ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՁԵՌՆԱՐԿԵԼ ՀՀ-Ն ԳԵՐԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի իշխանությունները մտադիր են փակել Բաքվում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցչությունը, ինչի մասին մարտի 5-ին հայտարարել էր Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի ղեկավարը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակը այն հիմնական կառույցն էր, որի միջոցով հնարավոր էր լինում կապ պահել Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ եւ տեղեկություններ իմանալ նրանց առողջական վիճակի եւ պահման պայմանների մասին՝ հարց է առաջանում, թե ինչպե՞ս է ապահովվելու կապը հայ գերիների հետ եւ ի՞նչ եղանակով են տեղեկություններ ստացվելու նրանց վիճակի մասին։

 

Ըստ միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը ընդգծել է, որ Ադրբեջանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գրասենյակի գործունեության փակման պարագայում Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների հետ կոմունիկացիայի այդ խողովակն ամբողջովին դադարելու է, այն մեծացնելու է հոգեբանական տառապանքները եւ ստեղծելու է մեծ անորոշություն։

«Սա նշանակում է, որ Բաքվում պահվող հայերի ճակատագիրը մնում է բացառապես ադրբեջանական իշխանությունների քմահաճույքների տիրույթում, ինչը կարող է հավելյալ քաղաքական լծակ դառնալ Հայաստանի իշխանությունների նկատմամբ ճնշումներ գործադրելու համար»,- նշել է Սահակյանը։

Սահակյանը նկատել է, որ այս պահին միակ կառույցը, որը հնարավորություն ունի անմիջականորեն տեսակցել ռազմագերիներին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեն է, որը, չունենալով խոշտանգումների կանխարգելման մեխանիզմ, բոլոր դեպքերում մարդասիրական առաքելություն է իրականացնում, իսկ տեսակցությունները դրական ազդեցություն են թողնում այնտեղ պահվող հայ գերիների վրա։

Ըստ նրա՝ տրամաբանական է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վատթարացման, ժողովրդավարացման անկման տենդենցներին զուգահեռ հատուկ միջոցներ են ձեռնարկվում այդ վիճակն արձանագրող կառույցների գործունեությունը սահմանափակելու մասով, այսինքն, եթե կա վիճակի վատթարացում, պետք է կանխել այդ վիճակի վատթարացումն արձանագրող կառույցների ներկայությունը եւ նաեւ այդ վիճակի արձանագրումն ու փաստագրումը։ «Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պարագայում ակնհայտ է դառնում ադրբեջանական կողմի թիրախավորված գործելակերպը, քանի որ գրասենյակի հիմնական գործունեությունը կապված է հակամարտության մարդասիրական հետեւանքները մեղմելու հետ, եւ այստեղ հիմնական շահառուն հայերն են` պայմանավորված Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ, իսկ Կարմիր խաչը, ըստ էության, ներպետական մարդու իրավունքների հարցերով ներգրավվածություն չունի»,-ընդգծել է միջազգային իրավունքի մասնագետը։

Խոսելով այն մասին, թե ինչ քայլեր կարող է անել հայկական կողմը Բաքվում ԿԽՄԿ-ի գրասենյակի փակվելու դեպքում՝ Սիրանուշ Սահակյանն ասել է, որ իրավիճակը մեղմող միջոցառում կարող է լինել խոշտանգումների հարցերով զբաղվող այլ կառույցների ներգրավվածությունը մեծացնելը, օրինակ` Խոշտանգումների կանխարգելման կոմիտեն, որը գործում է Եվրոպայի խորհրդի շրջանակներում կամ խոշտանգման հարցերով ՄԱԿ-ի հատուկ մանդատագիրը։ Նրա խոսքով՝ վերջիններս որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն, եւ չափազանց կարեւոր է նաեւ այլընտրանքային պայմանավորվածություններ ձեռք բերելը դիվանագիտական, հյուպատոսական հասանելիություն ապահովելու նպատակով։

Ն. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

ՔԱՐԱԹԱՓՈՒՄ Է ԵՂԵԼ

Երեկ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող ճանապարհին տեղի է ունեցել քարաթափում, ճանապարհը դարձել է միակողմանի երթեւեկելի. առկա է հետագա քարաթափման վտանգ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհից Ջերմուկ քաղաք տանող հատվածի 2-րդ կմ-ին տեղի է ունեցել քարաթափում։ Փրկարարները եւ պարեկային ծառայության աշխատակիցները քարերը հեռացրել են ավտոճանապարհի երթեւեկելի հատվածից՝ դարձնելով այն երկկողմանի երթեւեկելի։

 

 

 

ՏԱՐԿԵՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

2018-ից գործում է տարկետման համակարգ, որը տրամադրվում է Շանհայի վարկանշավորման համակարգի առաջին 50 բուհեր ընդունված ուսանողների համար: 2018 թվականից ի վեր 380 հոգի օգտվել է այդ համակարգից, նրանցից ավելի քան 330-ը դեռ սովորում է, իսկ 45-ը ավարտել է: Այդ մասին Կառավարության նիստին ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է՝ ավարտած ուսանողներից քանիսն են վերադարձել ՀՀ, քանի որ եթե 45-ն էլ չեն վերադարձել, ապա արտոնությունը պետք է հանել: «Այս պահին հստակ տվյալ ունենք 19-ի վերաբերյալ, որոնք չեն վերադարձել, մյուսների հետ փորձում ենք, շարունակում ենք կապ հաստատել»,- ասել է նախարարը: Վարչապետի խոսքով՝ էական չէ՝ չվերադարձողները տղանե՞ր են, թե՞ աղջիկներ, քանի որ խնդիրը միայն զինվորական ծառայության անցնելը չէ: «Վերադարձածների վիճակագրությունը կտաք, եթե վերադարձածների վիճակագրությունը դեֆորմացված լինի, մենք այդ արտոնությունը հանում ենք: Կներեք, մենք այդքան ռեսուրս չունենք՝ զարգացած երկրների զարգացման համար ներդրում անելու: Իրենք իրենց զարգացման համար ներդրում անելու ձեւը կգտնեն», – ասել է վարչապետը:

Հիշեցնենք, որ քննարկումը ծավալվել է այն որոշման նախագծի համատեքստում, որով առաջարկվում է ուսանողների՝ արտերկրի բուհերում սովորելու կրթաթոշակային քաղաքականությունը վերանայել ֆինանսավորման տեսանկյունից: Այն է՝ պետությունը եւ տվյալ մասնագետի կարիքն ունեցող, առնվազն 100 աշխատող ունեցող ընկերությունը պետք է համաֆինանսավորեն տվյալ մասնագետի վերապատրաստման համար 50/50 համամասնությամբ: Կրթությունից հետո շրջանավարտը պետք է առնվազն 3 տարի աշխատի տվյալ կազմակերպությունում:

 




Լրահոս