
«Իմ Քայլը» հիմնադրամից տեղեկացնում են․
««Կրթվելը նորաձև է» շարժման շրջանակում մարտի 15-ին տեղի կունենա համանուն բանախոսությունների շարքի առաջին միջոցառումը։ Մեկնարկային հանդիպման խոսնակն է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հանդես կգա «Իմանալ՝ ինչպես» խորագրով ելույթով։ Միջոցառմանը հրավիրված են շարժման մասնակիցները, ովքեր նախկինում մասնակցել են ՀՀ վարչապետի տիկին և «Իմ քայլը» հիմանդրամի գործադիր տնօրեն տիկին Աննա Հակոբյանի հետ «Կրթվելը նորաձև է» շարժման հանդիպումներին։
Շարժման շրջանակում արդեն տեղի է ունեցել 19 հանդիպում Հայաստանի տարբեր համայնքներում, որոնց մասնակիցները բազմիցս բարձրաձայնել էին ոչ ֆորմալ կրթական նախաձեռնությունների անհրաժեշտությունը, ուստի բանախոսությունների շարք սկսելու գաղափարը վաղուց հասունացել էր։
Տիկին Աննա Հակոբյանը ոգեշնչվել է «ԹԵԴ Թոք»-երի միջազգային լավագույն փորձով (TED-formatted talks), որոնց ձևաչափով էլ Հայաստանում ստեղծվում է կրթական նոր, ոչ ֆորմալ հարթակ: Վերջինս միտված է հնարավորություն տալ հասարակության լայն շերտերին ընդլայնելու իրենց գիտելիքները, բացահայտելու նոր մտքեր և խորացնելու պատկերացումները ամենատարբեր թեմաների շուրջ։ «Իմ Քայլը» հիմնադրամի նախաձեռնությամբ մեկնարկած «Կրթվելը նորաձև է» բանախոսությունների շարքի շրջանակում տիկին Աննա Հակոբյանը պլանավորում է առաջիկայում հյուրընկալել տարբեր ոլորտների առաջատար բանախոսների՝ ինչպես Հայաստանից, այնպես էլ արտերկրից։
Բանախոսությունները լինելու են շարունակական, հանրության համար` բաց, և ընդգրկելու են բազմաբնույթ թեմաներ՝ գիտությունից մինչև արվեստ, տնտեսությունից մինչև փիլիսոփայություն։ Նպատակն է ստեղծել մի հարթակ, որտեղ յուրաքանչյուրը կարող է սովորել, կիսվել գաղափարներով և ստանալ նոր գիտելիքներ, որոնք կնպաստեն ինքնազարգացմանն ու ընդհանրապես՝ գիտակցված հասարակության ձևավորմանը։»