ՀՌԱԿ ատենապետը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, «Նաիրիտ»-ի գործով, որով նյութեր են նախապատրաստվում, երեկ ոստիկանության քննչական վարչության Կենտրոնի բաժին է կանչվել: Քննիչ Արթուր Մանուկյանը Հարություն Առաքելյանին հարցրել է, թե ինչ տեղեկությունների հիման վրա է արել 31 միլիոն դոլարի յուրացման մասին իր հայտարարությունը: Վերջինս նշել է, որ օգտվել է «42 սկզբնաղբյուրից»` կայքեր, ռադիո եւ հեռուստահաղորդումներ, տեսաերիզներ եւ «Նաիրիտ»-ի նախկին աշխատակիցներ: Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների՝ Առաքելյանն ասել է, որ նրանց անունները կհրապարակի միայն իրենց հետ համաձայնեցնելուց հետո: Նշենք, որ սա նույն քննիչի վարույթում գտնվող երկրորդ գործն է (առաջինը վերաբերում է ՀՌԱԿ-ի տարածքների օտարմանը), որտեղ Հ.Առաքելյանը դեռ հանդես է գալիս վկայի կարգավիճակում: Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետն Առաքելյանի պնդումներն ուսումնասիրելու համար դիմում էր ներկայացրել գլխավոր դատախազություն, իսկ այնտեղից գործն ուղարկվել էր ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, որտեղից էլ` Կենտրոնի բաժին:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ