Հայաստանի սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանն ապրիլի 9-ին ընդունել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավար Քրիստոֆ Բիերվիրթի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաեւ «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Լենա Հալաջյանը:
Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե հանդիպման ընթացքում քննարկվել են Սիրիայի Քեսաբ քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց հետեւանքները, Սիրիայի քաղաքացիական պատերազմի հետեւանքով Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրները՝ նրանց կացարաններով ապահովելու եւ Նոր Հալեպ թաղամասի կառուցմանն առնչվող մի շարք այլ հարցեր:
ՀՀ սփյուռքի նախարարի պաշտոնակատար Հրանուշ Հակոբյանը բարձր է գնահատել ՄԱԿ-ՓԳՀ գործակցությունը, Հայաստան տեղափոխված սիրիահայերի հիմնախնդիրների լուծմանն ուղղված նրանց ակտիվ գործունեությունն ու ՀՀ սփյուռքի նախարարության ծրագրերին ու միջոցառումներին Քրիստոֆ Բիերվիրթի մասնակցությունը:
ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին կառուցողական քննարկումների, առաջարկությունների եւ համագործակցության համար:
Նա նշել է, որ ուշադիր հետեւում է քեսաբյան դեպքերին, մշտապես կապի մեջ է ՄԱԿ-ի համապատասխան ստորաբաժանումների հետ եւ հայ ժողովրդի դիրքորոշումը փոխանցել է ՄԱԿ-ի գործընկերներին: Քրիստոֆ Բիերվիրթին իր խոսքում կարեւորել է նաեւ Հայաստանում ապրող սիրիահայերի հիմնախնդիրներին վերաբերող հարցերը՝ հույս հայտնելով, որ դրանք շուտով կստանան իրենց լուծումները:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են շարունակել համատեղ աշխատանքները՝ ստեղծված իրավիճակում սիրիահայերի հիմնախնդիրները լուծելու, հատկապես՝ բնակարանաշինության եւ կացարաններով ապահովելու ուղղությամբ ծրագրերն իրականացնելու համար: