
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, որը մեկնում է Սաուդյան Արաբիա՝ Ուկրաինայի հետ բանակցությունների, հայտարարել է, որ խորհրդակցությունների ընթացքում իր պատվիրակությունը կփորձի հասկանալ, թե ինչ զիջումների է պատրաստ Կիևը գնալ հանուն խաղաղության։ Ինքնաթիռում գտնվող լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ Պետքարտուղարության ղեկավարն ասել է, որ Վաշինգտոնը ևս վստահ չէ, թե պատերազմի ավարտի ինչ պայմանները կբավարարեն Ռուսաստանին, հաղորդում է BBC-ն։ Միաժամանակ Ռուբիոն հայտարարել է, որ երկու կողմերն էլ ստիպված են լինելու գնալ զիջումների, հնարավոր է՝ տարածքային։
«Ռուսաստանցիները չեն կարող գրավել ամբողջ Ուկրաինան, և, իհարկե, Ուկրաինայի համար շատ դժվար կլինի ցանկացած տեսանելի ապագայում ստիպել ռուսներին վերադառնալ այնտեղ, որտեղ նրանք եղել են 2014 թվականին»,- ըստ New York Times-ի՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը։
«Մենք պետք է հասկանանք Ուկրաինայի դիրքորոշումը և պարզապես ընդհանուր պատկերացում կազմենք, թե ինչ զիջումների են նրանք պատրաստ գնալ: Եթե երկու կողմերն էլ զիջումների չգնան, հրադադար չի լինի և այս պատերազմի ավարտ չի երևա»,- ըստ Reuters-ի՝ լրագրողներին հայտարարել է Ռուբիոն:
«Մենք չենք կարող շատ մանրամասնել, չենք կարող գծեր քաշել քարտեզի վրա բանակցային սենյակում, բայց [ցանկանում ենք ստանալ] ընդհանուր պատկերացում, թե ինչ զիջումներ են իրականում հնարավոր նրանց համար, ինչ են նրանք ցանկանում ստանալ դրա դիմաց: Այնուհետև կիմանանք, թե ինչպիսին է Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում, և դա մեզ բավականին լավ գնահատական կտա, թե որքան հեռու են նրանք միմյանցից»: