ՀԱՅ ԱՐԿԱԾԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՊԵՏԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայ գրականության մեջ որսորդական, արկածային գրականության հիմնադիրը Վախթանգ Անանյանն է։ Հայ գրող, լրագրող, արձակագիր Վախթանգ Անանյանն իր ուրույն տեղն ունի հայ գրականության մեջ։ Նախօրեին գրողի հիշատակի օրն էր։

 

ArmLur.am-ը ներկայացնում է գրողի կյանքը։

Վախթանգ Անանյանը ուսումը հարկադրված կիսատ է թողել, քանի որ չեն կարողացել վճարել ուսման վարձը։ Չնայած այդ հանգամանքին՝ այնուամենայնիվ, Անանյանին մինչեւ օրս հիշում են։ Անանյանը սովորել է Դիլիջանի ծխական դպրոցում եւ մանկությունն էլ անցկացրել է հենց Դիլիջանում։ Ուսումը կիսատ թողնելու մասին ապագա գրողն ասել է. «Ավարտվեց իմ ուսման ժամանակաշրջանը։ Դրանից հետո իսկական դպրոց այլեւս չեմ տեսել։ Իմ դպրոցը եղել է մայր բնությունը, որի գրկում ես մեծացել եմ»։

Լրագրողի իր աշխատանքը սկսել է «Մաճկալ», «Սոցիալիստական գյուղատնտեսություն» թերթերի խմբագրություններում։ Հեղինակը նաեւ աշխատել է որպես պատասխանատու-խմբագիր՝ «Կոլխոզնիկ» թերթի խմբագրությունում։

Վախթանգ Անանյանը, հանդիսանալով հայ գրականության մեջ արկածային ժանրի գրականության հիմնադիրը, ստեղծել է չհնացող, մնայուն եւ կարեւոր արժեքներ։

Իր իսկ գրչին պատկանող «Սեւանի ափին» եւ «Հովազաձորի գերիները» ստեղծագործություններում գրողն իր փոքրիկ, ինչու ոչ նաեւ մեծ ընթերցողներին պատմում է կարեւորի՝ իրական ընկերության մասին, որը մեր օրերում շատ քիչ է։ «Սեւանի ափին» ստեղծագործությունը կարելի է նաեւ առանձնացնել գրքում պատկերված, նկարագրված մարդասիրության, հայրենասիրության, բնության շքեղաշուք նկարագրությունների համար։

Հայ մեծերից Պարույր Սեւակը Վախթանգ Անանյանի «Սեւանի ափին» ստեղծագործության մասին ասել է. «Վ. Անանյանի «Սեւանի ափին» վիպակը մի նոր նվաճում է ինչպես հեղինակի, այնպես էլ մեր գրականության համար: Նա գրում է հյութեղ, պարզ ու հասկանալի, ժողովրդական բառ ու բանով հարուստ, հետաքրքիր լեզվով։ Նրա լեզվամտածողությունը գերազանցապես հայերեն է՝ զերծ օտարություններից»։

Իր այս երկու ստեղծագործություններում գրողը բացել է մի նոր կախարդական աշխարհ, որոնք, ի դեպ, մեծ ճանաչում են բերել նրան։

Գրողի առաջին ստեղծագործությունը՝ «Չոլախ կատուն», տպագրվել է «Պիոներ» ամսագրում 1927 թվականին, իսկ առաջին վիպակը՝ «Կրակե օղակի մեջ»-ը լույս է տեսել 1930 թվականին։

Երեւանի Կենտրոն համայնքում՝ Հակոբ Պարոնյան փողոցի թիվ 1 բնակելի շենքի առջեւ, տեղադրվել է Վախթանգ Անանյանի կիսանդրին։ Ի դեպ, 1953-1980 թվականներին այդ շենքում է բնակվել անձամբ ինքը՝ Անանյանը։

Դիլիջանում գործում է Վախթանգ Անանյանի անվամբ դպրոց։

Վ. Անանյանի 100-ամյա հոբելյանին, որը 2006 թվականին էր, տպագրվել է «Վախթանգ Անանյան 1905-1980» նամականիշ, իսկ 2023 թվականին, Երեւանի ավագանու որոշմամբ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Շահումյանի 16-րդ փողոցն անվանակոչվել է Վախթանգ Անանյանի անունով։

 

 

 

Ո՞Ր ՖՈՒՆԿՑԻԱՆԵՐԻՑ Է «ՀՐԱԺԱՐՎԵԼՈՒ» iPhone 17-Ը

Ամբողջ աշխարհը գրաված iPhone-ը շարունակում է ցնցել բրենդի երկրպագուներին։ Բոլորովին վերջերս թողարկված iPhone 16-ի շուրջ առաջացած հետաքրքրությունը դեռ չմարած, հերթը արդեն  iPhone 17-ինն է։ Apple ապրանքանիշն այս անգամ եւս կենտրոնացել է դիզայնի վրա։

Նոր iPhone 17-ն ունենալու է աներեւակայելի բարակություն, սակայն այդ բարակության հաշվին Apple-ը պատրաստ է հրաժարվել մի քանի հիմնական գործառույթներից։ ArmLur.am-ը տեղեկացավ, որ iPhone 17-ը կարող է զրկվել ներքին բարձրախոսից, ֆիզիկական SIM քարտի բնիկից։ Համացանցում հրապարակված 3D-ռենդերները հաստատում են այն հանգամանքը, որ նոր iPhone-ը հրաժարվում է ներքին բարձրախոսից։ Նոր iPhone-ի տեսախցիկներից հեռացվելու է նաեւ 0,5x ռեժիմով լուսանկարելու հնարավորությունը, սակայն 1x եւ 2x տարբերակները լինելու են։ SIM քարտերից հրաժարվելը 2022 թվականից, կարելի է ասել, դարձել է «ավանդույթ» Apple ապրանքանիշի համար եւ առաջին այֆոնը, որը հնարավորություն է ունեցել առանց SIM քարտի աշխատելու, եղել է iPhone 14-ը։

Այսպիսով, Apple ապրանքանիշը մտադիր է iPhone 17 Air-ի բոլոր տարբերակներից հեռացնել SIM քարտի բնիկը։ iPhone 17-ի մասին հայտարարությունը հավանաբար կարվի սեպտեմբեր ամսին, ինչպես արվում է ավանդաբար, սակայն պատրա՞ստ են արդյոք iPhone-ի սիրահարները նոր փոփոխություններով բջջայինն օգտագործել, թե՞ ոչ, միայն  ժամանակը կպարզի։

 

 

ՀԱՄԱՏԵՂ ԵՐԳ

Հայտնի եւ սիրված երգիչներ Սարո Թովմասյանն ու Արման Հովհաննիսյանը նորություն ունեն իրենց երկրպագուների համար։ Հայազգի երգիչները համատեղ երգ են ներկայացրել հանրության եւ երկրպագուների դատին։ Երգը կոչվում է «Սիրենք կյանքը»։ 1 օրվա ընթացքում տեսահոլովակի դիտումները յութուբյան հարթակում հատել են 135 հազարը եւ հավաքել 3000-ից ավելի հավանում։ Երգի խոսքերի հեղինակը Ավետ Բարսեղյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Գուրո Գասպարյանը։ Նշենք, որ սա երգիչների առաջին համատեղ գործը չէ։

Նյութերը՝ ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆԻ

 




Լրահոս