Մայր և դուստր մարմնավաճառները նաև կավատ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով 44-ամյա Սուսաննա Պետրոսյանն իր մարմնավաճառ դստեր հետ զբաղվել է այլ մարմնավաճառ կանանց հավաքով: Տարիներ հետո նրանց արարքը բացահայտվել ու հարուցվել է քրեական գործ: Գործն այժմ գտնվում է դատարանում:

Ս. Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա մարմնավաճառության նպատակով ՀՀ-ից Դուբայ կանանց է ուղարկել, իսկ նրա դուստրն էլ «դիմավորել» է նրանց ու «գործի» տեղավորել: Սուսաննայի դուստրը՝ Արմենուհի Պետրոսյանը բնակվել է Արաբական Միացյալ Էմիրություններում:

Մեղադրական եզրակացությունում նշվում է, որ Ս. Պետրոսյանը 2012թ. դեկտեմբերին, ընկերուհուց` Լուսինե Զաքարյանից տեղեկանալով, որ նման ցանկություն է հայտնել Արարատի մարզի Գոռավան գյուղի բնակչուհի Արմինե Ավետիսյանը, հանդիպել է վերջինիս հետ ու նրան տեղեկացրել է,  որ Դուբայ մեկնելու համար անհրաժեշտ հրավերքը և ճանապարհածախսի գումարը կուղարկի դուստրը, որը սկզբնական շրջանում կհոգա նաև Դուբայում նրա բնակվելու, սննդի և այլ հարցերը` հետագայում վերադարձնելու պայմանով:

Ս. Պետրոսյանը նշել է նաև, որ վերջինս կօգնի նաև սեռական ծառայություններ մատուցելու համար հաճախորդ ապահովելու հարցում:

Մեկնելու վերաբերյալ պայմանավորվածություններ ձեռք բերելուց հետո ՝ 2012թ. դեկտեմբերի կեսերին, դստեր ուղարկած գումարով Արմինե Ավետիսյանի համար ձեռք է բերել Երևան-Դուբայ չվերթի ուղետոմս և 2012թ. դեկտեմբերի 25-ին «Զվարթնոց» օդանավակայանից Դուբայ ճանապարհել նրան:

Շուրջ մեկուկես ամիս Արմենուհի Պետրոսյանի օժանդակությամբ Արմինե Ավետիսյանը զբաղվել է պոռնկությամբ և վաստակած գումարները տվել նրան: Սակայն այդ ամենը բացահայտվել է:

Ս.Պետրոսյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի  262 հոդվածի 2 մասի 1-ին և 3-րդ կետերով: Նա այս պահին գտնվում է Աբովյան ՔԿՀ-ում:

Քրգործը քննվում է Կոտայքի մարզի առաջին ատյանի դատարանի Աբովյանի նստավայրում` Վաղինակ Մկրտչյանի նախագահությամբ:




Լրահոս