Տրանսճարպերը՝ չհագեցած ճարպաթթուների տեսակ են, որոնք լինում են բնական և արհեստական (արդյունաբերական) և լայնորեն կիրառվում են սննդի արդյունաբերության մեջ։ Առողջության վրա տրանսճարպերի վնասակար ազդեցության առաջին ապացույցները հայտնաբերվել են դեռևս 1950-ականներին։ Նիդեռլանդների Վագենինգենի համալսարանի Մարդու սնուցման և առողջության բաժնի գիտնականների կողմից իրականացված համաճարակաբանական և կլինիկական հետազոտությունները ցույց են տվել, որ սննդամթերքում արդյունաբերական տրանսճարպերի առկայությունը նպաստում է սրտանոթային, տարբեր քրոնիկ հիվանդությունների և օրգանիզմում բորբոքային պրոցեսների զարգացմանը։ Բացի այդ, արդյունաբերական տրանսճարպաթթուները մեծ ազդեցություն ունեն լիպիդային նյութափոխանակության վրա, նպաստում են ճարպի կուտակմանը լյարդում, ասում են առողջապահության նախարարությունից։
Ինչպե՞ս են տրանսճարպերն ազդում առողջության վրա
Բարձրացնում են «վատ» խոլեսթերինի մակարդակը և նվազեցնում «լավ» խոլեսթերինը, ինչը մեծացնում է սրտանոթային հիվանդությունների զարգացման վտանգը: Տրանսճարպերը խցանում են անոթները` առաջացնելով աթերոսկլերոզ։ Առաջացնում են նյութափոխանակության խանգարում` նպաստելով ճարպի կուտակմանը լյարդում, ինչը կարող է բերել ոչ ալկոհոլային «ճարպոտ լյարդ» հիվանդության զարգացմանը:
Ինչպե՞ս սահմանափակել տրանսճարպերի ազդեցությունը
Խուսափե՛ք արագ պատրաստվող սննդից (ֆաստ ֆուդ) և վերամշակված մթերքներից:
Ընտրե՛ք բնական ճարպեր (օր.՝ ձիթայուղ, ընդեղեն, ձկնեղեն և չհագեցած օմեգա-3, ճարպաթթուներ պարունակող այլ մթերքներ):
Միշտ կարդացե՛ք սննդամթերքի բաղադրությունը և խուսափե՛ք օգտագործել տրանսճարպեր պարունակող սննդամթերք:
Եզրակացություն
Տրանսճարպերը վտանգավոր են առողջության համար: Առաջացնելով նյութափոխանակության խանգարում, ճարպակալում, անոթների վնասում, աթերոսկլերոզ, նպաստում են, հատկապես, սրտանոթային համակարգի հիվանդությունների ռիսկի բարձրացմանը: Չնայած այդ հանգամանքին, տրանսճարպաթթուներն ամբողջությամբ չեն կարող հեռացվել մարդու սննդից, քանի որ դրանք բնական ձևով առկա են խոշոր եղջերավոր կենդանիների մսի և կաթնային արտադրանքներում: Սակայն, եթե փորձենք նվազագույնի հասցնել պատրաստի և արագ պատրաստվող սննդի օգտագործումը, իսկ սննդակարգում ներառենք բնական և առողջ մթերքներ (միրգ, բանջարեղեն, ընդեղեն, ձիթայուղ), կկարողանանք նվազագույնի հասցնել տրանսճարպերի բացասական ազդեցությունը մեր օրգանիզմի վրա։
























