Երեկ խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երեւանում: Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են 23-ամյա Ջիվան Հ.-ի վարած Porsche Macan մակնիշի ավտոմեքենան եւ 28-ամյա Յուրի Հ.-ի վարած, Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված Երեւանի թիվ 7 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը:
ՏՆՏԵՍԱԿԱՆ
ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք՝ ինչով են պայմանավորված ՀՀ դրամի փոխարժեքի տատանումները:
Մարինե Ալեքսանյան (49 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Նշենք, որ ազատ լողացող փոխարժեքի ռեժիմի պայմաններում ազգային արժույթի փոխարժեքը ձեւավորվում է արժութային շուկայում առկա առաջարկի ու պահանջարկի եւ դրանց փոփոխությունների ազդեցության ներքո: Եթե արտահանման աճի կամ կապիտալի ներհոսքի հետեւանքով տվյալ ազգային արժույթի շուկայում ավելանում է արտարժույթի առաջարկը, ազգային արժույթի դիրքերն անհրաժեշտաբար ամրապնդվում են: Համապատասխանաբար, ներմուծման աճը կամ կապիտալի արտահոսքը նպաստում են ազգային արժույթի դիրքերի թուլացմանը: Փոխարժեքի փոփոխությունը կարող է լինել բավականին տեւական, երբ այն պայմանավորված է երկարաժամկետ բնույթի գործոններով (օրինակ կայուն տնտեսական աճով պայմանավորված ազգային արժույթի արժեքավորումը), կարող է կրել սեզոնային բնույթ (երբ օրինակ ներմուծման ու արտահանման սեզոնները տարբեր են) եւ կարող է լինել կարճաժամկետ, երբ այն կարճաժամկետ գործոնների ազդեցության արդյունք է:
ՀՀ կենտրոնական բանկ
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Արժութային շուկայում առկա առաջարկն ու պահանջարկը կարող է փոփոխվել նաեւ մի շարք այլ գործոնների ազդեցության ներքո, որոնցից են, մասնավորապես, կառավարության ծախսերը, կենտրոնական բանկի ինտերվենցիաները, արժութային կարգավորման ոլորտում օրենսդրական փոփոխությունները, էներգակիրների գների տատանումները, բնակչության մոտ ձեւավորվող սպասումները:
ՀՈԳԵՎՈՐ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ՝ ցանկացած մարդ, ով հավատում է, կարո՞ղ է քարոզել եւ տարածել Աստծո խոսքը, թեեւ գիտեմ, որ դրա համար երկար տարիներ ուսում են ստանում եւ ձեռնադրվում մեր եկեղեցու քահանաները:
Գայանե Հունանյան (39 տարեկան)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ յուրաքանչյուր մարդ կարող է Աստծո խոսքը տարածել, բայց ոչ հռչակել իրեն միակ եւ ճիշտ քարոզիչ եւ ճշմարտություն ուսուցանող հոգեւոր հովիվ: Կարելի է բարեկամներին, հարեւաններին բացատրել քրիստոնեական ճշմարտությունը, որով եւ կատարվում է սրբազան պարտականություն: Այսօր հովիվ եւ քարոզիչ դառնալը միայն հոգու կանչով չպետք է սահմանափակվի: Քանի որ այս դարը ինֆորմացիայի դար է, ապա քարոզիչը պետք է հսկայական ինֆորմացիայի տիրապետի, որպեսզի ոչ միայն կարողանա Աստծո խոսքը փոխանցել, այլեւ այդ խոսքը մատչելի դարձնել ցանկացած խավի եւ ցանկացած մասնագիտության տեր մարդու: Իսկ դրա համար տարիներ են պետք, որպեսզի անհատից հզոր քարոզիչ ձեւավորվի:
Ուստի, քարոզիչը ոչ միայն հավատացյալ անձ պետք է լինի, այլ նաեւ համապատասխան կրթություն ստացած անհատ, որպիսիք են այսօր Հայ եկեղեցու հոգեւոր սպասավորները: Սա չի նշանակում, որ եթե մեկը ցանկություն ունենա Հայ եկեղեցու վարդապետությունն իր մտերիմին կամ բարեկամին հասցնել, չունի դրա իրավունքը: Նա կարող է այդ մարդուն եկեղեցի բերել, ծանոթացնել հոգեւոր հովվի հետ՝ հորդորելով մշտապես հոգեւոր խորհուրդներ ստանալ: Սա նույնպես ծառայություն է Աստծուն:
Օրհնությամբ՝ Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյան
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ստացվում է, որ յուրաքաչյուր անձ, որն իրեն մոտ է համարում Աստծուն եւ եկեղեցուն, կարող է հնարավորություն ունենալ իր ծառայությունները մառուցելու հոգեւոր աշխարհին։























