
Մարտի 5-ին՝ Վազգեն Սպարապետի ծննդյան օրը, «Կինոմոսկվա»-ում կայացավ հանդիսատեսի կողմից երկար սպասված «Վազգեն. Վերջին Սպարապետ» ֆիլմի պրեմիերան, որին ներկա էին ողջ ստեղծագործական խումբն ու Վազգեն Սարգսյանի ընտանիքի անդամներն ու բարեկամները: Կարմիր գորգի արարողությանն ու ֆիլմի նախադիտմանը ներկա է եղել նաեւ ArmLur.am-ը, պրեմիերայից հետո զրուցել դերասանական կազմի հետ ու առանձնացրել երեկոյի կարեւոր դրվագները։
«Ավելի լավ է մեկ մոմ վառել, քան հավերժ բողոքել խավարից: Օգնենք, որպեսզի յուրաքանչյուրը վառի իր մոմը, եւ համոզված եմ՝ մոտ ապագայում Հայաստանը կհայտնվի լույսի մեջ»,- ֆիլմի պրեմիերայից առաջ Սպարապետի խոսքերը մեջբերեց նրա կերպարը մարմնավորող Խորեն Լեւոնյանը: Արդեն պրեմիերայից հետո դերասանը դժվարացավ բառերով նկարագրել իր էմոցիաները:
«Շատ բարդ է, բայց հիմա ավելի հանգիստ եմ, քան մինչ պրեմիերան, անչափ լարված էի: Ֆիլմում նկարահանվելու առաջարկը ստանալուց հետո մինչ այս պահը ես լարված եմ ու չգիտեմ՝ դեռ որքան կշարունակվի: Դժվար ու դաժան է եղել, որովհետեւ ներքին հարցեր կան: Իմ ու կերտածս հերոսիս մեջ աշխարհայացքի նմանություններ եմ գտնում, այդ հարցերի պատասխաններն անդադար փնտրում եմ: Մենք սխալներ ունենք, որոնք կարծում եմ՝ պետք է ուղղենք»,- նշեց դերասանը:
Խորեն Լեւոնյանը նկատեց՝ մինչ այս ֆիլմում նկարահանվելը բոլորն ասում էին, որ շատ նման է իր պապիկին: «ֆիլմից հետո բոլորն ասում են՝ ինչ նման ես Վազգենին»:
Ֆիլմի բոլոր դրվագներում Խորեն Լեւոնյանի ձայնը, քայլվածքը, արտաքին տեսքն ու հայացքը հիշեցնում է Սպարապետին, բայց դերասանը նշեց, որ աշխատել է իր ձեւով ու ոճով հանդիսատեսին հասցնել նրա էությունն ու մտածելակերպը, այլ ոչ թե «տնազ է արել»:
«ֆիլմի ասելիքը մեկն է՝ Հայաստան, հայ, հայրենիք, սեր»,- ընդգծեց Խորեն Լեւոնյանը:
Ֆիլմի մտահղացման հեղինակը՝ Վազգեն Սարգսյանի եղբոր դուստրը նշեց, որ ֆիլմում որեւէ դրվագ հորինված չէ։
«1 տարեկանում եգիպտացորենի հատիկը կանգնել է կոկորդին, բժիշկներն ասել են, որ երեխան մահացած է, բայց, հրաշքով կարողացել է շնչել մինչեւ ծնողները տեղափոխել են Երեւան»,- պատմեց Նոնո Սարգսյանը: Հարցին՝ ինչպես կարձագանքեր Վազգենը ֆիլմը դիտելիս, Նոնոն նկատեց, որ հաստատ կբարկանար, եթե իմանար, որ իր մասին ֆիլմ է նկարահանվել։
«Նա չէր սիրում, երբ իր կենացն էին խմում կամ իր մասին երգում»:
Ֆիլմի վերջին դրվագի մասին խոսելիս Նոնո Սարգսյանը ընդգծեց. «Վազգեններ կան եւ լինելու են։ Կյանքը շարունակվում է։ Մենք պետք է շարունակենք նրա գործը եւ չհուսահատվենք»:
Ֆիլմի պրեմիերային ոչ պակաս հուզված ու տագնապած էր եկել նաեւ դերասանուհի Մարջան Ավետիսյանը, ով մարմնավորել է Գրետա մայրիկին: Դերասանուհին պրեմիերայից հետո անկեղծացավ, որ իր խաղը մասամբ հավանել է: «Մտավախությունս ավելի շատ արտաքինի հետ էր կապված, իսկ ցանկացած կերպարիս մեջ գտնում եմ սխալներ: Հուսամ՝ ֆիլմը հույզեր կառաջացնի»,- անկեղծացավ Մարջան Ավետիսյանը:
Հիշեցնենք՝ ֆիլմի սյուժեի առանցքում Վազգեն մարդն է, որդին, զգայուն հորեղբայրը, տաղանդավոր գրողը, սիրող տղամարդը, ռազմական ու պետական գործիչը: Ներկայացվում են նրա կյանքի գրեթե բոլոր փուլերը, որոնք միահյուսված են մեր երկրի նորագույն պատմության նշանակալի իրադարձություններին: Ֆիլմը նկարահանել է Genetic Production-ը: Գլխավոր պրոդյուսերը եւ մտահղացման հեղինակը Նոնո Սարգսյանն է, սցենարի հեղինակները՝ Լեւոն Սարգսյանն ու Արամ Կարապետյանը, ով նաեւ բեմադրող ռեժիսորն է, երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ բեմադրող նկարիչը՝ Արմեն Ղազարյանը:
ԱՆՆԱ ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Skype ՀԱՎԵԼՎԱԾԸ ԱՅԼԵՎՍ ՉԿԱ
ArmLur.am-ը տեղեկացավ, որ Microsoft ընկերությունը պաշտոնապես դադարեցնում է Skype-ի աջակցությունը. անջատման գործընթացը կմեկնարկի արդեն 2025-ի մայիսին։ Հետաքրքրականն այն է, որ Skype հավելվածը հեռանում է ընդմիշտ եւ ծրագրից օգտվողներին խորհուրդ է տրվել, որ անցում կատարեն Teams-ի։ Skype-ի օգտատերերը նկատել են, որ Windows-ի համար նախատեսված Skype-ի վերջին փորձնական տարբերակում հաղորդագրություն կա, որում ասվում է, որ որոշ կոնտակտներ արդեն տեղափոխվել են Teams անվճար, ինչը, հավանաբար, նշանակում է, որ ընկերների ցանկը ավտոմատ կտեղափոխվի նոր հարթակ։ Նշենք, որ Skype ծրագիրը ստեղծվել է 2003 թվականին, որը Microsoft-ը ձեռք է բերել 2011 թվականին։ 2017 թվականին Microsoft-ը ներկայացրեց Teams-ը, որը հիմնված էր Skype-ի տեխնոլոգիաների վրա եւ ստեղծվել էր Slack-ի հետ մրցակցելու համար։ Այդ պահից սկսած Skype-ի զարգացումը դանդաղեց, եւ նրա փակման մասին խոսակցությունները շրջանառվում էին արդեն մի քանի տարի։ Skype-ը այդպես էլ չդարձավ Microsoft-ի հիմնական արտադրանքը, քանի որ Apple-ի FaceTime-ը գերիշխում է iPhone եւ Mac օգտատերերի շրջանում։ Իսկ թե ինչ է լինելու հետո, բարդ է ասել, քանի որ Microsoft-ը դեռեւս պաշտոնական մեկնաբանություններ չի տվել, սակայն Skype-ի անջատումը մայիսին արդեն վերջնական որոշված է։
Ա. ՍՐԱՊԻՈՆՅԱՆ
Ի ՊԱՏԱՍԽԱՆ ՄԻՐԶՈՅԱՆԻ
«Փոխանակ պարոն Ծառուկյանի գործը մի փոքր գնահատեիք, թե մի սովորական աղջկա համար ինչ արեց, դուք դրել ինչեր եք քննարկում, ի վերջո նա այդ գործն արել է ձեր փոխարեն», – այս մասին, ի պատասխան ԱԳՆ նախարար Արարատ Միրզոյանի արած հայտարարությունների, ասել է վերջերս Բելառուսից Հայաստան վերադարձած բլոգեր Բելլա Բաբախանյանը: Հիշեցնենք, որ Բելլա Բաբախանյանը կալանավորվել էր Բելառուսում հակաադրբեջանական քարոզչության համար եւ Գագիկ Ծառուկյանի ջանքերով վերադարձավ Հայաստան: Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր. «Ո՞վ է ջանքեր գործադրել բաց թողնելու համար, ո՞վ է դա ներկայացնում որպես իր ձեռքբերում, չգիտեմ։ Մեզ այդքանը չի հետաքրքրում: Մենք հավաստիացել ենք, որ մեր քաղաքացին 15 օրից հետո բաց է թողնվելու»: Բլոգերը մասնավորապես նշել է. «Տեսա, որ Ազգային ժողովում իմ հարցն էր քննարկվում: Չգիտեի, որ փաստորեն Արարատ Միրզոյանն էր եկել իմ հետեւից, փաստորեն Արարատ Միրզոյանն է այդ դժվար պահին իմ կողքին հայտնվել, ես չգիտեի, որ դուռը բացեցի ու տեսա, որ Արարատ Միրզոյանն է կանգնած, ինձ թվաց, որ ուրիշ մարդ էր: Ես չգիտեի, որ այդ դժվար պահին, որ ինձ թվում էր՝ էլ չեմ վերադառնա հայրենիք, որովհետեւ ինձ ասել էին, որ 15 օրից հետո ես ոչ մի տեղ էլ չեմ գնալու, Արարատ Միրզոյանն այդ դժվար պահին եկավ եւ կողքս կանգնեց, պատվիրեց ինքնաթիռ, բերեց ինձ Հայաստան: Այս թողնենք ժողովրդի դատողությանը»: