
Մարտի 6-ից Սիրիայի Ջեբլա քաղաքում, Լաթաքիայի մի քանի թաղամասում և Լաթաքիա ու Տարտուս նահանգների լեռնային հատվածներում կատաղի մարտեր են բռնկվել սիրիական անվտանգության ուժերի և Դամասկոսում նոր իշխանության դեմ հանդես եկող զինված կազմավորումների միջև: Սիրիայի կենտրոնական իշխանություններn ուժեր են ուղարկել տարածաշրջան։ Այն բանից հետո, երբ առափնյա հատվածի բնակավայրերի նկատմամբ վերականգնվել է կենտրոնական իշխանության վերահսկողությունը, սկսել են հաղորդագրություններ ստացվել ալևիների զանգվածային մահապատիժների մասին։ Խոսվում է հարյուրավոր սպանվածների, այդ թվում՝ կանանց և երեխաների մասին։
Սիրիայի անվտանգության ուժերը «Հըզբոլլահին» մեղադրել են երկրում իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Իրադարձությունների նման վարկած Al Arabiya հեռուստաալիքին ներկայացրել է Սիրիայի Լաթաքիա նահանգում անվտանգության ուժերի ներկայացուցիչ Սաջիդ ադ-Դիքը։ Նա հայտնել է, որ անվտանգության ուժերը ձերբակալել են հինգ մարդու, որոնք բարձր պաշտոններ են զբաղեցրել տարածաշրջանում նախկին ռեժիմի օրոք, նա, սակայն, չի բացահայտել նրանց ինքնությունը՝ վկայակոչելով անվտանգային նկատառումները։
Նշենք, որ անվտանգության ուժերի և Սիրիայի տապալված նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների միջև երկօրյա բախումների և դրան հաջորդած ջարդերի հետևանքով ավելի քան 1,000 մարդ է զոհվել: Հավելենք, որ Սիրիայի հայկական թաղամասներում իրավիճակը հանգիստ է։
Աննա Սրապիոնյան