
«ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է համաչափ եւ խելամիտ ջանքեր գործադրի իմ պաշտպանյալ Ռուբեն Վարդանյանին եւ Ադրբեջանում կալանավորված մյուս հայ քրիստոնյա քաղբանտարկյալներին ու ռազմագերիներին ազատ արձակելու համար», – այս մասին X-ում գրել է օկուպացված Արցախի Հանրապետության նախկին պետնախարար, Բաքվի բանտում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը:
Կից փաստաբանը հրապարակել է ցանկ՝ ներկայացնելով իր 25 տարվա փորձի ընթացքում այլ երկրների կառավարությունների ձեռնարկած քայլերը, որոնց նպատակն է եղել ազատ արձակել օտար երկրներում պահվող պատանդներին:
«Անշուշտ, հայ պատանդներն արժանի են առնվազն այնքան օգնության, որքան մյուս կառավարություններն են ապահովում, այնպես չէ՞: Օրինակ, երբ ես ներկայացնում էի Իրանում պահվող երկու գերիների՝ Սիամակ Նամազիի եւ նրա հոր շահերը, Միացյալ Նահանգները նշանակել է նախագահի հատուկ բանագնաց պատանդների հետ կապված հարցերով, Սպիտակ տունը եւ Պետքարտուղարությունը պարբերաբար հանդիպել են իմ հաճախորդների ընտանիքի հետ, ԱՄՆ-ն Իրանում Շվեյցարիայի դեսպանատանն ուներ ԱՄՆ շահերի բաժին, որը զբաղվում էր բանտային պայմանների բարելավման հարցով եւ փորձում էր վերահսկել դատավարությունները, նախագահը եւ պետքարտուղարը հրապարակայնորեն բարձրաձայնել են թեմայի վերաբերյալ, ԱՄՆ դիվանագետները հանդես են եկել հրապարակային ելույթներով, ԱՄՆ դիվանագետները, իրենց դաշնակիցների հետ, հարցն առաջ են տարել ՄԱԿ-ում՝ օգնության խնդրանքով, ԱՄՆ աջակցություն է խնդրել համաշխարհային կրոնական առաջնորդներից, պատժամիջոցներ է սահմանել պատանդ վերցնելու համար պատասխանատու իրանցի պաշտոնյաների նկատմամբ:
Այս ամենը ողջամիտ եւ համաչափ էր Միացյալ Նահանգների համար: Այնուամենայնիվ, ի զարմանս ինձ, որքանով ես կարող եմ ասել, Հայաստանը այս տարրական բաներից ոչ մեկը չի արել Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար: Այսպիսով, հարց եմ հղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ համաձա՞յն եք, որ այս քայլերը խելամիտ եւ համաչափ են, թե՞ իսկապես կարծում եք, որ նմանօրինակ ջանքերը, որոնք ձեռնարկել է նախագահ Դոնալդ Թրամփը՝ Մարկ Ֆոգելի նմաններին եւ ԱՄՆ մյուս քաղաքացիներին Բելառուսից եւ Վենեսուելայից վերադարձնելու համար, ոչ խելամիտ եւ անհամաչափ էին», – գրել է Գենսերը:
Հիշեցնենք, որ Ադրբեջանը Ռուբեն Վարդանյանին մեղադրում է «խոշտանգումների», «շահադիտական գործունեության», «պատերազմի օրենքների խախտման», «ահաբեկչության», «ահաբեկչության ֆինանսավորման» համար։ Նշենք, որ շինծու դատավարության գործընթացը մեկնարկել էր հունվարի 17-ին: Վարդանյանը հայտարարել է հացադուլ: Ընդհանուր առմամբ դատարանի առաջ կանգնել է 15 հայ` Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, ԱԺ նախկին նախագահ Դավիթ Իշխանյանը, Պաշտպանության բանակի ԶՈՒ շտաբի նախկին պետ Դավիթ Մանուկյանը, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը, ՊԲ նախկին հրամանատար Լեւոն Մնացականյանը, քաղաքացիական անձինք՝ Վասիլի Բեգլարյանը, Էրիկ Ղազարյանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Լեւոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը:
ԲԱԳՐԱՏՅԱՆՆ ԱՐԴԱՐԱՑՎԵՑ
Երեւանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, դատավոր Մանվել Շահվերդյանի նախագահությամբ, երեկ հրապարակեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի գործով վերդիկտը՝ արդարացնելով Բագրատյանին մեղսագրվող արարքում։ Հիշեցնենք, որ Հ. Բագրատյանին մեղադրում են բռնության կոչեր անելու համար, որոնք, ըստ իրավապահների, արվել են ապրիլի 4-ին՝ ԱԺ-ի մոտ «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում ունեցած ելույթի ժամանակ։ Ելույթում Բագրատյանը նշել էր. ««Այդ ընթացքում իրենք բաժանել են 200 մլրդ դրամի կամ 500 մլն դոլարի պրեմիա: Ծախսել է 28 մլրդ, 28 մլրդ-ն ի՞նչ ես արել, 1 մլրդ-ը չէի՞ր կարող դնել բանակի վրա… 5 տարում մահանում է 36 հազար մարդ, այդ թվերի մեջ մտած չեն Covid-ն ու զոհվածները: Ծննդաբերությունը նվազում է: Եթե 2017-ին ունեցել ենք 18 հազար իրավական հանցագործություն, անցյալ տարի ունեցել ենք 37 հազար: Ինչո՞ւ եք կոտորվում: Եթե 2017-ին կյանքի միջին տեւողությունը Հայաստանում եղել է 76 տարի, իր օրոք 5 տարում դառել է 72 տարի: Ինչո՞ւ եք մեռնում, վերացրեք այդ մարդուն, վերջացրեք: Վերացրե՛ք այդ իշխանությունը ձեր ուժով, թափով: Այս ի՞նչ ինքնասպանություն է, որին ազգը գնում է»։
Նշենք, որ քրեական հետապնդումը Բագրատյանն ինքը շինծու է համարում։
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ՉԻ ԽՈՍՈՒՄ
Կան հարցեր, որոնց վերաբերյալ չի կարելի խոսել հրապարակային, որովհետեւ դա կարող է սկզբունքի խախտում լինել. միջազգային հարթակներում այս խնդիրների լուծումը նրանով չի պայմանավորված, թե ինչքան բարձր ես խնդրի վերաբերյալ խոսում կամ ինչքան վիրավորանքներով լի արտահայտություններով ես խոսում, դա պետք է ունենա ճիշտ մարտավարություն: Այս մասին ասել է ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՄԻՊ-ը կոնկրետ ի՞նչ քայլեր է ձեռնարկում Բաքվում գտնվող հայ գերիների, պատանդների եւ պահվող մյուս անձանց վերադարձնելու համար:
«Ես ոչ միայն հաղորդակցության մեջ եմ միջազգային գործընկերների հետ, այլ նաեւ հստակ իրավական վերլուծություններ եմ այս խնդրի հետ կապված անում: Մի մասին դուք էլ եք ծանոթ, որովհետեւ հրապարակային խոսել եմ դրա վերաբերյալ, բայց մի մասը հնարավոր չէ հրապարակային ներկայացնել՝ այդ թվում նշված անձանց եւ նրանց ընտանիքների անդամների հետ կապված զգայունության հանգամանքը նկատի ունենալով: Ողջունում եմ Մարդու իրավունքների ՄԱԿ-ի հանձնակատարի շատ կարեւոր հայտարարությունը եւ հույս ունեմ, որ ապագայում նման ոչ միայն հայտարարություններ, այլ նաեւ նման խոսույթ շատ կհնչի, որը կարող է ազդեցություն ունենալ Ադրբեջանի համար»,- նշել է նա: Հարցին էլ՝ ի վերջո քաղաքական միջամտություն է պետք, թե իրավական, նա ասել է. «Իրավականն այս պարագայում, բնականաբար, շատ կարեւոր հնարավորություն եւ միջոց է քաղաքական հարթակներում կոնկրետ նպատակներին հասնելու համար»: