
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը հայտարարել է, որ կազմակերպությունն աշխատանքային կապեր է պահպանում Հայաստանի հետ։ Այս մասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտնել է, ռուսական «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում՝ անդրադառնալով կազմակերպության եւ Հայաստանի միջեւ համագործակցությանը։
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երեւանի հետ։ Ուզում եմ եւս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, եւ կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են»,-նշել է Իմանղալի Թասմաղամբետովը։ Անդրադառնալով ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության մասին Հայաստանից ստացված հնարավոր ազդանշաններին՝ Թասմաղամբետովը հայտարարել է, որ հարաբերությունների ձեւաչափը չի փոխվել եւ մնում է նույնը։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականի փետրվարին հայտարարել էր, որ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության աշխատանքներին։
«Ես գնահատում եմ, որ ՀԱՊԿ-ը չի կատարել անվտանգային ոլորտի պարտավորությունները Հայաստանի նկատմամբ, մասնավորապես 2021 թվականին, 2022 թվականին, եւ դա չէր կարող անցնել առանց հետեւանքների։ Եվ հետեւանքն էլ այն է, որ մենք գործնականում, ըստ էության, սառեցրել ենք մեր մասնակցությունը ՀԱՊԿ-ում»,- հայտարարել էր Փաշինյանը։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) պատրաստ կլինի առաջարկելու օգնության զանազան տարբերակներ, եթե Եվրամիությունը զինվորականներ ուղարկի Ուկրաինա։ Այդ մասին հայտարարել է կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։ «Բնավ առաջին անգամ չէ, որ Եվրոպայի մայրաքաղաքներում քննարկում են Ուկրաինա զորակազմ ուղարկելու հնարավորության հարցը: Սակայն մինչ օրս այդ զորակազմերը պաշտոնապես ներկա չեն այնտեղ: Պատճառն այն է, որ դա կարող է վտանգավոր իրադրություն ստեղծել տարածաշրջանի մասշտաբներով: Նման ռիսկերի հայտնվելու դեպքում ՀԱՊԿ-ը պատրաստ կլինի օգնության զանազան տարբերակներ առաջարկել կազմակերպության կանոնադրական փաստաթղթերով նախատեսված շրջանակներում եւ, իհարկե, որոնք հավանության կարժանանան բոլոր անդամ պետությունների կողմից», – հայտնել է Թասմաղամբետովը։ Նրա խոսքով՝ Եվրամիության բնակչությունը կարող է հավանություն չտալ զորքեր ուղարկելու՝ երկրների կառավարությունների որոշմանը։ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ նման իրավիճակը կարող է բեռ դառնալ հասարակության համար, նույնիսկ եթե այդ զորակազմերը գործի չդրվեն հարձակողական գործողություններում, այլ սկսեն կատարել ոստիկանական կամ հսկողական գործառույթներ:
Է. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ
ԴԱՏԱՎՈՐԸ ՀԱՅՏՆԻ Է
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Էդգար Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործը քննող դատավորի անունը հայտնի է։ Գործը մակագրվել է դատավոր Սաթենիկ Անդրեասյանին: Ըստ մեղադրական եզրակացության՝ Էդգար Ֆերդինանդի Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քննված գործի ընթացքի եւ նշված գործով 2024 թվականի սեպտեմբերի 26-ին կայացված ՍԴՈ-1749 որոշման կապակցությամբ 2024 թվականի օգոստոսի 28-ից մինչեւ 2024 թվականի հոկտեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում հրապարակել է «Սահմանադրական դատարանի դատավորներին եւ արատավորող, նրանց իրավունքներին ու օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ:
ԿԻՐԱԿՈՍՅԱՆՆ ԱԶԱՏՎԵՑ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Եղիշե Կիրակոսյանին ազատվել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ եւ «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 26-րդ մասերով՝ Եղիշե Կիրակոսյանին ազատել Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնից»,-նշված է որոշման մեջ։
ԿՑՈՐԴ ԿՈՒՆԵՆԱ
Հայաստանը ԵՄ-ում պաշտպանության հարցերով կցորդ կունենա: Որոշման նախագիծն ընդունվել է ՀՀ կառավարության երեկվա նիստում: Պաշտպանության հարցերով կցորդի նստավայրը Բելգիայի Թագավորությունն է՝ Բրյուսել քաղաքը։ Համաձայն հիմնավորման՝ կցորդը իրականացնելու է միջազգային կազմակերպության, ինչպես նաեւ անդամ պետությունների միջեւ ռազմական եւ ռազմաքաղաքական համագործակցության համադրման եւ կոորդինացման աշխատանքները, կամրապնդի փոխգործակցության մակարդակը, ինչպես նաեւ կներկայացնի համագործակցության հեռանկարային զարգացման վերաբերյալ առաջարկություններ:
ԱՅՑԵԼԵԼ ԵՆ ՀՈՍՊԻՏԱԼ
ՄԻՊ ներկայացուցիչները այց են իրականացրել ՀՀ ՊՆ Երեւանի կայազորային հոսպիտալ: հերթական այցի նպատակն էր տեղում դիտարկել հոսպիտալ տեղափոխված զինծառայողի իրավունքների վիճակը, ինչի կապակցությամբ ստացվել էր նաեւ ահազանգ: Այցի ընթացքում ՄԻՊ ներկայացուցիչները հանդիպել են հոսպիտալի ղեկավար անձնակազմի, զինծառայողին բուժող բժշկի հետ, առանձնազրույց ունեցել զինծառայողի հետ, որի ընթացքում պարզաբանվել են իր իրավունքների իրացման հնարավորությունները: Բուժանձնակազմի հետ քննարկվել են զինծառայողի բուժման ու փորձաքննության հետ կապված հարցեր: Զինծառայողների առողջական վիճակի եւ պատշաճ բուժօգնության հետ կապված հարցերը գտնվում են Մարդու իրավունքների պաշտպանի անմիջական ուշադրության ներքո, զինվորական հոսպիտալներ այցերը կրում են շարունակական բնույթ: