
44-օրյա պատերազմից անցել է 5 տարի, սակայն մինչեւ օրս պատերազմում զոհված եւ նահատակված անձանց թիվն ավելանում է։
«Ժողովուրդ» օրաթերթը հարցմամբ դիմել էր ՀՀ քննչական կոմիտե եւ խնդրել էր տրամադրել 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված եւ անհետ կորած անձանց մասին հետեւյալ տեղեկությունները՝
- քանի անձ է զոհվել 44-օրյա պատերազմի ընթացքում, նրանցից քանիսն են եղել ժամկետային զինծառայող, քանիսը՝ պայմանագրային, քանիսը՝ կամավորագրված, քանիսը՝ աշխարհազորային։
- 44-օրյա պատերազմի ավարտից հետո քանի անհետ կորած զինծառայող կա։
ՀՀ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին պատասխանել են, որ փետրվարի 20-ի դրությամբ 2020 թվականի 44-օրյա մարտական գործողությունների ընթացքում զոհվել է 3 941 անձ, որից՝
1702-ը՝ ժամկետային զինծառայող,
860-ը՝ կամավորական,
864-ը՝ պահեստազորային,
143-ը՝ այլ զորքերի զինծառայողներ,
44-ը՝ քաղաքացիական անձինք։
Մինչ օրս անհայտ է 172 զինծառայողի եւ 19 քաղաքացիական անձի գտնվելու վայրը։
Եվս մեկ անգամ հարկ է հիշեցնել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը մինչ այսօր՝ 5 տարիների ընթացքում, չի հրապարակել որեւէ մաս գուցե նաեւ անպատրաստ զեկույցից։
Այս թվերին զուգահեռ հարկ է նշել, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ընդհանուր թիվը կազմել է 2900 զինվորական։ 14 զինվորական համարվում է անհետ կորած։
Նշենք, սակայն, որ սա պաշտոնական վարկածն է, որը միանշանակ կոծկում է իրականությունը։ Իսկ ոչ պաշտոնապես դեռ պատերազմի ավարտից անմիջապես հետո առանձին մասնագետներ կարծիք են հայտնել, որ Ադրբեջանի իրական զոհերը պաշտոնական հրապարակվելիք թվերին գերազանցելու են մի քանի անգամ։
Հարկ է նշել, որ քննչական կոմիտեից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին նաեւ, որ 2024 թվականի դեկտեմբերից մինչեւ ս.թ. փետրվարի 16-ն իրականացված աշխատանքների արդյունքում 6 զինծառայողների հարազատներ ընդունել են զոհվելու փաստը եւ կատարել հուղարկավորում։ 82 զինծառայողների հարազատները հրաժարվում են հուղարկավորել դատագենետիկական փորձաքննությունների արդյունքում նույնականացված մարմինները։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, որ 2020 թվականի սեպտեմբերին ընդունված օրենքով փորձում էր պայքարել քրեական կարգավիճակ ստանալու, տալու եւ պահպանելու դեմ, հիմա՝ 5 տարի անց, հասկացել է, որ Ռուստամ Բադասյանի բերած օրինագիծը ձախողեց քրեական ենթամշակույթի դեմ պայքարը։ Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը ՀՀ ԱԺ-ում հայտարարեց, որ գործող օրենքում փոփոխություններ են պատրաստում, որպեսզի քրեական բարձր աստիճանակարգ ունենալու կարգավիճակի գոյությունը եւ ունենալը դառնա քրեական հանցագործություն։ «Ժողովուրդ» օրաթերթին ՔՊ-ականները բացատրեցին, որ Կառավարությունը փորձում է գնալ հարեւան Վրաստանի օրինակով. կձերբակալեն այսպես ասած «օրենքով գողերին», տեսախցիկի առջեւ հարց կտան. «Դուք «օրենքով գո՞ղ» եք, կամ քրեական աստիճանակարգում բարձր դիրք ունե՞ք, թե՞ ոչ»։ Եթե մարդը պատասխանեց` «այո», ուրեմն կկալանավորվի, եթե «ոչ»՝ ազատ կարձակեն։ Բայց «ոչ» պատասխանն էլ իր խնդիրներն է առաջացնելու, քանի որ «օրենքով գողը», ըստ լեգենդների, չի կարող չխոստովանել իր կարգավիճակի մասին. նա կհեղինակազրկվի։ Ինչ կտա այս փոփոխությունների ընդունումը` բարդ է ասել, քանի որ դժվար է պատկերացնել, թե ինչպես պետք է հարցը ձեւակերպեն, որ քրեական աշխարհի ներկայացուցիչը մանեւրելու տեղ չունենա։ Հիշեցնենք՝ նախարար Սարգսյանը հայտարարել էր. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետեւ շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, շատ կարեւոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։ Այսինքն՝ նախարարը հրապարակավ խոստովանեց այն, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում էր օրենքի ընդունումից՝ 2020 թվականի սեպտեմբերից սկսած:
Վենետիկի հանձնաժողովի կարծիքը սառը ցնցուղ է ՍԴ-ի համար. Փաշինյանի «հատիկ-հատիկ» կեղծիքներից. մաս 4
«Ժողովուրդ» օրաթերթը, իր նախորդ համարներում անդրադառնալով «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի դրույթներին, գրել էր, որ Սահմանադրական դատարանը փակուղում է։ Կասեցրել է այդ օրենքի մասով գործի քննությունը. ո՛չ հակասահմանադրական է ճանաչում, ո՛չ էլ սահմանադրական, իսկ Դատախազությունն այդ ընթացքում մարդկանցից հիմնականում հաշտության հիմքով ունեցվածք է խլում։ Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի վարույթում քննվող, 2020 թվականի ապրիլի 16-ին ընդունված «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի` Սահմանադրությանը համապատասխանությունը ստուգելու վերաբերյալ գործը կասեցվել է, քանի որ ՍԴ-ն որոշել էր դիմել ԵԽ մասնագիտական Վենետիկի հանձնաժողովին՝ պարզելու, թե արդյոք օրենքը համապատասխանում է մարդու իրավունքների վերաբերյալ միջազգային եւ սահմանադրական չափանիշներին, մասնավորապես՝ սեփականության իրավունքի եւ արդար դատաքննության իրավունքի պաշտպանության համատեքստում, թե ոչ։ Եվ ահա, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին ստացել է Վենետիկի հանձնաժողովի մասնագիտական կարծիքը:
Իսկ ինչ է գրված միջազգային գործընկերների կարծիքում.
. «Օրենքի հիմքում ընկած գաղափարն ինքնին խնդրահարույց չէ միջազգային ստանդարտների եւ լավագույն փորձի տեսանկյունից: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է պարզել, թե արդյոք օրենքով սահմանված են հանրային շահի եւ բռնագանձման ընթացակարգերում ներգրավված անձանց օրինական շահերի միջեւ արդար հավասարակշռության ապահովման` նյութական եւ ընթացակարգային բավարար երաշխիքներ:
. Միեւնույն ժամանակ, եթե անձի վրա դրված՝ իրեն պատկանող գույքի օրինական ծագման վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնելու բեռը չափազանց ծանր է, բռնագանձումը կարող է դիտարկվել նաեւ որպես սեփականության իրավունքին անհամաչափ միջամտություն: Ապացուցման ստանդարտը պետք է հստակ սահմանվի օրենքով»:
Հիշեցնենք, որ ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածը սահմանում է անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի արգելման պահանջը. «անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները եւ այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն»: Եվ սրա վերաբերյալ էլ Վենետիկի հանձնաժողովի մասնագետները գրել են. «Ըստ էության, վերոնշյալ համատեքստում ժամանակային սահմանափակումների առկայությունը կարող է անհրաժեշտ համարվել ոչ այնքան գույքի սեփականատիրոջ ակնկալիքները (օրինական կամ ոչ) պաշտպանելու տեսանկյունից, որքան ընդհանրապես տնտեսական կայունությունը պահպանելու համար, ինչն այդ ակնկալիքից գերակա է: Այնուամենայնիվ, օրենքով սահմանված ժամանակահատվածի վերաբերյալ կան որոշ քննադատական դիտարկումներ»։
Ահա այս եւ մի քանի այլ ձեւակերպումներն են խնդիր դարձել ՍԴ-ի համար, որ չի կարողանում որոշում կայացնել՝ մարդկանց ունեցվածքը խլելու Նիկոլ Փաշինյանի քաղաքական քմահաճույքներով ուղեկցվող գործընթացը սահմանադրական ճանաչելու հարցում։ Իսկ այն մարդիկ, ովքեր այս վիճահարույց օրենքով կունեզրկվեն, ապագայում կարող են բողոքարկել ու պետությունից կրկնակի փոխհատուցումներ ստանալ։
Շարունակելի…
Ուկրաինայի խաղաղությունը կսկսվի փուլային տարբերակով մեկ շաբաթից. բացառիկ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու վեճը նախորդ շաբաթ Սպիտակ տանը թեժ զարգացումներ է ապահովել ռուս-ուկրաինական պատերազմի մարտադաշտում։ «Ժողովուրդ» օրաթերթը ռուսական քաղաքական շրջանակներից տեղեկացավ, որ մյուս շաբաթ Ուկրաինայի նախագահը կմեկնի Վաշինգտոն՝ խաղաղության բանակցության եւ Թրամփի հետ հաշտության համար։ Հիշեցնենք, որ Թրամփն արդեն դադարեցրել է Ուկրաինային զենք տրամադրելու գործընթացը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման վերաբերյալ պաշտոնական տեղեկություններ դեռ չկան։ Ռուսական քաղաքական շրջանակներից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՌԴ նախագահը Թրամփի խաղաղության կոչին զուգահեռ պատերազմն ավարտելու քայլերի հաջորդականությունն է սահմանել՝ առաջարկելով փուլային լուծում։ Վլադիմիր Պուտինն իր ամերիկյան գործընկերներին ասել է, որ Զելենսկու հետ կկնքեն խաղաղության հաստատման մասին փաստաթուղթ, որով նախ կհայտարարվի հրադադար, եւ կողմերը որտեղ կանգնած են՝ կմնան այդ տեղում, ու այն կդառնա նոր սահմանային գոտի։
ՌԴ-ից ստացվող տեղեկությունների համաձայն՝ 3 տարի տեւող պատերազմը խաղաղությամբ ավարտելու մասին փաստաթուղթը կկնքվի Ուկրաինայի նոր ղեկավարի հետ, որը կընտրվի նշանակվելիք ընտրություններում։ Եթե կրկին կընտրվի Զելենսկին, նրա հետ կկնքվի հիմնական փաստաթուղթը, որպեսզի լեգիտիմության խնդիր չունենա:
Սակայն հարկ է նշել, որ Ուկրաինայում նախագահական եւ խորհրդարանական ընտրությունները նախատեսված էին անցկացնել 2024 թվականին, բայց 2022 թվականի փետրվարի 24-ին սկսված ռուսական լայնամասշտաբ ներխուժումից հետո երկրում հայտարարվեց ռազմական դրություն, որի ընթացքում Սահմանադրությամբ արգելվում է ընտրությունների անցկացումը։
Եթե փորձենք ամփոփել ռուս-ուկրաինական պատերազմի 3 տարիներին վերաբերող ինֆորմացիոն գրոհը, կարող ենք ասել, որ պատերազմի հանգուցալուծումը մոտ է եւ սերտ կապված է Զելենսկու՝ մյուս շաբաթ ԱՄՆ կատարվելիք այցի հետ, հայտնում են ռուսական աղբյուրները։