Երեկ գիշեր ArmLur.am-ը տեղեկցրեց, որ 13 ժամ տևած քննությունից հետո մրցութային հանձնաժողովում 5 թեկնածուններից 3-ը կարողացան հաղթահարել անհրաժեշտ շեմը, և նրանց թեկնածությունը ներկայացվել է Կառավարության քննարկմանը:
- Արթուր Նահապետյան
- Գևորգ Քոչարյան
- Պետրոս Մարտիրոսյան
Իսկ ովքե՞ր են նրանք.
Արթուր Նահապետյանը ՀՀ Քննչական կոմիտեի SMS-ով հեռացված նախագահ Արգիշտի Քյարամյանի սանիկն է, ներկայումս ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալն է: Նրան հանձնաժողովում շատ հարցախեղդ չարեցին, կասկածելի բաներ ի հայտ չեկան:
ՀՀ դատախազության ապօրինի գույքի բռնագանձման գործով նախկին դատախազ Գևորգ Քոչարյանը, ըստ մամուլի հրապարակումների, Աննա Վարդապետյանից սրտնեղած, ազատման դիմում է գրել ու հեռացել է դատախազությունից, քանի որ իրեն վարչութան պետ չեն նշանակել:
Նա եղել է Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի
* Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի,
* Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախկին նախագահ Ռոբերտ Նազարյանի,
* Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի,
* Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանի և այլ անձանց ենթադրյալ ապօրինի գույքի բռնագանձման գործերով դատախազը:
Բայց ArmLur.am-ին տեղեկություններ հասան, որ Գեւորգ Քոչարյանը կառավարություն մուտք ու ելք ունի, նրա ընտրվելու հարցում մեծ ջանքեր է գործադրում հենց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի ծրագրերի համակարգող Դանիել Իոնիսյանը:
Իսկ երրորդ թեկնածու Պետրոս Մարտիրոսյանի բարեվարքության գնահատման մասով մրցույթային հանձնաժողովի անդամ Դանիել Իոնիսյանը ներկայացրել է հատուկ կարծիք, քանի որ նա`
* հանդիսանալով Վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար, ԶՊՄԿ աշխատակիցների գործադուլի ժամանակաշրջանում մեկնել է Մոսկվա՝ մասնակցելու ԶՊՄԿ տնօրենի ծննդյան խնջույքին:
* Հանդիսանալով Լոռվա մարզի դատախազության դատախազ՝ դատարանում ԼԴ/0141/01/14 քրեական գործով ներկայացրել է Կարեն Կունգուրցևի մեղադրանքը՝ անտեսելով քննիչի կողմից կատարված էական և ակնհայտ խախտումները (որոնք վերջում արձանագրվել են դատարանի լրացուցիչ որոշմամբ), բավարար ջանքեր չի գործադրել: Արդյունքում Կունգուրցևը, արդարացվելուց առաջ, շուրջ երեք տարի գտնվել է ապօրինի անազատության մեջ:
* Մտերիմ հարաբերությունների մեջ է (ընկերն է) «թուրքական իշխանությանը պահող» ոստիկաններին «թուրք» ու բարոյականությունը ծախող անվանող և կողոպուտի համար նախկինում դատված անձի հետ, ով նաև Ռոբերտ Քոչարյանի ընտանիքի մտերիմ ու 2008 թ.-ի մարտի 1-ին Մաշտոցի պողոտայում ջարդարարություն իրականացրած անձի եղբայրն է (հաստատված է դատարանի կողմից)»։ Սա, իհարկե, մահացու «մեղք» է:
Սակայն բոլորին հայտնի է, որ Մարտիրոսյանը Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի մտերիմն է ու, եթե Հարությունյանը Փաշինյանին լավ ներկայացնի և բացատրի, որ տեսչական մարմնի ղեկավարն իր գործը այսօր էլ լավ է անում, ապա հենց Պետրոս Մարտիրոսյանը կնշանակվի Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում։






























