
Օրերս Իլոն Մասկը հայտարարել է, որ X-ը՝ նախկին Twitter-ը ենթարկվել է «մասշտաբային կիբերհարձակման», որը հանգեցրել է լայնածավալ խափանումների և թույլ չի տվել օգտատերերին մուտք գործել հարթակ։
X-ի դեմ կիբերհարձակումը զարգացել է մի քանի ալիքներով՝ լուրջ խոչընդոտներ առաջացնելով հարթակի աշխատանքի համար։ Արևելյան ժամանակով առավոտյան 4:30-ին գրանցվել է առաջին խոշոր խափանումը՝ մոտ 2200 հաղորդմամբ Հնդկաստանի օգտատերերից։ Մեկ ժամ անց ստացվել են նաև ԱՄՆ-ից առաջին բողոքները։ Առավոտյան 5:30-ին արդեն բազմաթիվ օգտատերեր հաղորդում էին խափանումների մասին, իսկ 9:42-ի դրությամբ Downdetector հարթակում արձանագրվել էր ավելի քան 40,000 հաղորդում։
Չնայած ժամանակավոր վերականգնմանը՝ հարթակը շարունակեց պարբերաբար խափանվել օրվա ընթացքում, ինչը ցույց տվեց հարձակման շարունակական բնույթը։
Իլոն Մասկը նշել է, որ X-ի դեմ իրականացված կիբերհարձակումը պահանջել է «մեծաքանակ ռեսուրսներ», ինչը հանգեցրել է ենթադրությունների, որ դրա հետևում կարող է կանգնած լինել որևէ պետություն։ Նա հայտարարեց, որ «կա՛մ խոշոր, կոորդինացված խումբ, կա՛մ պետություն» է ներգրավված հարձակման մեջ։
Ավելի ուշ Fox News-ին տված հարցազրույցում Մասկը նշել է, որ հաքերների IP-հասցեներն ակնարկում են Ուկրաինայի մասնակցությունը։
X-ի դեմ իրականացված վերջին հարձակումը միակը չէ, որ տեղի է ունեցել Իլոն Մասկի ղեկավարության ներքո։ 2022-ին 44 միլիարդ դոլարով հարթակը ձեռք բերելուց ի վեր, այն բախվել է մի քանի խոշոր խափանումների։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան