ԹՐԱՄՓԸ ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՆԱՏՕ երկրների միջեւ հետախուզական տվյալների փոխանակումը վտանգի տակ է, քանի որ դաշինքի անդամներն ավելի են զգուշանում միմյանցից, իսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրահրած «երկրաշարժը» կարող է վատթարացնել իրավիճակը, գրել է Politico-ն՝ հղում կատարելով դաշինքի եւ նրանց անվտանգության ծառայությունների ներկայացուցիչներին: Ինչպես նշել է լրատվամիջոցը, վաղուց լարվածություն կա դաշինքի ավանդական արեւմտյան անդամների եւ նախկին կոմունիստական արեւելքի եկվորների միջեւ անվստահության պատճառով։

 

Իրավիճակը վատթարացավ Ուկրաինայում պատերազմի բռնկումից հետո, երբ ռուսամետ Հունգարիան, որին վերջերս միացավ Սլովակիան, սկսեց ընկալվել որպես անվստահելի՝ ըստ ՆԱՏՕ եւ անվտանգության ութ ներկա եւ նախկին պաշտոնյաների, որոնք գիտեն դաշինքի ներսում հետախուզական տվյալների փոխանակման մասին:

Բայց այժմ ԱՄՆ շրջադարձը դեպի Ռուսաստան Թրամփի օրոք ցնցում է դաշինքի առանցքը՝ ստիպելով երկրներին դիտարկել Վաշինգտոնի հետ հետախուզական տվյալների փոխանակման ռիսկը, ասել են հինգ պաշտոնյաներ: ԱՄՆ հուսալիության շուրջ խառնաշփոթը սաստկացավ այս շաբաթ, երբ տեղեկություններ հայտնվեցին, որ այն ժամանակավորապես դադարեցրել է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակումը` փորձելով ճնշել Կիեւին Ռուսաստանի հետ բանակցություններում, ընդգծել է պարբերականը:

«ՆԱՏՕ սրահներում շատ շահարկումներ կան դաշինքի ներսում հետախուզական տվյալների փոխանակման ապագայի մասին»,- ասել է Ջուլի Սմիթը՝ մինչեւ նոյեմբեր ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը Ջո Բայդենի օրոք, ավելացնելով, որ «լսել է մտահոգություններ որոշ դաշնակիցներից», թե արդյոք Վաշինգտոնը կշարունակի հետախուզական տվյալների փոխանակումը դաշինքի հետ: Կանադայի արտաքին հետախուզության՝ CSIS-ի նախկին աշխատակից Դենիել Սթենթոնի խոսքով՝ «այն ժամանակ, երբ նրանք իսկապես ավելի շատ հետախուզական տվյալների կարիք ունենան, նրանք դրանցով կզբաղվեն ավելի քիչ»:

«Հետախույզները կարող են տեղեկություններ փոխանակել եւ զրուցել միմյանց հետ ուրիշների համար անհասանելի պայմաններում։ Կրճատում մենք չենք տեսնում»,- ասել է մեկ այլ աղբյուր։

ՆԱՏՕ 32 անդամների միջեւ հետախուզական տվյալների փոխանակումը երբեք այնքան սերտ չի եղել, որքան Five Eyes դաշինքի միջեւ՝ հիմնականում կապված արտահոսքի վախի եւ կասկածների հետ, որ ռուսները կարող են ներթափանցել որոշ ազգային հետախուզական գործակալություններ, գրել է Politico-ն:

Հետախուզական տվյալների փոխանակումը կարող է շատ արդյունավետ լինել, ինչպես եղավ, երբ Ջո Բայդենի վարչակազմը շեփորեց Ուկրաինայի վրա հարձակման Ռուսաստանի նախապատրաստությունները, ինչը կարեւոր նշանակություն ունեցավ դաշնակիցներին զգուշացնելու եւ համերաշխ արձագանքելու համար: Բայց երեք տարի անց, Թրամփի օրոք կտրուկ քաղաքական տեղաշարժով, ԱՄՆ հետախուզության ապագա դերը հարցականի տակ է: «Հիմա հարցն այն է, թե արդյոք հետախուզության փոխանակումը կմնա ՆԱՏՕ անդրատլանտյան աշխատանքի առանցքային տարրը, հաշվի առնելով դաշնակիցների հարցերը, թե արդյոք ԱՄՆ-ն անաչառ է Ուկրաինայում պատերազմի եւ ապագա բանակցությունների հարցում»,- ասել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը 2021-2024թթ.:

Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ

 

 

ԽՈՍՏԱՑԵԼ ԷԻՆ 5 ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼ

Տավուշի մարզպետարանի տվյալներով՝ մարզի հանրակրթական 10 դպրոցների շենքեր ունեն հիմնանորոգման, 32-ը՝ վերանորոգման (դասասենյակներ, միջանցքներ, մարզադահլիճներ) կարիք։ Տավուշի մարզպետարանից նախկինում հայտնել են, որ «300 դպրոց եւ 500 մանկապարտեզ» պետական ծրագրով 2023-2024 թվականների ընթացքում Տավուշի մարզում կկառուցվի հանրակրթական դպրոցների 5 շենք, սակայն կառուցվել է ընդամենը 2 դպրոցի շենք՝ Իջեւան համայնքի Գանձաքար եւ Կիրանց գյուղերում։ Գանձաքարում 480 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի նոր շենքի արժեքը 1 միլիարդ 822 միլիոն դրամ է, շենքը նախատեսվում էր գործարկել 2023թ. ամռանը, սակայն գործարկվեց 2025-ի հունվարի սկզբին։ Կիրանց գյուղում 100 աշակերտի համար նախատեսված դպրոցի մոդուլային շենքի արժեքը 680 միլիոն դրամ է, այն նախատեսված էր շահագործման հանձնել 2024 թվականի մարտին, սակայն շահագործման հանձնվեց 2024-ի սեպտեմբերի սկզբին։ Սահմանամերձ Դովեղ գյուղում 100 աշակերտի համար նախատեսված միջնակարգ դպրոցի մոդուլային շենքը նախատեսվում էր գործարկել 2024թ. հունիսի կեսին, սակայն աշխատանքները վաղուց դադարեցված են, գործի մեկ երրորդ մասն է արված։ 2023 թ. ապրիլի 29-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզ այցելության ընթացքում եղել էր Դովեղի դպրոցի շինհրապարակում, շինարարներին հորդորել էր շինաշխատանքները ըստ ժամանակացույցի կատարել։

 

 

 

ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ՕՐԸ ՀՈՂԱՄԱՍ Է ՏՎԵԼ ԳՐՔԻԿՅԱՆԻՆ

Դիլիջանի ՔՊ-ական համայնքապետ Դավիթ Սարգսյանը գիրք նվիրելու օրը` փետրվարի 19-ին, գրքի փոխարեն Երեւանի բնակիչ Գրքիկյանին շուկայականից զգալի չափով էժան գնով հողամաս է տվել։ Դիլիջան համայնքի ղեկավար Դ.  Սարգսյանի՝ 2025թ. հունվարի 16-ի թիվ 38-Ա որոշմամբ 2025թ. փետրվարի 17-ին աճուրդի է ներկայացվել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 1301.8 քմ հողամաս (Լոտ-114 (ՔՀ-24)) Դիլիջան քաղաքի Շամախյան փողոց, թիվ 41/4 հասցեում բնակելի կառուցապատման նպատակով, 9 11 2600 դրամ մեկնարկային գնով: Կայացած աճուրդում 9 112 600 դրամ առավելագույն գնով հաղթել է Երեւան քաղաքի Բելյակովի փողոց, 5 շենք, թիվ 44 բնակարանի բնակիչ Վարդան Գրքիկյանը, որի մասին Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի կողմից կազմվել է թիվ 6 արձանագրությունը: Փետրվարի 19-ին Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը որոշել է հաստատել Դիլիջան համայնքի հողամասերն աճուրդային կարգով օտարող հանձնաժողովի թիվ 6 արձանագրությունը եւ 1301.8 քմ մակերեսով հողամասը բնակելի կառուցապատման նպատակով օտարել Երեւանի բնակիչ Վարդան Գրքիկյանին:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 




Լրահոս