ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱԶԳԱԿԱՆԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փետրվարի 12-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի՝ Հայաստանի Ազգային ժողովում հնչեցրած հայտարարությունից պարզ դարձավ Նիկոլ Փաշինյանի կառավարության հերթական ձախողման մասին. այսպես ասած՝ «օրենքով գողերի» դեմ պայքարը չի հաջողվում։

 

Ըստ նախարար Սարգսյանի՝ «քրեական ենթամշակույթի դեմ պայքարի շրջանակներում խնդիր ունենք օպերատիվ հետախուզական տվյալներն ապացույցի վերածելու մասով, որովհետեւ շատ հաճախ կարող են լինել այնպիսի օպերատիվ տվյալներ, որոնք, այո, կարող են քրեական ենթամշակույթ կրող խմբավորման գոյության մասին վկայել, բայց երբ խոսում ենք քրեական վարույթի մասին, որտեղ պետք է քրեական հետապնդում հարուցվի, այստեղ շատ կարեւոր է տվյալը վերածել ապացույցի, որը փաստացի չի ստացվում»։

Այսինքն՝ նախարարը հրապարակավ խոստովանեց այն, ինչի մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե օրենքի ընդունումից՝ 2020 թվականի սեպտեմբերից սկսած, ինչպես պետք է քննիչներն ու դատախազները, ապա նաեւ դատարանը ապացուցեն՝ ով է «օրենքով գողը», ինչպես է դարձել, կամ ով է ուզում դառնալ «օրենով գող»։ Հիմա՝ 5 տարի անց, ՆԳ նոր նախարարը հայտարարեց, որ քրեական ենթամշակույթին վերաբերող օրենսդրական կարգավորման մեջ պետք է կատարեն որոշակի փոփոխություններ, որպեսզի կարողանան նաեւ կարգավիճակն ունենալն ինքնին դիտարկել քրեական պատասխանատվության առարկա։

Տեղեկացնենք, որ այս պահի դրությամբ քրեական պատասխանատվություն է նախատեսված կարգավիճակ ստանալու, տալու եւ պահպանելու համար, սակայն կարգավիճակի գոյությունը եւ ունենալն ինքնին չի դիտարկվում որպես քրեական հանցագործություն։ Այսինքն՝ իրավապահները հիմա էլ պետք է ապացուցեն՝  ով է, այսպես ասած, «օրենքով գողը»։

Թե ինչպես պետք է ապացուցեն, նախարարը չի մանրամասնել՝ միայն ասելով, թե համապատասխան օրենսդրական նախաձեռնությունը առաջիկա օրերին կհանրայնացվի։ Այս հայտարարությունից անցել է 22 օր, բայց նախագծից ԱԺ ՔՊ-ական պատգամավորները դեռ տեղյակ չեն։

Թեմայի վերաբերյալ ArmLur.am-ը զրուցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր, Աննա Հակոբյանի ազգական Էդգար Հակոբյանի հետ։

-Պարո՛ն Հակոբյան, ներքին գործերի նախարարը օրենք է բերելու՝ «գողականներին» պատժելու վերաբերյալ։ Դուք ինչպե՞ս եք պարզելու՝ տվյալ անձը «գողակա՞ն» է, թե՞ ոչ։

-Այդ հարցը, կարծում եմ, կարող եք Արփինե Սարգսյանին տալ։

-Բայդ Դուք պետք է քվեարկեք եւ օրենք ընդունեք, որպեսզի «գողականները» ենթարկվեն պատասխանատվության։ Ինչպե՞ս եք իմանալու՝ ով է «գողական»։

-Դա իրենք պետք է պարզեն։ Իրենք իրենց գործիքակազմն ունեն։

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԵՑ ՀՈԳԻ ԿԱԼԱՆԱՎՈՐՎԵԼ Է

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ, իրացնելու նպատակով, պետք է մաքսանենգ ճանապարհով Իրանից տեղափոխվեն Հայաստան:

Տեղեկությունները փոխանցվել են քննչական կոմիտեի հատկապես կարեւոր գործերով քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված եւ թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչություն: Քրեական օրենսգրքի 393-րդ եւ 399-րդ հոդվածների հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ: Քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, համագործակցելով քննչական կոմիտեի աշխատակիցների հետ, իրականացրել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։ Մայրաքաղաքում ձերբակալվել եւ նախաքննական մարմին է ներկայացվել Արարատի մարզի բնակիչ 25 եւ 42-ամյա երկու տղամարդ՝ վերջինիս կողմից շահագործվող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ։

Քրեական վարույթի շրջանակներում կատարված խուզարկությամբ «Մերսեդեսի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 224 գրամ զանգվածով փաթեթ։

Քրեական ոստիկանության ծառայողները Քննչական կոմիտեի գործընկերների հետ Եղվարդի խճուղում ձերբակալել են հինգ տղամարդու, որոնցից երկուսը՝ օտարերկրացի, եւ նրանցից մեկի «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ՝ ներկայացրել նախաքննական մարմին։ Անձնական խուզարկությամբ Երեւանի 38-ամյա բնակչի մոտ մեթամֆետամինի նմանվող զանգված է հայտնաբերվել։ Քրեական վարույթի շրջանակում կատարված խուզարկությամբ «Օպելի» սրահում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող շուրջ 1 կգ 178 գրամ զանգված։ Նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ։ Վեց անձ կալանավորվել եւ տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։

Կատարվում է նախաքննություն:

 

 

ԻՆՉԻՑ Է ԵՐԵԽԱՆ ՄԱՀԱՑԵԼ

Նախօրեին ողբերգական դեպք է տեղի ունեցել  Արմավիրի մարզում. ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «կենսաբանական մահ» ախտորոշմամբ Արմավիրի շտապօգնության խմբի կողմից հիվանդանոց է տեղափոխվել երեխայի դի։ Հիվանդանոց են մեկնել ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի տեղակալ Հովհաննես Արիստակեսյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության համայնքային գլխավոր վարչության  Արմավիրի բաժնի բաժնի պետ Վոլոդյա Գեւորգյանը։

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 2,5-ամյա Հ. Թ.-ն է եւ տղան ժամը 08։00-ի սահմաններում իրենց տանը հանկարծամահ է եղել: Ահազանգով ժամանել են նաեւ ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի եւ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Դեպքի փաստով Արմավիրի մարզային քննչական վարչությունում «սպանություն, հանկարծամահություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։




Լրահոս