Սա իմ վերջին մենամարտը չի, փոխել եմ 3 նախագահ, 5 վարչապետ, դուք կլինեք 6֊րդը. Ղուկասյանը` Փաշինյանին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սա իմ վերջին մենամարտը չի, փոխել եմ 3 նախագահ, 5 վարչապետ, դուք կլինեք 6֊րդը: Այս մասին հայտարարություն է տարածել Գյումրու նախկին քաղաքապետ, այժմ Գյումրու քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանը․

«Նախօրեին ՀՀ առաջին դեմքի կողմից հայրաքաղաք Գյումրիում արտասանված ուղնուծուցով սուտ, պոպուլիստական և մաշված հեքիաթներին անդրադարձան շատերը՝ արժանի պատասխան տալով դրանց, և մեզ ասելու ընդամենը շատ քիչ բան թողեցին։ Ինչևէ, նախկին քաղաքապետի գրասենյակը անհրաժեշտ է համարում կատարել ևս երկու կարևոր նկատառում՝

Չնայած վարչապետի հայտնի սուտասան լինելուն՝ կարիք կա բացահայտելու նրա արտաբերած այն սուտը, թե իբր Վարդան Ղուկասյանը, քաղաքապետ դառնալով, փորձում է փրկել իր իբր ապօրինի գույքը բռնագանձումից։ 6-երորդ դասարանի տարրական հասարակագիտություն իմացող երեխան նույնիսկ գիտի, որ յուրաքանչյուր պաշտոնավոր օրենքի կամ դատարանի վճռի առջև հավասար է ճիշտ այնպես, ինչպես Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի։ Այդ պարագայում ինչպե՞ս կարող է քաղաքապետ առաջադրվելու շարժառիթը լինել դատարանի կայացրած վճիռը բեկանելը։ Այս անհեթեթ պնդումը, ցավոք, միայն մեկն է, երկրի ղեկավարի արտաբերած բազմապիսի մոլորություններից, որոնք ոչ այլ ինչ են, քան շուռ տված իրականություն, իսկ իրականությունն այն է, որ Վարդան Ղուկասյանի քաղաքապետ առաջադրվելու որոշումը ի սկզբանե ավելի մեծ ռիսկեր է պարունակում ինչպես այդ գույքի անօրինական բռնագանձման, այնպես էլ նրա բանտարկման հետ կապված։

ՀՀ կառավարությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Անանիա Շիրակացի բարձր շքանշանով՝ Գյումրու տնտեսությանը զարկ տալու իր անուրանալի ներդրման համար, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին իր ամենաբարձր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ շքանշանով՝ Ամենափրկիչը վերակառուցելու համար, ինչպեսև Համայն Ռուսիո պատրիարքը՝ Գյումրու ռուսական Պլպլան ժամի և Պատվո բլուրի հիմնովին բարեկարգման համար, Գրողների միությունը Վարդան Ղուկասյանին պարգևատրել է Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը թուրքերի ճանկերից գնելու (վարկային միջոցներով) և հայ համայնքին նվիրաբերելու համար, իսկ երկրի այժմյան վարչապետը ի հատուցում Վարդան Ղուկասյանի հայրենանվեր գործունեության՝ գետնին քարշ տալով նրան բերման է ենթարկում, հետո էլ թիկնապահներով շրջապատված հայտարարում, թե քաղաքական առնետներին պետք է ուղարկել իրենց «պադվալները»։ Մենք մեկ հարց ենք ուզում հնչեցնել՝ ուրիշ ինչպե՞ս կարելի է հասկանալ այս քաղաքականությունը, եթե ոչ վերջին հայկական պետության հետևողական ոչնչացում։

Ի գիտություն Նիկոլ Փաշինյանի՝ թող չկարծի, թե սա Վարդան Ղուկասյանի վերջին մենամարտն է. Գյումրու քաղաքապետ Ղուկասյանը իր պաշտոնավարման ժամանակ փոխել է 3 նախագահ և 5 վարչապետ։ Վստահեցնում ենք, դուք լինելու եք 6-երորդը։»։




Լրահոս