
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ խմբակցության մի խումբ պատգամավորներ դիմել են խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանին եւ քարտուղար Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի վերջիններս լռեցնեն ու սաստեն գյումրեցի ՔՊ-ական պատգամավոր Էմմա Պալյանին, ով օրը մի քանի անգամ գրառումներ է անում Գյումրու ընդդիմադիր թեկնածուների մասին, վիրավորում եւ պիտակավորում` «ջեբկիր», «ծաղրածու» անվանելով նրանց։ ՔՊ ղեկավարության նախատումներից հետո էլ Էմմա Պալյանը լռել է արդեն 5 օր է, եւ ոչ մի գրառում չի անում։ Միայն կիսվում է ՔՊ-ական թեկնածու Սարիկ Միասյանի նյութերով, մարզպետի տեսանյութերով: Նրան ասել են` եթե ուզում ես օգնել Սարիկ Մինասյանին, լռի՛ր: Իհարկե, նախօրեին նա ԱԺ ամբիոնից մի ելույթ կարդաց, որը թերեւս նախապես համաձայնեցրել էր խմբակցության ղեկավարության հետ, նոր միայն կարդում էր ամբիոնից:
Պարզվում է՝ ՔՊ-ական Էմմա Պալյանի համար «ծաղրածու», «ջեբկիր» բառերը վիրավորական չեն, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց, թե իրեն չեն արգելել գրառումներ անել, եւ եթե անհրաժեշտ լինի, շարունակելու է նման բովանդակությամբ գրառումները: Այս հարցերի վերաբերյալ «Ժողովուրդ»-ը զրուցել է պատգամավորի հետ։
-Տիկի՛ն Պալյան, Դուք ակտիվորեն գրառումներ եք անում Գյումրիում տիրող իրավիճակի մասին։ Ընտրությունների վերաբերյալ կարծիքներ եք հայտնում, թեկնածուների մասին նույնիսկ վիրավորական արտահայտություններ եք անում՝ նրանց «ծաղրածու», «ջեբկիր» անվանելով։ Նկատեցինք, որ արդեն քանի օր է գրառումներ չեք անում։ Պատճա՞ռ կա։ Ավելի հստակեցնենք. տեղեկություններ ունենք, որ Ձեր թիմակիցներից մի խումբ պատգամավորներ դիմել են Հայկ Կոնջորյանին եւ Արթուր Հովհաննիսյանին, որպեսզի նրանք Ձեզ սաստեն, որ նման գրառումներ չանեք։ Ի՞նչ կասեք։
-Հերթական սուտն է ու իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։ Մենք՝ պատգամավորներս, ազատ ենք մեր գործունեության մեջ։
Այսինքն, պետք է 5 րոպեն մեկ գրառում անենք, որ նման հարց չտա՞ք։
-Ձեր թիմակիցները դիմել են, ասել, որ նման բառապաշարով գրառումները վնասում են հենց Ձեր թեկնածուին եւ Ձեր թիմին։
-Նորից եմ կրկնում՝ պատգամավորներս ազատ ենք մեր գործունեության մեջ, այլ տարբերակ լինել չի կարող։ Ձեր նշած տեղեկությունը բացարձակ սուտ է եւ անգամ որեւէ չնչին աղերս չունի իրականության հետ։ Հարկ եղած դեպքում՝ ես ինքս կարող է օրական 20 գրառում անեմ, եւ հաջորդ մի քանի օրերին կարող է որեւէ գրառում չլինի իմ էջում։
-Չե՞ք կարծում, որ նույնիսկ այդ քննադատությունները պետք է չափավոր լինեն, քանի որ վիրավորական արտահայտությունները, անգամ քաղաքական մրցակցության դեպքում, այնքան էլ ճիշտ չեն։
-Ես ամենայն հարգանքով եմ վերաբերվում Ձեր եւ բոլոր լրագրող գործընկերներին, բայց ես ուզում եմ՝ մեկընդմիշտ այս թեման փակենք։ Պատգամավորների շրջանում ու առհասարակ մեր քաղաքական թիմում չկա խոսքի որեւէ սահմանափակում։ Դա բնավ չի համապատասխանում իրականությանը։ Մենք ազատ ենք, եւ Ձեր նշած խոսույթն ի պատասխան է այս մարդկանց պահվածքին։ Դա միայն ես չեմ ասում, դա գյումրեցիների գերակշիռ մասն է ասում։ Այն մարդիկ, որոնք իրենց կպահեն տվյալ կերպ, թե՛ իմ էջերում, թե՛ իմ գործընկերների էջերում դուք կտեսնեք նման արձագանք։ Եթե անձը քաղաքական հարթակը շփոթում է թատերական ներկայացման հետ, ապա ես իրավունք ունեմ նման գնահատական տալու։ Իրականում տպավորություն է, որ որոշ մարդիկ ինչ-որ տեղ թափուր ծաղրածուի հաստիքի մասին հայտարարություն են տեսել եւ շփոթել են Գյումրիում սպասվող ՏԻՄ ընտրությունների հետ։ Դա բավականին լուրջ քաղաքական պայքար է, լուրջ գործընթաց է, ու ես, լինելով քաղաքական գործիչ, սխալ եմ համարում այս ամենը անլրջացնելը։ Այնպես որ, իմ սոցիալական էջերում համապատասխան գնահատական է հնչել այդ մարդկանց հասցեին, եւ որեւէ վիրավորական բան չեմ տեսնում այդտեղ։
-«Ծաղրածու»-ն վիրավորանք չե՞ք համարում։
-Ես նշեցի, որ դա ուղիղ գնահատական է տվյալ մարդու ցուցաբերած վարքագծին։
Զրուցեց ՔՐԻՍՏԻՆԱ ՄՈՒՇԵՂՅԱՆԸ
ԿԱՐՈՂ Է ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻՆ ՎՏԱՐԵԼ ԲԱՔՎԻՑ
«Դեռ չենք կարողացել կապ հաստատել ընտանիքի հետ, եւ չգիտենք՝ որքանով է Ռուբեն Վարդանյանը տեղյակ մեր խնդրանքի մասին։ Այս հացադուլն իմ մասին չէ, ուղղակի խնդրանք է Ռուբեն Վարդանյանին, որ ողջ մնա»։ Այս մասին հայտնել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը։ «Ես վստահ էլ չեմ, որ իմ հացադուլի մասին իմանալուց հետո նա կդադարեցնի իր հացադուլը, որովհետեւ ոչ մեկս չգիտենք՝ իրականում ինչ է կատարվում այնտեղ»,-հավելել է Թանդիլյանը։
Մանե Թանդիլյանի խոսքով՝ նախօրեին իր ինքնազգացողությունը վատացել էր, եւ հիվանդանոց էր տեղափոխվել, սակայն որոշակի բժշկական օգնություն ստանալուց հետո՝ ուշ երեկոյան, վերադարձել էր Ազատության հրապարակ։ «Ճնշումս էր իջել, հաճախասրտություն ունեի, որոշակի բժշկական օգնություն ստացա ու վերադարձա, հիմա ավելի լավ եմ»,- ասաց նա։
Այն հարցին՝ չի՞ պատրաստվում դադարեցնել հացադուլը՝ հաշվի առնելով առողջական խնդիրները, Մանե Թանդիլյանը պատասխանել է. «Շատ ավելի վատ ինքնազգացողությամբ եւ առողջական ավելի վատ վիճակում է Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում, ու շարունակում է հացադուլը։ Յուրաքանչյուր գիտակից մարդ պիտի հասկանա, որ ամեն օր իր համար մահացու է։ Իմ խնդրանքն իր մեջ նաեւ ժամկետ ունի, ես խնդրել եմ, որ նա դադարեցնի հացադուլը, որովհետեւ հայ ժողովուրդն իր կարիքն ունի։ Ինչքանով է հայ ժողովուրդը դա հասկանում՝ չգիտեմ, բայց ես, իմանալով, ինչ հայորդի է Բաքվի բանտում, ուղղակի ուզում եմ, որ նա ողջ մնա»։
Խոսելով այն մասին, որ Ադրբեջանը մտադիր է փակել ԿԽՄԿ ներկայացուցչությունն իր երկրում, եւ պատասխանելով հարցին՝ արդյոք դա միջոց է Բաքվում ապօրինաբար պահվող հայ գերիների նկատմամբ իրականացվող խոշտանգումները թաքցնելու, Մանե Թանդիլյանը պատասխանեց. «Ակնհայտ է, որովհետեւ գերիների ընտանիքները նրանց հետ կապ են հաստատում Կարմիր խաչի միջնորդությամբ։ Եվ ինչ է սա նշանակում, Ալիեւին թույլատրված է անգամ միջազգային կառույցներին վտարել Բաքվից։ Բա բան չունի՞ ասելու աշխարհը, իսկ ու՞ր են սանկցիաները։ Պետք է օր առաջ կիրառել երկրի վրա, որը հանդգնում է միջազգային կառույց վտարել իր երկրից»։