Ցուցադրությանը ներկայացված էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ երկրներից 18 արվեստագետների երեսունից ավելի աշխատանք։

 

Թանգարանի փոխտնօրեն Զառա Այրումյանն միջոցառմանը հայտնել է, որ  ցուցանմուշներն իրենց ֆոնդերից են։ «Կան ֆրանսիայից, Լիբանանից, Կանադայից, Հայաստանից տարբեր արվեստագետների գործեր։ Մեր մշտական ցուցադրության մեջ եւս ֆրանկոֆոն երկրներից արտիստների աշխատանքներ կան, սակայն հեղինակներից յուրաքանչյուրը մեկ գործով է ցուցադրված, ուստի չցանկացանք ընդհանուր էքսպոզիցիայից հանել», – նշել է նա։

Փոխտնօրենի խոսքով՝ ցուցադրվել են նաեւ նմուշներ, որոնց մասին թանգարանի հիմնադիր Հենրիկ Իգիթյանի ժամանակներից են հոգ տանում.  խոսքը Ժանսեմի եւ Անահիտ Աբրահամյանի կտավներին է վերաբերում։ Մյուս հեղինակներն ավելի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ են։

Այսօր՝ մարտի 5-ին, Հենրիկ Իգիթյանի ծննդյան օրն է։ Թանգարանը միշտ աշխատել է մարտի 5-ին ցուցադրություն կազմակերպել եւ նոր հեղինակների ներկայացնել, որովհետեւ Իգիթյանն իր առաքելությունը տեսել է նաեւ երիտասարդ ու տաղանդավոր նկարիչներին բացահայտելու մեջ։

«Այս ցուցադրությունն ակամայից նաեւ այդ նպատակին է ծառայել, որովհետեւ ներկայացված են նոր անուններ։ Հինգ կամ վեց հեղինակ ֆրանսիական Diaspoart կազմակերպության նկարիչներն են։ Կազմակերպության թե՛ հայ, թե՛ ֆրանսիացի նկարիչները միշտ արձագանքում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։ Նրանք մասնակցել են Հայոց ցեղասպանությանը վերաբերող ցուցահանդեսին, նաեւ որոշ աշխատանքներ են նվիրաբերել», – ընդգծել է նա։

Ցուցադրությանն այցելուները կարող են ծանոթանալ Ժանսեմի /Հովհաննես Սեմերջյան/, Լորան Նիսու Սունի, Վաչե Տեմերճեանի, Ասիլվայի, Նինա Խեմչյանի, Սիբի, Քրիստին Հագոբեանի, Տիպար Ասատուր Աբարդեանի, Թալին Զաբունեանի, Գրիգոր Նորիկյանի, Շահե Կազանի, Ամալի Գալստեանի (Ֆրանսիա), Լեո-Լեո Վարդանյանի, Հայկ Մեսրոպյանի, Ալեքսեյ Պապովյանի, Վաղարշակ Էլիբեկյանի (Հայաստան), Անահիտ Աբրահամյանի (Կանադա), Միրեյ Գոգիկյանի (Լիբանան) յուրահատուկ աշխատանքներին։




Լրահոս