«ԺԱՄԱՆԱԿԸ ԳԱ՝ ԿՄՏԱԾԵՆՔ». ՇԻՐԱԿ ԹՈՐՈՍՅԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Ազգային ժողովի ՔՊ-ական պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։

 

-Պարո՛ն Թորոսյան, Նիկոլ Փաշինյանը հոդված էր հրապարակել ճանապարհների վերաբերյալ։ Ըստ վարչապետի՝ Ադրբեջանի համար Հայաստանով անցնող ճանապարհները բաց են. (մեջբերում) «Բայց հենց հիմա, զուտ ֆիզիկական ենթակառուցվածքի պատրաստության առումով, օրինակ, բեռնատարները կարող են Լաչին-Կոռնիձոր հատվածով Կոռնիձոր անցակետով մուտք գործել Հայաստանի Հանրապետության տարածք, մեր ճանապարհներով երթեւեկել մինչեւ Հայաստան-Թուրքիա սահման եւ Մարգարա անցակետով մուտք գործել Թուրքիա: Նույնը եւ հակառակ ուղղությամբ: Նման տարանցիկ բեռնափոխադրման համար անհրաժեշտ ֆիզիկական ենթակառուցվածքը հիմա էլ պատրաստ է, մնում է դե յուրե որոշում կայացնել: Մենք պատրաստ ենք նման որոշում կայացնել, եթե Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից կա հետաքրքրվածություն»: Այսինքն՝ հայկական կողմը չպետք է վերահսկողություն իրականացնի եւ ադրբեջանական բեռնատարները կարող են անարգել անցնել սահմանով, եւ  չվերահսկվի, թե ինչ են տանում։ Ի՞նչ եք մտածում այս հարցի վերաբերյալ։

-Ես զարմանում եմ՝ ինչպես եք դա հասկացել:

-Պարո՛ն Թորոսյան, իսկ Դո՞ւք ինչպես եք հասկացել։ Ձեր հասկացածը ո՞րն է։

-Դա ընդհանուր հասկացողություն է, եւ կապ չունի, թե ես, իմ սուբյեկտիվ ընկալմամբ, ինչպես եմ հասկացել։ Ցանկացած երկրի բեռնատար, եթե մտնում է Հայաստան եւ դուրս է գալիս ու մտնում այլ երկիր, ստուգվում է։ Խոսքը վերաբերում է հոգեբանական խնդրին։ Օրինակ՝ ադրբեջանցի վարորդի հոգեբանական խնդրին: Եթե իրենց դեպքում կա նման խնդիր, ապա թուրք վարորդները այդ խնդիրը չունեն, քանի որ իրենք, միեւնույնն է, Վրաստանի տարածքով միշտ էլ գալիս են Հայաստան, եւ հայ վարորդները Վրաստանի տարածքով գնում են Թուրքիա։ Սրա մասին է խոսքը։

-Այսինքն ստուգվելո՞ւ են։

-Նրանք մաքսային ընթացակարգեր են անցնելու, իհարկե պետք է ստուգվեն, ինչի՞ մասին է խոսքը, իսկ ո՞վ է ասել, որ չեն ստուգվելու։ Դուք այդ տեքստից հասկացել եք, թե չե՞ն ստուգվելու։ Խոսքը միայն հոգեբանական խնդրի մասին է։ Ադրբեջանցի վարորդը Հայաստանի տարածքում ընդամենը ունի հոգեբանական խնդիր. ադրբեջանական բեռնատարները կարող են Հայաստան մուտք գործել թուրք վարորդներով, եթե ուզեն այդպես։

-Իսկ, ըստ Ձեզ, ադրբեջանական կողմը մեր նկատմամբ նույն կերպ հոգատար, բարյացակամ կլինի՞, որ մտածի՝ հանկարծ հայ վարորդները հոգեբանական խնդիրներ չունենան։

-Իսկ Դուք ի՞նչ եք կարծում… բնականաբար հայ վարորդներն էլ կունենան հոգեբանական խնդիր, իսկ մենք նրանց ո՞ր վարորդներով ենք փոխարինելու։ Ասենք՝ ադրբեջանցիները, ենթադրաբար, կարող են փոխարինվել թուրք վարորդներով։ Հիմա Դուք առաջարկեք՝ մենք ի՞նչ վարորդներով փոխարինենք:

Երբ գա ժամանակը եւ պարզվի, որ մեր վարորդները հոգեբանական խնդիր ունեն, այդ ժամանակ կմտածենք։

-Չե՞ք կարծում, որ ամեն դեպքում անհանգստություններ կլինեն, եւ հնարավո՞ր է՝ ռուս վարորդների հետ համագործակցություն լինի։

-Ես հիմա չեմ կարող ասել, թե ինչ է հնարավոր։ Գանք հասնենք այն շեմին, որ իսկապես ադրբեջանական բեռնատարները մտնում են Հայաստան եւ հայկական բեռնատարները՝ Ադրբեջան, նոր այդ մասին հստակ գործողություններ կնշանակվեն։

-Պարո՛ն Թորոսյան, տեւական ժամանակ է ամբողջ համացանցը ողողված է հայ ռազմագերիների խոշտանգումների լուսանկարներով։ Չտարանջատենք, բայց հիմնականում Ռուբեն Վարդանյանի ու Բակո Սահակյանի լուսանկարներն են տարածվում, երբ Դուք տեսաք այդ նկարները, ի՞նչ զգացիք։

-Ես կարծում եմ, որ մենք չպետք է տարանջատենք նրանց. մեր բոլոր հայրենակիցներրի համար այս իրողությունը շատ մտահոգիչ է։ Բաքվում գտնվող ապօրինի դատավարության գործընթացում գտնվող մեր հայրենակիցների կարգավիճակը շատ ցավալի է։ Ես կարծում եմ, որ ոչ միայն ֆիզիկական, ենթադրաբար նաեւ հոգեբանական ներգործության միջոցներով են ճնշում մեր հայրենակիցներին։ Կարծում եմ՝ դրա նպատակն այն է, որ ադրբեջանական կողմը ձգտում է ստիպել մեր հայրենակիցներին իրենց համար ցանկալի խոստովանություն կորզել։

-Մինչ այժմ, որքան պաշտոնական աղբյուրներից հրապարակվել է, ընդհակառակը՝ հայ գերիները, անգամ նման ճնշված վիճակում գտնվելու պարագայում, հերքում են ադրբեջանական շինծու մեղադրանքները։ Այսինքն՝  նույնիսկ այդ պարագայում,  նրանց չի հաջողվում ինչ-որ բան կորզել։ Այս հարցի վերաբերյալ ի՞նչ կարծիք ունեք։

-Ես ասում եմ, թե նպատակը որն է։ Ի պատիվ մեր հայրենակիցների՝ նրանք դիմակայում են, բայց Ադրբեջանի նպատակն այն է, որ ֆարս բեմադրություն է իրականացնում՝ հետագայում դրա արդյունքներն իր համար նպաստավոր պայմաններում օգտագործելու պայմանով։

Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ

 

 

 

ՌԱԶՄԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ Երեւանի եւ Մոսկվայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հարցը շարունակում է մնալ հայ-ռուսական հարաբերությունների օրակարգում։

 

«Մի բան կարող եմ ասել, որ ռազմատեխնիկական համագործակցության թեման կա, դա մեր հարաբերությունների օրակարգում է:

Պարզ է, որ ստեղծված իրավիճակը որոշակի ազդեցություն ունի գործընթացների վրա, բայց մենք այս ոլորտում կուտակել ենք շատ մեծ ծավալ: Ռուսական կողմում կա քաղաքական կամք՝ պահպանելու այն, ինչ ունենք։ Հարցերը քննարկվում են, որոշ հարցեր լուծվում են, որոշ հարցեր էլ դեռ քննարկման փուլում են։ Բայց կամք կա խնդիրները լուծելու»,- նշել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան S. Կոպիրկինը։ Նրա կարծիքով՝ Հայաստանում ռուսական 102-րդ ռազմաբազայի եւ ՌԴ սահմանապահների ներկայությունն է ապահովում Հանրապետության անվտանգությունը, այլ ոչ թե արեւմտյան ուժերի խոստումները։

«Որքան ինձ հայտնի է, անվտանգության ոչ մի [արեւմտյան] երաշխիք, որը համադրելի կլիներ ռուս-հայկական հարաբերությունների հետ, ոչ ոք Հայաստանին չի տվել։ Համենայնդեպս, որեւէ փաստաթուղթ, հայտարարություն չեմ տեսել։ Անվտանգության ոլորտում մեր համագործակցության հիմնական բաղադրիչները, ռազմաքաղաքական դաշինքը պահպանվում են։ Ռուսական բազան շարունակում է մնալ այստեղ, մեր սահմանապահների ներկայությունը սկզբունքային առումով չի փոխվել, եւ դա բավականին դրական է գնահատում Հայաստանի ղեկավարությունը»,-նշել է նա։




Լրահոս