ՈՒՐ Է ԳՆՈՒՄ ՀԵՐՈՍ ՀԱՐԿԱՏՈՒԻ ԳՈՒՄԱՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ «Հետքն» անդրադարձել է ԱՆԻՖ-ի կողմից իրականացված մի ծրագրի, համաձայն որի՝ 1,5 միլիարդ դրամ է տրվել մի կազմակերպության, որի բաժնետերերը գրանցված են օֆշորում, որի տնօրենը հանդիսանում է Տիգրան Ավինյանի կնոջ ընկերուհին,  եւ որոնք նաեւ համատեղ մեկ այլ կազմակերպությունում համասեփականատեր են, այսինքն՝ նրանց կապը անհերքելի է եւ փաստ է։ Այս մասին երեկ՝ մարտի 5-ին՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:

 

«Ծրագրի նպատակն էր կիբեռանվտանգային ոլորտում մասնագետներ պատրաստելը։ Այսինքն՝ Տիգրան Ավինյանը, հանդիսանալով ԱՆԻՖ-ի խորհրդի նախագահ, իր կնոջ ընկերուհու կողմից ընդամենը ութ օր առաջ ստեղծված կազմակերպությանը փոխանցում է 1,5 միլիարդ դրամ՝ իրականացնելու մի ծրագիր, որը որեւէ արդյունք չի ունեցել, որեւէ կիբեռանվտանգության մասնագետ չկա, որեւէ արդյունք չկա։

Երբ ամեն անգամ խոսում եմ սրանից, դուք գալիս ասում եք՝ հա, դե խայտառակություն է եղել, շատ վատ բան է եղել, բայց ՀՀ քաղաքացուն դրանից ի՞նչ: Կոռուպցիան ուրիշ ի՞նչ տեսք է ունենում»,-ասաց նա:

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը շատ կարճ ասաց. «Ո՞վ, ո՞ւմ, ե՞րբ, ինչո՞ւ, ինչքա՞ն, դրա համար կան Հայաստանում ինստիտուտները, այդ ինստիտուտները թող պարզեն: ՀՀ-ում  բոլոր մարդիկ հավասար են օրենքի առջեւ, Կոռուպցիայի դեմ պայքարը ինձ համար եղել եւ շարունակում է մնալ առաջնահերթություն ու չի դադարելու լինել առաջնահերթություն»:

Աննա Գրիգորյանը շարունակեց. «Այս ընթացքում գույքահարկը թանկացել է, շրջհարկը թանկացել է, կարմիր գծերը թանկացել են, աղբահանության գումարը թանկացել է, նույնիսկ սուրճի ապարատների համար տրվող գումարը բարձրացրել եք, թե բա՝ «հերո՛ս հարկատու, գումարը վճարե՛ք, որ մենք ավելի լավ պետություն ստեղծենք»։ Հերոս հարկատուն գումարը վճարում է, Տիգրան Ավինյանը 1,5 միլիարդ տանում, տալիս է իր կնոջ ընկերուհուն, ով ուղղակի վատնում է այդ գումարը։ Հիմա հերոս հարկատուն սա որպես ի՞նչ լսի, ի՞նչ մեսիջ ստանա։ Իսկ  ձեր այն փաստարկը, թե, գիտեք, համապատասխան մարմինները քննություն են իրականացնում եւ այլն, բացարձակ համոզիչ չէ, որովհետեւ արդեն շուրջ երեք տարի այդ քննությունը ընթանում է, ձեւի համար մի հոգի գործում ներգրավված չէ։ Ինչը նշանակում է, որ ուղղակի կասեցված է պրոցեսը»:

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքեց. «Տիկի՛ն Գրիգորյան, նախ դուք իրավունք չունեք որեւէ մեկի անմեղության կանխավարկածը խախտելու, եթե անմեղության կանխավարկածի հարց է, այդ թվում մեր երկրի հարազատ հանքարդյունաբերության հետ կապված, բոքսի «պերչատկեքով» մեկը կար (նկատի ունի նախկին պատգամավոր Վահե Հակոբյանին-խմբ), այդտեղ նստած, հիմա չգիտեմ էլ՝ ուր է, նրա անմեղության կանխավարկածի մասին մտածեիք, որը, իմիջիայլոց, ձեզ հետ էլ էին որոշ ձեւերով կապում:

Ես ասում եմ, որ կա պրոբլեմ, այո, ո՞վ է մեղավոր, ինչպե՞ս է մեղավոր, դրա համար երկրում կան ինստիտուտներ»:

Ա.  ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

 

ՈՎՔԵՐ ԵՆ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԻ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ

Մարտի 5-ին լրացավ Գյումրի եւ Փարաքար համայնքների արտահերթ ընտրությունների առաջադրման վերջնաժամկետը։ Հայաստանի Հանրապետության Ընտրական օրենսգրքի 128 հոդվածի, 5-րդ մասի համաձայն՝ ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող քաղաքական ուժերը փաստաթղթերը կարող են ներկայացնել քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 25 օր առաջ, այսինքն՝ մինչեւ մարտի 5-ը՝ ժամը 18։00-ն։ Իսկ ընտրական ցուցակների գրանցումը տեղի է ունենում 5-օրյա ժամկետում։

Նախընտրական քարոզչությունը երկու համայնքներում պաշտոնապես մեկնարկելու է մարտի 15-ից մինչեւ մարտի 28-ի 24։00-ն։ Քվեարկությունը սկսվելու է մարտի 30-ին՝ ժամը 08։00-ին, ավարտվելու՝ նույն օրը՝ 20։00-ին։

Գյումրիում, ի տարբերություն Փարաքարի, ավելի թեժ ընտրություններ են սպասվում։ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքի՝ Գյումրու ղեկավարի պաշտոնի համար պայքարելու են մի քանի թեկնածուներ։ Իշխող ՔՊ-ի թեկնածուն համայնքապետի ժ/պ Սարիկ Մինասյանն է, որն անկուսակցական էր, սակայն ՔՊ-ի նախնական ընտրությունների արդյունքում հաղթելուց հետո՝ անդամագրվեց իշխող ուժին։

Նախկին համայնքապետ Վարդան Ղուկասյանը նույնպես առաջադրել է իր թեկնածությունը, համայնքապետի պաշտոնի համար կպայքարեն նաեւ ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը, որը «Եվրադաշինքի» միասնական թեկնածուն է, Արտյոմ Թումանյանը, որը դեռ չի հայտնել՝ որ կուսակցությամբ է մասնակցելու։

«Ապրելու երկիր» կուսակցությունը եւս կմասնակցի Գյումրի համայնքի ավագանու ընտրություններին. ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, իսկ Սուրեն Սուրենյանցի «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցությունը մասնակցում է Գյումրու ՏԻՄ ընտրություններին, թեկնածուն Արա Ղարաղազարյանն է։

Փարաքարի ընտրությունների դեպքում թեկնածուներն այնքան էլ շատ չեն։ Իշխող ուժի թեկնածուն Լյուդվիգ Գյուլնազարյանն է, որը նախկինում եւս համայնքի ղեկավարի պաշտոնն է զբաղեցրել, սակայն քրեական պատմության կենտրոնում հայտնվելուց հետո հրաժարական ներկայացրեց։ «Ապրելու երկիր» եւ «Հաղթանակ» կուսակցությունները Փարաքարի ընտրություններում կմասնակցեն համատեղ՝ «Միասնություն» դաշինքով։ Ցուցակը կգլխավորի «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Վալոդյա Գրիգորյանը, իսկ Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը ընտրություններին կմասնակցի «Ազգային առաջընթաց» կուսակցության ցուցակով։

ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆ

 

 

 

ԱԼԻԵՎԻ ԱՅՑԻ ՆՊԱՏԱԿԸ

Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում գործող Կովկասյան ռազմավարական վերլուծությունների Kafkassam կենտրոնը հրապարակել է հոդված Իլհամ Ալիեւի թուրքական այցի իրական նպատակի մասին։ Ենթադրվում է, որ Ադրբեջանի նախագահը Թուրքիա է մեկնում Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի շուրջ ընթացող բանակցությունների վերաբերյալ քննարկումներ անցկացնելու համար: Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։

Զուգահեռ նշվում է, որ Ալիեւը մտափոխվելով արդեն պիտի առանց նախապայմանների ստորագրի Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան եռակողմ խաղաղության փաստաթուղթը: Բացի այդ, խոսվում է այն մասին, որ այլեւս առկա չէ այն պատճառը, ինչից ելնելով Թուրքիան փակել էր Հայաստանի հետ սահմանը, ուստի, այժմ այդ իրողությունը ստիպում է ստորագրել եռակողմ խաղաղություն:

Հիշեցնենք, որ Իլհամ Ալիեւը մարտի 5-ին Անկարա է մեկնել հանդիպելու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ:

Թուրքական կողմի պաշտոնական հայտարարության համաձայն՝ օրակարգում են եղել երկկողմ հարաբերությունները, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ համաշխարհային ընթացիկ զարգացումները:

 




Լրահոս