
Երեկ Հայաստանի Ազգային հերոս, Արցախի հերոս, սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն էր։ Սպարապետը կդառնար 66 տարեկան:
Վազգեն Սարգսյանը ծնվել է 1959 թվականի մարտի 5-ին Խորհրդային Հայաստանի Արարատ գյուղում, Գրետա եւ Զավեն Սարգսյանների ընտանիքում։ Իր գյուղի միջնակարգ դպրոցը ավարտելուց հետո՝ 1976-1979 թթ. սովորել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։ 1979-1983 թթ. աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես ֆիզկուլտուրայի ուսուցիչ։ Այդ պատճառով ազատվել է ԽՍՀՄ բանակում ծառայելու պարտականությունից։
1983-1986 թթ. եղել է Երիտասարդ կոմունիստների լիգայի ղեկավար՝ Արարատի ցեմենտի գործարանում։
Սարգսյանը ակտիվ գրական եւ հասարակական գործունեությամբ է զբաղվել։ Իր առաջին վեպը գրել է 1980 թվականին եւ 1985 թվականին դարձել Հայաստանի գրողների միության անդամ։ 1986-1989 թթ. գլխավորել է «Գարուն» ամսագրի հրապարակախոսության բաժինը։
1986 թթ. հրատարակվել է նրա առաջին գիրքը՝ «Հացի փորձություն»-ը, եւ արժանացել ՀԼԿԵՄ ամենամյա մրցանակին։ Գեղարվեստական ստեղծագործություններից բացի նա մեծ թվով հրապարակախոսական հոդվածներ է գրել մամուլում, բայց նրա գրական կարիերան ընդհատվել է 1980-ական թվականների վերջին։
Վազգեն Սարգսյանի արած գործն անուրանալի է հայոց համար։ Սպարապետի մասին մինչ օրս հիշում են հիացմունքով, թախիծով եւ հպարտությամբ, քանի որ Սպարապետի պես մարդիկ լույս աշխարհ են գալիս 100 տարին մեկ անգամ։
ArmLur.am-ը ներկայացնում է Վազգեն Սարգսյանի հայտնի մտքերից:
«Դարերի մեռած պատմությունը թափ տվեք ձեր հոգուց, մի՛ մեռեք ձեր տան մեջ: Ձեր հոգու մեռելներին թաղեք: Էս երկիրը ձերը չէ, դուք գալիս-անցնում եք, ձերը էս երկրի սիրտը պահելն է: Սիրտը»:
«Յուրաքանչյուր ժողովուրդ՝ լինի 3 միլիոնանոց, թե 300 միլիոնանոց, միշտ իր միջից կարող է հանել այնքան մարդ, որոնք կարող են երկիրը պահպանել»։
«Ինձ ժողովուրդը չի ճանաչում: Ինձ նորմալ ճանաչում են իմ նեղ շրջապատի մարդիկ: Մնացյալը գիտեն ինձ մորուքով, գիտեն ջղայնացած, գիտեն քրտնած, այսօրվա եղած կերպարը դա է»:
«Չգիտեմ՝ համաշխարհայի՞ն ազգ ենք, թե՞ ոչ, բայց պարտավոր ենք համաշխարհային գործոն դառնալ, դա փաստ է»։
«Ես երջանիկ մարդ եմ: Որովհետեւ ինձ պատիվ ընձեռվեց իրականացնել այն երազանքները, որպիսիք փայփայում էինք գրողներս, լրագրողներս: Բայց դա բախտի բան չէ, ես եմ ընտրել իմ ճանապարհը: Երբ այդ ուղին ընտրեցի, չգիտեի, որ նախարար եմ դառնալու: Իմ գրած նախադասությունների համար չեմ կարմրում, կեղծիք չկա: Ես հիմա էլ, որպես պաշտպանության նախարար, ինչ անում եմ՝ դարձյալ կեղծիք չկա: Սխալմունքներ կան, բայց կեղծիք չկա»:
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից»:
«Ես աշխարհում ամենից շատ սիրում եմ ծերերին եւ երեխաներին, այդ երկուսն են անպաշտպան»:
«Մենք ընտիր-ընտիր հպատակ ենք, մենք խելոք-խելոք կատարող ենք, մենք հայտնագործություն ենք ուրիշի ձեռքի տակ: Հայ մարդ, հիմա ուրիշը դու ես: Քո ուրիշը դու ես»:
«Բանակն ազգի ինքնաճանաչման հայելին է, բոլոր հայերի ծնունդն է, հայության հավաքական կերպարն է, նրա պատասխանատվությունը, նրա պատմության վերագնահատումը եւ հայացքը ապագային։ Սիրուն խոսքեր չեմ ասում, ընդամենը ճշմարտությունն եմ ասում»։
«Աշխարհի ուժեղները, տեսեք, թե ուր են հասել, իսկ մենք դեռ մտածում ենք՝ շտապել, թե չշտապել, «ըսել, թե չըսել»: Ինչի՞ն սպասել՝ Հայաստանի տնտեսության վերջնական կանգառի՞ն… Հայաստանի հայաթափմա՞նը, թե՞ մինչեւ աղանդավորները առաքելականներիցս ավելի մեծ թիվ կկազմեն…»
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ